Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 13-04-2017
Գերմանիայի եվրատեսիլյան պատվիրակ. «Հայաստանը հիանալի եւ հյուրընկալ երկիր է»
«Եվրատեսիլ-2017» երգի մրցույթում Գերմանիան ներկայացնող «Levina Music»-ը եվրատեսիլյան փրոմո-արշավի շրջանակում ժամանել է Հայաստան:

Լեւինան հայ երկրպագուների կողմից սիրվել է ոչ միայն եվրատեսիլյան իր «Perfect Life»  երգի, այլեւ հայաստանյան պատվիրակ Արծվիկի կազմակերպած եվրատեսիլյան «challenge»-ի ժամանակ կատարած՝ Կոմիտասի «Կաքավիկ» երգի շնորհիվ:

Երկրպագուների հետ հանդիպումը երկար սպասեցնել չտվեց: Այսօր «OGAE Armenia»-ն (Հայաստանում «Եվրատեսիլ»-ի պաշտոնական ֆան ակումբ) եւ «The LOFT»-ը հանդիպում էին կազմակերպել «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող «Levina Music»-ի հետ: 

«Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում տիրում էր բարձր տրամադրություն: Հանդիպման ընթացքում երկրպագուները իրենց հարցերը հղեցին Լեւինային, լուսանկարվեցին նրա հետ եւ իհարկե վայելեցին նրա կենդանի կատարումը: 

Իր մասին պատմելով՝ Լեւինան նշեց, որ երաժշտությունն իր համար այլ աշխարհ է, հաճելի աշխարհ, որտեղ հայտնվել է փոքրուց, քանի որ շատ է սիրել երգել:

Հայաստանի մասին խոսելիս նա նշեց• «Հայաստանը շատ հիանալի եւ հյուրընկալ երկիր է, եւ ես շատ ուրախ եմ, որ հիմա Հայաստանում եմ»:

Նրա խոսքով՝ Լոնդոնում հայ ընկեր ունի, ում հետ շատ մտերիմ է, եւ վերջինս շատ ուրախ է եղել, որ ինքն այցելելու է Հայաստան:

Այն հարցին, թե արդյոք ըմպել է հայկական կոնյակ, Լեւինան նշեց, որ չի ըմպել, սակայն շատ է լսել, որ հայկական կոնյակը հիանալի է: Եթե բախտ վիճակվի, ապա անպայման կփորձի: 

Իսկ այն հարցին, թե արդյոք կցանկանա հայ ամուսին ունենալ, Գերմանիայի եվրատեսիլյան ներկայացուցիչը մի պահ մտածեց, ապա ժպտալով պատասխանեց. «Անկեղծ ասած, երբեւէ չեմ մտածել այդ մասին... Սակայն եթե ինձ այդ հարցը տաք 10 կամ 20 տարի հետո, գուցե պատասխանեմ»:

Հանդիպման ժամանակ ոչ միայն Լեւինան ելույթ ունեցավ, այլեւ «Ալտերնատիվ» խումբը: Երգչուհուն նաեւ մի շարք անակնկալներ մատուցվեցին: 

Հիշեցնենք, որ այս տարի մրցույթը կանցկացվի Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում: Առաջին կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 9-ին, 2-րդը՝ մայիսի 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 13-ին: «Եվրատեսիլ-2017»-ին կմասնակցի 43 պետություն: Նշենք նաեւ, որ հայաստանյան պատվիրակ Արծվիկ Հարությունյանը 16-րդ համարի ներքո ելույթ կունենա 1-ին կիսաեզրափակչում:

Պատկերասրահ՝ «Levina Music»-ը Հայաստանում է