Նյութը՝ «SPRING PR» ընկերության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 12-04-2017
«Լինե՛նք հոգատար Հայաստան» նախագիծն արժանացել է միջազգային մրցանակին
2017 թվականի մարտի 14-ին՝ Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում կայացած «Ապագայի Հաղորդակցություններ Դավոս (C4F Davos) 2017» հեղինակավոր մրցանակաբաշխության ժամանակ, SPRING PR-ընկերությունն արժանացել է «Ապագայի Պրո Բոնո» (pro bono = for the public good) անվանակարգի մրցանակին, որը շնորհվում է ոչ կոմերցիոն հաղորդակցությունների եւ բարեգործական նախագծերի իրականացման ոլորտում բացառիկ արդյունքներ գրանցած կազմակերպությանը:

Մրցանակաբաշխության Անհատական կատեգորիաների հանձնաժողովի նախագահը «BBDO» ընկերության (Ավստրիա) տնօրեն Ալֆրեդ Կոբլինգերն էր, իսկ Կորպորատիվ կատեգորիաների նախագահը՝  «YARNU» ընկերության (Հորդանան) հիմնադիր-տնօրեն Ռանա Նեջեմը:

«Ապագայի Հաղորդակցություններ Դավոս (C4F)» միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 2010 թվականին: Մրցանակաբաշխությունն ունի 3 բաժին՝ Անհատական, Կորպորատիվ եւ Սթարթ-ափ՝ 23 կատեգորիաներում: 2017 թվականին կազմակերպիչները 23 կատեգորիաներում ստացել են 86 դիմում-հայտ 30 երկրներից: Դավոս C4F հեղինակավոր մրցանակը տրվում է բարձր պրոֆեսիոնալիզմ եւ հաղորդակցությունների դաշտում ուշագրավ գործունեություն ծավալող կազմակերպություններին եւ անհատներին, ովքեր իրենց հաղորդակցություններում ստեղծագործական մոտեցում են դրսեւորում եւ ներկայանում ապագայի յուրահատուկ տեսլականով: 

«SPRING PR» ընկերությունը «Ապագայի Հաղորդակցություններ Դավոս (C4F) 2017» մրցանակաբաշխությանը ներկայացված էր իր սոցիալական պատասխանատվության «Լինե՛նք հոգատար Հայաստան» նախագծով: 

«Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին: «Դավոս C4F 2017» գալա միջոցառմանը մենք հյուրընկալել էինք բազմաթիվ տաղանդավոր մասնագետների 30 երկրներից չափազանց հետաքրքիր արշավների օրինակներով: Հրաշալի զգացողություն է, երբ ոլորտի պրոֆեսիոնալները մեկ հարթակում հնարավորություն ունեն միջմշակութային հաղորդակցությունների ընդհանուր սեղանի շուրջ կիսելու իրենց երկրի լավագույն փորձը: Վստահ եմ, որ «Դավոս C4F 2018» մրցանակաբաշխությունն ավելի մեծամասշտաբ է լինելու եւ շարունակելու է աշխարհի տարբեր ծայրերում ոգեւորել հաղորդակցությունների ոլորտի պրոֆեսիոնալներին»,- նշել է C4F մրցանակաբաշխության հիմնադիր-տնօրեն Յանինա Դուբեյկովսկայան: 

Իր շնորհակալական խոսքում մրցանակակիր «SPRING PR» ընկերության համահիմնադիր, «Լինե՛նք հոգատար Հայաստան» նախագծի ղեկավար Տաթեւիկ Սիմոնյանն էլ նշել է. «Երբ մշակում էինք ընկերության սոցիալական պատասխանատվության հայեցակարգը, հիմքում տեսնում էինք նախագիծ, որը մեր թիմին հնարավորություն կտար կազմակերպության գործունեությամբ հնչեղություն տալ մեր երկրի համար կարեւոր հիմնախնդիրներին եւ հասարակությանը հոգատար լինելու կոչ անել. արդյունքում ծնվեց մեր «Լինե՛նք հոգատար Հայաստանը»: Մեզ համար «Ապագայի Հաղորդակցություններ Դավոս 2017» մրցանակը շատ կարեւոր է, քանի որ մեր գաղափարը գնահատվեց ոչ միայն մեր երկրի այլ հաղորդակցությունների միջազգային հեղինակավոր հանրույթի կողմից: Իհարկե մենք չէինք հաջողի, եթե մեր գաղափարի իրականացման ճանապարհին չլինեին մեր գործընկերները՝ պետական, հասարակական, միջազգային կառույցները, ոլորտի փորձագետներն ու իհարկե մեր լրատվամիջոցներն ու լրագրող ընկերները: Այս մրցանակը նաեւ նրանցն է»:

Հավելենք, որ «Լինե՛նք հոգատար Հայաստան» նախագիծը նպատակ ունի հասարակության ուշադրությունը սեւեռել այն խնդիրներին, որոնք կենսական եւ ռազմավարական նշանակություն ունեն մեր երկրի զարգացման գործում, ընդգծել հասարակության յուրաքանչյուր անդամի դերը այդ հիմնախնդիրների լուծման առումով, բարձրացնել քաղաքացիական եւ կորպորատիվ պատասխանատվության ու հոգատարության մակարդակը: