Նյութը՝ ՎՎՀ Իջեւանի տարածքային ծրագրի գրասենյակից
Լուսանկարները՝ ՎՎՀ Իջեւանի տարածքային ծրագրի գրասենյակից
Տեղադրվել է 16-04-2017
Բերդ համայնքը նոր գույների մեջ
Տավուշի մարզի Բերդ համայնքի ԻՄՓԱՔԹ Պոզիտիվ ակումբի շաբաթական հանդիպումների ընթացքում երեխաները ոչ ֆորմալ կրթական մոդուլների օգնությամբ ստանում են գիտելիք եւ կարողություններ առաջնորդության, աշխատունակության, ակտիվ քաղաքացիության եւ այլ ասպարեզներում:

«Աշխատունակություն» մոդուլն ուսանելուց հետո ակումբականները եւ ակումբի առաջնորդ Լիանա Տերզիկյանը  մշակեցին երկրորդ համայնքային ծրագիրը՝ «Գունագեղ Բերդ» անվամբ, որի նպատակն էր համայնքի զբոսայգու հենապատերը զարդարել տարբեր բնույթի գեղեցիկ պատկերներով (սթրիթ արտ): 

Ներկայացնելով ծրագիրը՝ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի հետ ակումբը ձեռնամուխ եղավ նախագծի իրականացմանը: Երեխաներին աջակցեց նաեւ համայնքի տաղանդավոր նկարիչ Ավետ Արզումանյանը, ով մի քանի օրերի ընթացքում երեխաների հետ նկարազարդման վայրերը դարձրին գրավիչ ու գեղեցիկ: Երեխաները բավականին ոգեւորված էին ծրագրի իրականացման օրերին, քանի որ իրենց՝ սիրելի համայնքում ինչ-որ գեղեցիկ հետք թողնելու մտահղացումը կյանքի կոչվեց եւ գերազանցեց սպասելիքները: Սա շատ էական նշանակություն ունի ակումբի համար, որովհետեւ աշխատելով որպես թիմ՝ համոզվում են, որ միասին գործելու դեպքում արդյունքի կհասնեն, իսկ դա մղում է նոր գաղափարների իրականացմանը: 

Ակումբի անդամ Աննան, կատարված աշխատանքով ոգեւորված,  նշում է. «Ծրագիրն ուղղակի գերազանց է։ Արդյունքները ապշեցնում են ե՛ւ մեզ, ե՛ւ դիտորդին։ Սկզբում տրամադրվածություն չկար, բայց ծրագրի իրականացման  ընթացքում բոլորս ոգեւորվեցինք։ Այդ 5 օրն անցավ շատ արագ եւ ուրախ, որի համար շնորհակալություն ենք հայտնում Ավետ Արզումանյանին, մեր առաջնորդ Լիանա Տերզիկյանին, «Վորլդ Վիժն» կազմակերպությանը՝ աջակցության համար։ Նման բան մեր տարածաշրջանում դեռեւս չէր եղել»: 

Մասնակիցներից Մոնիկան էլ շատ էր սպասել նախագծի իրականացմանը. «Իրագործեցինք ծրագիր, որն արժանացավ քաղաքացիների հավանությանը եւ գեղեցկացրեց Բերդի մանկական զբոսայգին: Երկար էի սպասել նման ծրագրին: Այն լավ անդրադարձ կունենա համայնքի համար: Այս 5 օրերի ընթացքում հոգնում էինք, սակայն ընկերական ջերմ մթնոլորտում աշխատելը նոր էներգիա էր հաղորդում»:

ԻՄՓԱՔԹ  ծրագիրը միավորում է զվարճանքը, ուսուցումը եւ համայնքային ծառայությունը, նաեւ խրախուսում է երիտասարդներին` նրանց տրամադրելով սոցիալական, քաղաքական եւ տնտեսական կյանքում մասնակցելու անհրաժեշտ ունակություններ եւ կարողություններ: