Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 12-04-2017
Աշխարհի ամենահայտնի 10 պարբերականները
Հասարակության տեղեկացվածության հիմնական աղբյուրները դարի հետ համահունչ շարունակում են ավելանալ, սակայն կան տեղեկատվության ստացման միջոցներ, որոնք երբեք իրենց դիրքերը չեն զիջում: Խոսքը պարբերականների մասին է:

Ստորեւ ներկայացնում ենք ամենահեղինակավոր 10 պարբերականները:

«Guardian»



Բրիտանիայում հրատարակվող թերթ, որը նախկինում կոչվել է «Manchester Guardian»: Այն հրատարակվում է 1921 թվականից: Հանդիսանում է «Guardian Media Group»-ի մի մասը, որը հիմա պատկանում է «Scott Trust Limited»-ին: Նշենք, որ այն ներառում է նաեւ դուստր նախագծեր՝ «Guardian Weekly» եւ «Observer», ինչպես նաեւ համացանցային Theguardian.com-ը եւ եւս 2 կայք: «Guardian» պարբերականի անունը կարելի է տեսնել նաեւ մի շարք հեղինակավոր միջոցառումներում՝ որպես հովանավոր: 

«The Wall Street Journal» 



Անգլերենով տպագրվող այս պարբերականը հրատարակվում է Նյու Յորքում: Նորությունների կիզակետում բիզնես ոլորտի, ինչպես նաեւ միջազգային նորություններն են: 1880-ականների սկզբում այն կրել է «Dow Jones & Company» անունը եւ շաբաթը 6 օր թողարկվել՝ կարճ նորությունների տեսքով: Սակայն ավելի ուշ Չարլզ Դոուն եւ Էդվարդ Ջոնսն այն անվանափոխեցին «Wall Street Journal»: Այս անվամբ պարբերականը սկսեց հրատարակվել 1889 թվականի հուլիսի 8-ից: «The Wall Street Journal» պարբերականը համարվում է ամենաշատ տպագրվողն ու վաճառվողը Միացյալ Նահանգներում՝ մոտ 4 միլիոն օրինակ: Պարբերականի համացանցային տարբերակը սկսել է գործել 1996 թվականից, իսկ արդեն 2007 թվականին՝ հետեւորդների քանակով սահմանել է ռեկորդ:

«New York Times»



Այս պարբերականը, որը պատկանել է «New York Times Company»-ին,  1851 թվականից հրատարակվում է Նյու Յորքում: Այն կարճ ժամանակահատվածում դարձել է ամենաընթերցվողներից մեկը, ինչում մեծ դեր է կատարել նաեւ որդեգրած «Բոլոր նորություններն արժանի են տպագրվելու» նշանաբանը: Ներկա պահին այն ունի մի շարք բաժիններ՝ Նորություններ, Նյու Յորք, Կարծիքներ, Սպորտ, Բիզնես, Մշակույթ, Գիտություն, Ոճ, Ճանապարհորդություն եւ այլն: «New York Times» պարբերականն իր վաճառքով զիջում է միայն «Wall Street Journal»-ին: 

«Washington Post»



Այս պարբերականն առաջին անգամ լույս է տեսել 1877 թվականի դեկտեմբեր 6-ին Վաշինգթոնում: «Washington Post» նորությունների կիզակետում ազգային քաղաքականությունն է: Այն որոշակի քանակով տարածվում է նաեւ Կոլումբիայում, Վիրջինիայում ու Մերիլենդում: Հիմնադիրներն այն 250 մլն դոլարով վաճառել են Ջեֆ Բեզոսին: Ներկա պահին այն պատկանում է «Nash Holdings LLC» ընկերությանը, որի հիմնադիրը հենց Ջեֆ Բեզոսն է: 

«China Daily»



Չնայած իր անվանն ու այն հանգամանքին, որ 1981 թվականից այն տպագրվում է Չինաստանում, անգլերենով է: Այս պարբերականը ամենավաճառվողներից մեկն է Չինաստանում, ինչպես նաեւ Վաշինգթոնում, Նյու Յորքում, Լոնդոնում: Դուստր տպագրատներ կան նաեւ Հոնկոնգում, ԱՄՆ-ում եւ եվրոպական մի շարք երկրներում: Այս պարբերականն առանձնանում է իր լիբերալ քաղաքականությամբ: Համացանցային տարբերակը թողարկվել է 1995 թվականին՝ հասանելի լինելով 3 լեզվով՝ անգլերեն, ֆրանսերեն եւ չինարեն: Ի դեպ, այն առաջին խոշոր օն-լայն պարբերականն է Չինաստանում: 

«Times of India»



Այս պարբերականը եւս տպագրվում է անգլերենով եւ համարվում Հնդկաստանում ամենահին, ամենահայտնի եւ ամենավաճառվողը:  «Times of India» պարբերականի մասին իր տեսակետն է հայտնել նաեւ BBC-ն՝ հայտարարելով, որ այն իսկապես լավագույններից է եւ անգամ 6 լավագույններից մեկն աշխարհում: 

«The Sydney Morning Herald»



«Sydney Morning Herald» պարբերականը, որը նախկինում կոչվել է «Sydney Herald» եւ պատկանել Սիդնեյի խոշորագույն «Fairfax Media» ընկերությանը, 1831 թվականից տպագրվում է անգլերենով: Այն առանձնանում է նրանով, որ ամենահինն է Ավստրալիայում տպագրվող պարբերականների ցանկում: Շաբաթը 6 օր հանրությունը կարողանում է իրազեկվել տեղի ունեցող իրադարձությունների մասին: 

«Asahi Shimbun»



«Asahi Shimbun»-ը համարվում է Ճապոնիայի ազգային պարբերականը: Երբ այն ղեկավարում էր Շին-իչի Հակոսիման, պարբերականը հրատարակվում էր անգլերենով՝ «International Herald Tribune» հետ համագործակցելով: Այդ համագործակցությունը սկսվել է 2001-ից, սակայն որոշ խնդիրների պատճառով 2011-ին ընդհատվել է: Ճապոնիայում այն համարվում է հին պարբերականներից, որի առաջին համարը լույս է տեսել 1879 թվականի հունվարին: Առանձնանում է իր 4 թերթով եւ մանր տառաչափով: 

«Dawn»



Տասնյակում է նաեւ պակիստանյան «Dawn» պարբերականը, որը պատկանում է «Pakistan Herald Publications»-ին, որը ղեկավարում է նաեւ «Herald» եւ «Spider» խմբագրությունները: Պարբերականը խմբագրություններ ունի նաեւ արտերկրում: Հիմնադրվել է 1941 թվականի հոկտեմբերի 26-ին, սակայն հրատարակվում է 1942 թվականի հոկտեմբերի 12-ից: Այն ունեցել է նաեւ հեռուստատեսային տարբերակ, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով դադարեցրել է գործունեությունը: Պարբերականում նորություններ են տպագրվում  «Los Angeles Times», «Washington Post», «Guardian», «Independent» եւ այլ հեղինակավոր պարբերականներից:  

«Zaman»



«Zaman»-ը թերեւս ամենահայտնի պարբերականներից մեկն է, որը Թուրքիայում տպագրվում է անգլերենով: Հիմնադրվել է 1986 թվականին, իսկ 1995 թվականին Թուրքիայում դարձել առաջին օն-լայն պարբերականը: Խմբագրությունը գտնվում է Ստամբուլում: Նրանում տեղ են գտնում ազգային, միջազգային իրադարձային հոդվածներ: Պարբերականը թղթակիցներ ունի մի շարք երկրներում՝ Վաշինգթոնում, Մոսկվայում, Ֆրանկֆուրտում, Նյու Յորքում, Բրյուսելում, Կահիրեում, Աշխաբադում, Բուխարեստում, Տաշքենդում: