Նյութը՝ www.artfest.am-ի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 13-04-2017
Տանզանիացի մոդել-դիզայները` «Արտֆեստի» ժյուրիի անդամ
Մոդել-դիզայներ Բեբիմերի Սթրոմբերգն այս տարի լինելու է «Արտֆեստի» հագուստի մոդելավորման բաժնի ժյուրիի կազմում՝ փառատոնային օրերին գտնվելով Հայաստանում:

Բեբիմերի Սթրոմբերգը ծնվել է Տանզանիայում` դիվանագետի ընտանիքում: Սերում է տանզանիական ամենամեծ Սուկումա տոհմից եւ իր կարգավիճակը թույլ է տալիս դառնալու այդ տոհմի թագուհին:

Բարձրագույն կրթություն Բեբիմերին ստացել է Մեծ Բրիտանիայում, այնուհետեւ վերադարձել Տանզանիա, որտեղ էլ հանդիպել է ապագա ամուսնուն: Ի դեպ, վերջինս շվեդական աշխարհահռչակ «ABBA» խմբի անդամ Բեննի Անդերսոնի որդին է:

Մասնագիտությամբ դիզայներ Բեբիմերի Սթրոմբերգը որոշ ժամանակ զբաղվել է նաեւ հոգեւոր երգարվեստով («Gospel» ժանրում), այժմ նկարահանվում է տարբեր ամսագրերի համար, պատրաստվում է մասնագիտական գրքի հրատարակման:

«Ինձ համար մեծ պատիվ է «Արտֆեստի»՝ այդ հիանալի միջոցառման մի մասնիկը դառնալը: Արվեստը գեղեցիկի մշակույթն է, որը մենք պետք է հարգենք, սկսենք ավելի գնահատել եւ սիրով ընդունել: Անհամբեր սպասում եմ այն պահին, երբ կայցելեմ ձեր գեղեցիկ քաղաք Երեւան եւ կհանդիպեմ նոր, երիտասարդ ու տաղանդավոր արվեստագետների, հագուստի մոդելավորողների եւ այլ մասնագետների հետ: Սա նոր բացահայտումների, գործնական սեմինարների եւ գործարար կապեր հաստատելու հիանալի հնարավորություն է: «Արտֆեստին» մաղթում եմ ամենայն բարիք»,- ասված է դիզայների` «Արտֆեստին» հղած ուղերձում: