Նյութը՝ Հովհաննես Վարդանյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 09-04-2017
Երիտասարդ գրողը հանդիպեց ընթերցողների հետ
Ապրիլի 8-ին «Բուկինիստ» գրախանութը «Գիրք` ինքնագրով» նախագծի շրջանակում կազմակերպել էր հանդիպում երիտասարդ գրող Էդգար Կոստանդյանի հետ:

Գրական քննարկումները դարձել են գրախանութների կարեւոր միջոցառումները: Դրանք առանցքային դերակատարություն ունեն ինչպես գրախանութների, այնպես էլ գրողների համար: Այն հիանալի հարթակ է՝ գրող-ընթերցող կապն ամրապնդելու, ինչպես նաեւ կարծիքներով փոխանակվելու համար: «Բուկինիստ» գրախանութը, առաջնորդվելով այս սկզբունքով, պարբերաբար կազմակերպում է նմանաբնույթ հանդիպումներ եւ գրքերի շնորհանդեսներ: Եվ ահա հերթական հյուրը երիտասարդ գրող Էդգար Կոստանդյանն էր, ում հետ հանդիպելու ցանկություն էին հայտնել ընթերցասերների մի զգալի հատված:

Գրախանութներում Էդգար Կոստանդյան գրողի անունը վերջին շրջանում դարձել է ամենապահանջվածը: Բանն այն է, որ նրա գրքերը Հայաստանում դասվում են ամենավաճառվող գրքերի ցանկում: Իսկ ահա «Որբանոցը» գիրքը վերահրատարակվել է հինգ անգամ, որի ընդհանուր տպաքանակը կազմում է շուրջ 11.000 օրինակ: Երիտասարդ գրողի ստեղծագործությունները տպագրվել են նաեւ ռուսերենով եւ անգլերենով: Նրա ստեղծագործություններով հետաքրքրված են նաեւ ֆրանսիական գրական գործակալությունները:

Միջազգային «Ինտերրայթ» եւ «Եվրոփեն» մրցույթների հաղթող Էդգար Կոստանդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում եւ Սփյուռքում մեծ աղմուկ հանած «Ներեցեք»  եւ «Որբանոց» վեպերը նրան բերել են մեծ հաջողություններ. «Ես հասցրել եմ գրել հինգ գիրք, որոնցից երեքը վեպ են: 100 պատմվածքներ էլ կան, որոնց ճակատագիրը դեռ անհայտ է (ժպտում է): Պատրաստում եմ նաեւ պատմվածքների ժողովածու, որն ամենայն հավանականությամբ մինչեւ տարեվերջ լույս կտեսնի: Նախատեսում եմ այդ ժողովածուում ներառել լավագույն 15-ը: Թե գիրքն ինչ անվանում կստանա, դեռ չեմ որոշել…»:

Շուրջ 12 տարի ստեղծագործող երիտասարդը գրում է բոլորի համար, որովհետեւ համոզված է, որ իր գրվածքներում յուրաքանչյուր ոք կգտնի իրեն: Գրախանութների վաճառքի ցուցանիշներն ուսումնասիրելիս հասկացել է, որ իր ընթերցողները հիմնականում երիտասարդներն են: Իր համար շատ կարեւոր են ընթերցողների կարծիքներն ու մեկնաբանությունները: Յուրաքանչյուր առողջ եւ տրամաբանական դիտարկում պարտադիր հաշվի է առնում, որովհետեւ դրանք ոչ միայն օգնում, այլեւ նպաստում են, որպեսզի հաջորդ ստեղծագործությունները գրվեն մեծ ոգեւորությամբ:

Էդգար Կոստանդյանը տեղեկացրեց նաեւ, որ ռուսական գրական գործակալություններից մեկն արդեն ձեռք է բերել իր «Կուկու» վեպի թարգմանության իրավունքը: Այն շուտով կհայտնվի ռուսական գրախանութներում:

Երիտասարդ գրողի գրքերը Հայաստանում տպագրվել են հեղինակային հրատարակմամբ: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ չի համագործակցում հայկական հրատարակչությունների հետ, Էդգար Կոստանդյանը պատասխանեց. «Ես չեմ ցանկանում նրանց հետ աշխատել, քանի որ իմ խորին համոզմամբ՝ նրանք շատ անճաշակ են: Ամեն կերպ փորձում եմ նրանցից հեռու մնալ (ժպտում է): Մեր իրականության մեջ դեռ չկա հրատարակչի ինստիտուտը: Մենք ունենք նաեւ գրական գործակալի խնդիր, բայց ես աշխատում եմ մի մարդու հետ, ով այդ կարծրատիպը կոտրել է: Հայկ Կոստանյանն ամեն կերպ օգնում եւ աջակցում է ինձ»:

Էդգար Կոստանդյանը մանրամասն ուսումնասիրել է նաեւ գրահրատարակչական ոլորտը, գրքերի տպագրման պոլիգրաֆիական առանձնահատկությունները եւ այլն: Այնուամենայնիվ կանգ է առել ընդունված ձեւաչափի վրա. գրքերը տպագրում է օֆսեթ տպագրությամբ թղթի վրա եւ սովորական կազմով: Փոխարենը նորամուծություն է համարում «Որբանոց» գրքի տառատեսակը, որը հատուկ ստեղծվել է այդ գրքի համար: Տառատեսակը հետագայում ստացել է հենց «Որբանոց» անվանումը: Գրողն այդ սկզբունքը կպահպանի նաեւ հաջորդ գրքերը տպագրելիս:

Տեղեկացնենք նաեւ, որ գրողի գրչին են պատկանում նաեւ մի շարք կինոնկարների սցենարներ եւ ներկայացումներ: Առաջին գիրքը («Անիմաստ վերադարձ») լույս է տեսել 2007 թ.-ին, երկրորդ՝ «Ներեցեք» վեպն ընթերցողի դատին է հանձնվել 2009 թ.ին եւ ունեցել է երեք հրատարակություն: Այն համարվում է Հայաստանում եւ Սփյուռքում ամենամեծ վաճառքն ապահոված գրքերից: 2011 թ.-ին ԱՄՆ-ում բեմադրվել է Կոստանդյանի «Անդունդ» ներկայացումը, որն իրականացվել է «Ապագա» հասարակական կազմակերպության ջանքերով:

Էդգար Կոստանդյանը հեղինակ է նաեւ հարյուրավոր հրապարակախոսական հոդվածների, ինչպես նաեւ չափածո գործերի, որոնցից շատերը, երգ դարձրած, կատարում են հայկական էստրադայի մի շարք ներկայացուցիչներ:

Պատկերասրահ՝ Հանդիպում-քննարկում Էդգար Կոստանդյանի հետ