Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 10-04-2017
ԵՄ երկրների ուսանողները Հայաստանում կիսվում են իրենց փորձով
Հայաստանի ամերիկյան համալսարանում ապրիլի 10-ին ESPAQ Tempus ծրագրի շրջանակում անցկացվեց ուսանողական աշխատաժողով:

Միջոցառման նախաձեռնող Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան իրադարձության շրջանակում մեր երկրում է հյուրընկալել Եվրամիության անդամ երկրների 16 ուսանողների, ովքեր աշխատաժողովի մասնակիցների հետ կկիսվեն իրենց երկրների փորձով: 

Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի միջազգային կապերի պատասխանատու Գոհար Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ աշխատաժողովը ESPAQ Tempus ծրագրի մաս է կազմում:

«Այս փուլը վերաբերում է ուսանողների միջեւ փորձի փոխանակմանն այն հարցի շուրջ, թե ինչպես է պետք իրականացնել նրանց ներգրավումը բարձրագույն կրթության որակի ապահովման գործընթացներում: Կարեւոր է թե՛ ներքին եւ թե՛ արտաքին որակի ապահովման գործընթացներում ուսանողների ներգրավումը»,- ասաց նա: 

ՀՈՒԱԱ ներկայացուցչի խոսքով՝ աշխատաժողովի ընթացքում նախատեսվում են պրակտիկ դասընթացներ, քննարկումներ: «Լիտվայի, Իռլանդիայի, Շոտլանդիայի եւ Լեհաստանի 16 ուսանողներ իրենց հմտություններով կիսվելու են հայ ուսանողների հետ: Մասնակցում է 40 հայ ուսանող»,- հավելեց Գոհար Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ հայ ուսանողները հայաստանյան տարբեր բուհերից են՝ Երեւանի պետական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Հայաստանի ամերիկյան, Հայկական պետական մանկավարժական եւ այլ համալսարաններից: Հայտ է ներկայացրել 60-70 ուսանող, բայց ընտրվել է 40-ը: 

«Աշխատաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ էր անգլերենի որոշակի իմացություն: Բացի դրանից՝ հաշվի է առնվել նաեւ մասնակիցների մոտիվացիան, թե ինչու են ցանկանում մասնակցել ծրագրին, ինչ են մտածում ուսանողների՝ որակի ապահովման գործընթացում ներգրավվման մասին»,- ընդգծեց Գոհար Հովհաննիսյանը: 

Կազմակերպիչների հավաստմամբ՝ միջոցառման մասնակից ուսանողների մի մասը հնարավորություն է ունենալու մեկնել այն երկրներ, որտեղից Հայաստան են եկել մասնակիցները՝ Լիտվա, Միացյալ Թագավորություն եւ Լեհաստան: «Այնտեղ հայ մասնակիցները կծանոթանան, թե ինչպես են որակի ապահովման կազմակերպություններն աշխատում ուսանողական միությունների հետ ու ինչպես են ապահովում ուսանողների ներգրավումն այդ գործընթացներում»,- հավելեց  Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի միջազգային կապերի պատասխանատուն:

Պատկերասրահ՝ ESPAQ Tempus-ի շրջանակում անցկացվեց ուսանողական աշխատաժողով