Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 15-04-2017
Անակնկալ հանդիպում-դասախոսություն Նատալի Գոնչար-Խանջյանի մատուցմամբ
«Գրադարան» մշակութային նախաձեռնությամբ «Նարեկացի» արվեստի միությունում կայացավ անակնկալ հանդիպում-դասախոսություն, որը նվիրված էր ժամանակակից իրականության արդիական խնդիրներին՝ արտացոլված աշխարհահռչակ դրամատուրգ Հենրիկ Իբսենի դրամաներում:

«Գրադարան»-ի հրավերով հանդիպումը վարեց Երեւանի պետական համալսարանի եւ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, գրականագետ, հոգեբան Նատալի Գոնչար-Խանջյանը:

Դասախոսությունն ընթանում էր ջերմ, անկեղծ եւ անմիջական մթնոլորտում: Թեմայի ընտրությունը կատարվել էր հենց երիտասարդների կողմից: 



Հենրիկ Իբսենը 19-րդ դարի նորվեգացի խոշոր դրամատուրգ, եվրոպական «նոր դրամայի» հիմնադիր, բանաստեղծ եւ հրապարակախոս է։ Նրան նաեւ անվանում են «ռեալիզմի հայր»: Նրա որոշ դրամաներ շատերը սկանդալային էին համարում, որովհետեւ եվրոպական թատրոնը պետք է խստորեն հետեւեր ընտանիքի բարոյական նկարագրին եւ պատշաճությանը։ Իբսենի գործերն արտահայտում եւ բացահայտում էին թաքնված շատ ճշմարտություններ, որոնք էլ անհանգստացնում էին նրա ժամանակակիցներին։ Դրանք քննադատական հայացք ունեին՝ ուղղված կյանքի պայմաններին ու բարոյականության խնդիրներին։ Չնայած այդ փաստին՝ չափածո դրամա «Պեր Գյունտ»-ը պարունակում է որոշ սյուրռեալիստական տարրեր։



Ինչպես նշեց բանախոսը, Իբսենի անունը լսելիս իրավմամբ առաջին հերթին մարդու մտքին գալիս է հենց Նորվեգիայի հյուսիսը եւ առհասարակ Նորվեգիան՝ իր լեռներով եւ հրաշալի բնությամբ, որը մարդիկ պահում են: Համեմատական անցկացնելով Հայաստանի բնության հետ՝ բանախոսը նշեց, որ մենք ամեն բան հակառակն ենք իրականացնում:



«Այո՛, մենք հայրենասեր ենք, քանի որ մինչեւ հիմա ապրում ենք, չենք հեռացել, սակայն մենք պետք է կարողանանք նաեւ պահպանել այն, ինչ ունենք, իսկ մենք հրաշալի բնություն ունենք: Մենք պետք նաեւ մեծ հավատ ունենանք առաջ գնալու, պետք է հավատանք այն հրաշքների հրաշքին, որը հենց իբսենյան դրամաների առանցքն է»,- նշեց Նատալի Գոնչար-Խանջյանը եւ հավելեց, որ 21-րդ դարում շատ արժեքներ են փոխվել, եւ մենք ձգտում ենք պահպանել հինը, սակայն երբեմն որոշ կարծրատիպեր խանգարում են առաջ շարժվելուն:

Ըստ բանախոսի՝ մարդիկ առավել շատ պետք է իրենց ներքին աշխարհը զարգացնեն, քանի որ պետք է ունենալ պատկերավոր ներաշխարհ, իսկ այդ գործում, անխոս, օգնում է ընթերցանությունը: 



«Մենք տարբեր տարիքում տարբեր նախընտրություններ ունենք՝ գրքերի հետ կապված, ինչպես նաեւ ունենք մեր պատկերացումներն այն գրքերի մասին, որոնց հիման վրա ֆիլմեր են նկարահանվում, իսկ դա բնական է»,- փաստեց բանախոսը:

Իբսենի հայտնի պիեսներից են՝ «Բրանդ», «Պեր Գյունտ», «Կեսարը եւ գալիլեացին», «Տիկնիկների տուն», «Ժողովրդի թշնամին», «Վայրի բադը», «Կինը ծովից», «Հեդդա Գաբլեր», «Սոլնես շինարարը» եւ այլն։ Ուիլյամ Շեքսպիրից հետո Իբսենն իրավմամբ համարվում է ամենաշատ բեմադրված դրամատուրգն աշխարհում, իսկ «Տիկնիկների տուն» դրաման դարձել է ամենաշատ բեմադրված թատերգությունն արդեն 20-րդ դարասկզբին: Նրա դրամաները շարունակում են ազդեցություն ունենալ ժամանակակից մշակույթի եւ ֆիլմարտադրության վրա: Դրա վառ օրինակներն են «Տիկնիկների տուն» եւ «Սոլնես շինարարը» դրամաների էկրանավորումները։