Նյութը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Լուսանկարները՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 07-04-2017
Էմմա Պողոսովայի ձեռքբերումը լավագույնն է Հայաստանի սուսերամարտի պատմության մեջ
Պլովդիվում մարտի 29-ից ապրիլի 9-ն ընթացող սուսերամարտի աշխարհի պատանիների եւ երիտասարդական առաջնությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, խոցասուսերակիր Էմմա Պողոսովան (անձնական մարզիչ՝ Արտաշ Մադոյան) աղջիկների պայքարում գրավել է 5-րդ տեղը, ինչն անկախ Հայաստանի սուսերամարտի պատմության մեջ լավագույն ձեռքբերումն է:

Մրցումների խմբային փուլում տանելով 5 հաղթանակ` Էմմա Պողոսովան իրավունք է ստացել պայքարը շարունակելու հաջորդ՝ օլիմպիական մրցակարգով ընթացող փուլերում, որտեղ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Մեր մարզիկը հաջորդաբար հաղթել է Ավստրալիայի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի եւ Շվեյցարիայի ներկայացուցիչներին, սակայն հաջորդ՝ ութ ուժեղագույնների պայքարում զիջելով մրցակցուհուն՝ բավարարվել է 5-րդ տեղով: 

Առաջնությունում մեր երկիրը ներկայացնում են 6 մարզիկ՝ Արմեն Դալլաքյանը եւ Անահիտ Ալոյանը՝ պատանիների պայքարում, ինչպես նաեւ Էմմմա Պողոսովան, Մայքլ Հովհաննեսյանը, Էդուարդ Օվիկյանը եւ Ռազմիկ Վարդանյանը՝ երիտասարդների պայքարում: 

Նշենք, որ խոցասուսերակիրներ Էդուարդ Օվիկյանը եւ Ռազմիկ Վարդանյանն իրենց մրցելույթները սկսելու են այսօր՝ ապրիլի 7-ին: