Նյութը՝ Դավիթ Գրիգորյանից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 07-04-2017
Մեկնարկում է «Վերածնունդ» IX միջազգային մրցույթ-փառատոնը
2017 թ.-ի ապրիլի 12-ից մեկնարկում է «Վերածնունդ» IX միջազգային մրցույթ-փառատոնը, որն անցկացնում են ՀՀ մշակույթի նախարարությունը, Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճուղը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամը եւ «Վերածնունդ միջազգային մրցույթ փառատոն» ՀԿ-ն:

Ըստ ստացված հայտերի՝ մրցույթ-փառատոնին մասնակցելու են ավելի քան 3000 անհատ կատարողներ եւ համույթներ շուրջ 35 երկրներից, ՀՀ բոլոր մարզերից, ԼՂՀ-ից: 

Ժյուրիների կազմում ընդգրկված են 72 նշանավոր արվեստագետներ 14 երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Ավստրիայից, ՉԺՀ-ից, Իտալիայից, Արաբական Էմիրություններից եւ այլն: 

Իրականացված աշխատանքների արդյունքում «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը դարձել է ոչ միայն ՀՀ, այլեւ տարածաշրջանի եւ ԱՊՀ երկրների ամենասիրված, ամենամասսայական մշակութային իրադարձություններից մեկը, որը նպաստում է արվեստի գործիչների միջոցով երկրների միջեւ միջազգային մշակութային երկխոսության եւ ընդհանուր մշակութային տարածքի զարգացմանը, բարեկամական եւ ստեղծագործական կապերի ամրապնդմանը, հայ դասական երաժշտության քարոզչությանը: 

«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը, կրթական ու մշակութային նշանակությանը զուգընթաց, նաեւ կարեւոր կոչ է ուղղում աշխարհին՝ ոչ ասելու ահաբեկչություններին ու պատերազմներին, որոնք տակավին շարունակում են ալեկոծել մարդկային կյանքերը՝ պատճառ դառնալով անհամար կորուստների:

Ավանդական դարձած այս փառատոնի կազմակերպումը հատուկ արժեւորում է ստանում այս տարի, երբ նշվում է ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստանի, Ճապոնիայի, Իտալիայի եւ մի շարք այլ երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Սկսնակ եւ կայացած երաժիշտների համատեղ ելույթները հավաստելու են հայ ժողովրդի ստեղծարար ուժի անպարտելիության եւ համամարդկային արժեքներին ձգտելու հաստատակամության մասին: