Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Գայանե Մելիքյանի
Տեղադրվել է 10-04-2017
Հայաստանում անցկացվող փառատոների նշանակությունը զբոսաշրջության ոլորտի զարգացման գործում
Այսօր՝ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում եւ պահպանում» ՀԿ-ի ղեկավար Սեդրակ Մամուլյանը, «Արենի փառատոն» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Նունե Մանուկյանը եւ «Արտֆեստ» երիտասարդական միջազգային փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը խոսեցին Հայաստանում անցկացվող փառատոների, այդ կերպ զբոսաշրջության եւ համայնքների տնտեսական ակտիվության խթանման, ինչպես նաեւ ընթացիկ տարում կայանալիք փառատոների մասին:

Բանախոսները միակարծիք էին այն առումով, որ անկասկած փառատոները կարեւոր հանգամանք են զբոսաշրջության զարգացման գործում: Սեդրակ Մամուլյանը փաստում է, որ վերջին 2-3 տարիներին զբոսաշրջության փաթեթներում ներառվել են նաեւ ներգնա տուրեր, ինչն առավել մեծացրել է հետաքրքրությունը փառատոների հանդեպ:

 «Պետք չէ մոռանալ այն հանգամանքը, որ փառատոները, որոնք անցկացվում են, ամենեւին նպատակ չունեն մեզ ներկայացնել, այսպես ասած, «շպարված», այլ մենք պետք է ներկայացնենք այն միջավայրը, որտեղ ապրում ենք եւ ներկայացնենք այնպես, ինչպես այն կա, քանի որ զբոսաշրջիկին հետաքրքրում է հենց մեր միջավայրը, կենցաղավարությունը, մեր դիմագիծը»,- նշեց Սեդրակ Մամուլյանը եւ հավելեց, որ ուրախալի է այն փաստը, որ համայնքների բնակիչները մեծ ոգեւորությամբ են սկսել պատրաստվել եւ մասնակցել փառատոներին, քանի որ նրանք այդպիսով ինքնադրսեւորվում են:

«Արտֆեստ» երիտասարդական միջազգային փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը եւս կարեւորեց փառատոներին ազգայինի վրա ուշադրություն դարձնելը: Նրա խոսքով՝ եթե ցանկանում ենք միջազգային ասպարեզում աչքի ընկնել, հիշվել, ապա պետք է ներկայացնենք մեր ազգայինը, իսկ ազգային խոհանոցով աշխարհին ներկայանալը պակաս կարեւոր չէ: Եվ ամենակարեւորը՝ փառատոների միջոցով վերանում է մայրաքաղաքի եւ մարզերի միջեւ առկա անջրպետը:

 ««Արտֆեստ» երիտասարդական միջազգային փառատոնի մասով նշեմ, որ չնայած այն ստեղծվել է 2013 թվականին, սակայն 2016-ից ներկայանում է որպես միջազգային մշակութային երիտասարդական հարթակ: Մշակութային ձեւաչափը մեզ համար 1 տարվա փորձառություն ունի: Այն երիտասարդական փառատոներից տարբերվում է, քանի որ ներառում է արվեստի 10-ից ավելի ճյուղեր: Շնորհիվ իր ձեւաչափի՝ այն մեծ հաջողություններ է գրանցել, ուստի հույս ունենք, որ այս տարի մասնակիցների թիվն ավելի շատ կլինի»,-նշեց Էրիկ Բարսեղյանը եւ հավելեց, որ այս տարի ժյուրիի անդամներ կլինեն նաեւ արտերկրից՝ Շվեդիայից, ԱՄՆ-ից, Տանզանիայից եւ այլ երկրներից: 

Բանախոսները միակարծիք էին նաեւ այն առումով, որ Հայաստանում անցկացվող փառատոների մասին ե՛ւ Հայաստանի, ե՛ւ արտերկրի բնակիչներին տեղեկացնելու հարցում կարեւոր է լուսաբանումը, սակայն՝ ճիշտ լուսաբանումը, քանի որ հրապարակված ցանկացած ոչ ճիշտ մեկնաբանություն հարեւան Ադրբեջանի կողմից օգտագործվում է մեր դեմ: 

Սեդրակ Մամուլյանն էլ փաստեց, որ Ադրբեջանը հիստերիայի մեջ է՝ կապված տոլմայի փառատոնի անցկացման հետ: Փառատոնը Հայաստանում անցկացվում է 2011 թվականից, սակայն 2016 թվականին Ադրբեջանի կողմից մեծ աղմուկ բարձրացվեց, ինչը փառատոնն այս եւ հետագա տարիներին անցկացնելու վտանգի առաջ է կանգնեցրել: Սեդրակ Մամուլյանի համար, սակայն, ցավալի է այն փաստը, որ փառատոնի անցկացմանը դեմ են հանդես գալիս հայկական կազմակերպություններ, որոնց թիվը 2-ն էր, իսկ վերջերս նաեւ ավելացել է եւս մեկը:

 «Մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի տոլմայի փառատոնը միշտ անցկացվի, թեկուզ՝ փոքր մասշտաբներով: Ադրբեջանի նման վարքագիծը զարմանալի չէ, բայց մեկ կարեւոր հանգամանք. տոլմայի փառատոնն առաջին անգամ հենց Հայաստանում է անցկացվել, եւ առանց որեւէ ֆինանսական միջամտության 2 օր շարունակ CNN-ի եթերում ցուցադրվել է փառատոնի մասին պատմող ռեպորտաժը»,- նշեց Սեդրակ Մամուլյանը:

Խոսելով ընթացիկ տարում անցկացվելիք փառատոների մասին՝ «Արենի փառատոն» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Նունե Մանուկյանն ասաց, որ դեռեւս փառատոների անցկացման ամբողջական ցանկ չկա, սակայն այն շուտով կհրապարակվի: 

«Առայժմ հստակ նախանշված են՝ «Երեւանյան գինու օրեր»՝ Սարյան փողոցում (մայիսի 5-6), ինչպես նաեւ հնարավոր է այլ փողոցներում եւս, սակայն կիզակետը կլինի Սարյան փողոցը, քանի որ այն հայտնի է որպես գինու փողոց: «Սյունյաց ավանդույթներ» փառատոնը, որն այս տարվա հուլիսին կանցկացվի Քարահունջ գյուղում, «Գաթայի» փառատոնը, որը սեպտեմբերի վերջին շաբաթ օրը կանցկացվի Խաչիկ գյուղում»,-նշեց Նունե Մանուկյանը:

Սեդրակ Մամուլյանը համալրեց փառատոների ցանկը՝ մատնանշելով «Տոլմայի տոն»-ը, որը կանցկացվի մայիսի 20-ին, սակայն տեղը դեռեւս հայտնի չէ, «Տոնախմության եւ կերակրատեսակների տոն»-ը, որը նախատեսված է հունիսի 10-ին անցկացնել «Թումո»-ի այգում, ինչպես նաեւ «Խորովածի փառատոնը», որն օգոստոսի 20-ին կանցկացվի Ախթալայում:

Այսպիսով՝ ընթացիկ տարում սպասվում են հետաքրքիր փառատոներ, որոնք եւս մեկ անգամ կարտացոլեն Հայաստանի առանձնացող մշակույթն ու ավանդույթները: