Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 12-04-2017
Հայաստան է գալիս Իվան Դորնը
Հայաստան է գալիս երգիչ, DJ, հաղորդավար, «Пара Нормальных» խմբի նախկին անդամ Իվան Դորնը: Հունիսի 3-ին Dalma Garden Mall-ում տեղի կունենա նրա բացօթյա մենահամերգը: Իրադարձության կազմակերպիչն է «Մեցցո Փրոդաքշնը»:

Eritasard.am-ին «Մեցցո Փրոդաքշն»-ից տեղեկացրին, որ միջոցառմանը հնչելու են Դորնի հայտնի ու սիրված ստեղծագործությունները, ինչպես նաեւ նոր երգեր: Երեկոյին մասնակցելու են նաեւ այլ DJ-ներ: Թեեւ համերգը բացօթյա է, սակայն մուտքը լինելու է տոմսերով: 

Իվան Դորն. ճանապարհ դեպի երաժշտական օլիմպոս 

Իվան Դորնը ծնվել է 1988 թվականի հոկտեմբերի 17-ին Չելյաբինսկում: 1990 թվականին հոր՝ Չեռնոբիլի ատոմակայանում աշխատանքի պատճառով տեղափոխվել են Սլավուտիչ։ Մինչեւ երկրորդ դասարանը կրել է հոր ազգանունը՝ Երյոմին։ Ավելի ուշ մոր՝ Լիդիա Դորնի առաջարկությամբ փոխել է ազգանունը, որովհետեւ նա չի ցանկացել, որ իր որդուն եւ նրա հորը, թեկուզ ձեւական, ինչ-որ բան կապի։ Երգել սկսել է դեռեւս դպրոցում։ Առաջին անգամ բեմ է դուրս եկել 6 տարեկան հասակում՝ «Սլավուտիչի ոսկե աշուն» փառատոնի ժամանակ։ Հետաքրքրական է, որ Իվանն ակտիվորեն զբաղվել է սպորտով, ունի սպորտային շատ կոչումներ։ 

Դորնը երաժշտական կրթություն է ստացել դաշնամուրի դասարանում, դարձել է մեծաքանակ երաժշտական մրցումների հաղթող, որոնց թվում են մոսկովյան «Վառի՛ր քո աստղը» («Зажги свою звезду»)՝ առաջին տեղ, «Ղրիմի մարգարիտ» («Жемчужина Крыма»)՝ հանդիսատեսի համակրանք, «Սեւծովյան խաղեր», 2001 թվական՝ առաջին տեղ, 2005 թվական՝ երկրորդ տեղ, «Յուրմալա 2008»:

«Пара Нормальных» խումբն ու Իվան Դորնը 

2007 թվականին՝ Jamiroquai-ի համերգի ժամանակ, Իվան Դորնը ծանոթանում է իր ապագա գործընկեր Անյա Դոբրիդնեւնայի հետ, որի հետ էլ հետագայում ձեւավորում է «Пара Нормальных» դուետը: Դուետը շատ արագ ճանաչում է ձեռք բերում։ 2008 թվականի հոկտեմբերի 4-ին խումբը թողարկում է դեբյուտային «Ես կմտածեմ happy end» ալբոմը, որը շատ սիրված դարձավ։ 2010 թվականի ամռանը Իվան Դորնը լքում է խումբը, իսկ նրա տեղը գրավում է Արտյոմ Մեխը։

Անհատական գործունեություն

2010 թվականին Իվան Դորնը սկսում է սոլո կարիերան՝ թողարկելով իր երգերը, որոնցից են «Стыцамэн», «Бигуди», «Северное сияние», «Тем более» եւ այլն։ Apollo Monkeys-ի հետ նա թողարկել է «Կապույտով, դեղինով, կարմիրով» («Синими, жёлтыми, красными») երգը։

2012 թվականին տեղի ունեցավ «Co'N'Dorn» ալբոմի պաշտոնական շնորհանդեսը։ Նույն տարվա աշնանը Իվան Դորնը Իրինա Շեյքի հետ ձայնագրել է Ю հեռուստաալիքով հեռարձակվող «Топ-модель по-русски»-ի սաունդթրեքը՝ որպես հիմք ընդունելով իր հին «Бигуди» երգի կրկներգը:

2017-ին լույս է տեսել նրա համերգային «Jazzy Funky Dorn» ալբոմը: 

Հետաքրքիր փաստեր 

Մասնակցել է ռուսական «Աստղերի ֆաբրիկա»-ին եւ հայտնվել լավագույն 20-յակի մեջ։

Վասիլիսա Ֆրոլովայի հետ հաղթել է ուկրաինական «Зірка+Зірка» հեռուստաշոուում:

2012 թվականի օգոստոսին Դորնաբանդան սկսեց Co'n'dorn TV-ի հեռարձակումը։

«Coca-Cola» ընկերության համար ձայնագրել է «Տոներն են մոտենում» («Праздник к нам приходит») երգը:

2014 թվականին դարձել է ուկրաինական «Х-Фактор»-ի հինգերորդ եթերաշրջանի ժյուրիի անդամ՝ փոխարինելով ռեփեր Սերյոգային:

2016 թ. դարձել է ուկրաինական «Երկրի ձայնը» շոուի քոուչ: