Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 16-04-2017
10 կինոդեր. Ջոնի Դեփ
«Կարիբյան ծովի ծովահենները», «Չառլին եւ շոկոլադի գործարանը», «Ալիսան հրաշքների աշխարհում», «Մկրատաձեռն Էդվարդը»… Զարմանալի է, բայց՝ փաստ. նշված եւ բազմաթիվ այլ հանրահայտ ֆիլմերում նկարահանված հոլիվուդյան այս դերասանը երբեք չի արժանացել «Օսկարի», թեեւ որոշ դերերի համար Ջոնի Դեփին իսկապես արժեր հանձնել այդ բաղձալի մրցանակը:



Ու չնայած այդ փաստին՝ դերասանը վստահ է` կարեւորը հանդիսատեսի սերն է. սեր, որը նա վայելում է արդեն տարիներ շարունակ: Eritasard.am-ն առանձնացրել է Դեփի՝ տարբերվող ու ինքնատիպ 10 դերերը եւ իր ընթերցողներին առաջարկում է դիտել այդ կինոնկարներն ու եւս մեկ անգամ հիանալ դերասանի բազմակողմանի տաղանդով:


«Կարիբյան ծովի ծովահեններ»



Ջոնի Դեփի կերտած լավագույն ու տարբերվող կերպարների 10-յակն անհնար է չսկսել «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմում նրա կերտած Ջեք Ճնճղուկով: Բավականին հետաքրքիր, հակասական ու կոլորիտային կերպար է ծովահեն Ջեքը. միայն նրա հագուկապն ու կատակները բավական են, որ առաջին իսկ հայացքից գերվեք նրանով: Դեփի այս դերը դուր է եկել ոչ միայն հանդիսատեսին, այլեւ արժանացել է քննադատների բարձր գնահատականին:

4 մասանոց կինոպատումը շատերին է հայտնի, քանի որ այն հավաքել է միլիարդավոր լսարաններ: Կինոպատման 5-րդ մասն էլ էկրաններին կհայտնվի այս տարի: 


«Չառլին եւ շոկոլադի գործարանը»



Ֆիլմի գլխավոր հերոսը Չառլի Բակետն է՝ աղքատ ընտանիքից մի տղա, ով փոքրիկ տնակում ապրում է ծնողների, երկու պապիկների եւ երկու տատիկների հետ, ովքեր գամված են անկողնուն։ Չառլիի հայրիկին, ով աշխատում է ատամի մածուկի գործարանում, հեռացնում են աշխատանքից, եւ ընտանիքը հայտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Նույն քաղաքում է գտնվում Վիլլի Վոնկայի շոկոլադի գործարանը, որտեղ նախկինում աշխատել է Չառլիի պապիկը՝ Ջո Բակետը։ Երբ մրցակիցները գողանում են Վիլլի Վոնկայի շոկոլադի գաղտնիքը, նա աշխատանքից հեռացնում է բոլոր աշխատակիցներին։

Հենց այդ էքսցենտրիկ հերոսին՝ շոկոլադե հանճարին է մարմնավորում Ջոնի Դեփը: Սակայն ամեն ինչ չէ, որ պարզ է այս հերոսի կյանքում: 


«Մկրատաձեռն Էդվարդը»



Ֆիլմն արհեստական մարդու մասին է, ով մնացել էր անավարտ՝ ձեռքերի փոխարեն ունենալով մկրատներ։ Նա «որդեգրվում է» արվարձանում ապրող մի ընտանիքի կողմից, որտեղ սիրահարվում է նրանց դեռատի աղջկան։ Եվս մեկ հետաքրքիր կերպար ու եւս մեկ դիտարժան ֆիլմ Ջոնի Դեփի մասնակցությամբ: 


«Ալիսան հրաշքների աշխարհում»



Այս հեքիաթին ծանոթ են բոլոր մանուկները: Ի դեպ, «Ալիսը հրաշքների աշխարհում» գիրքը կինոյի պատմության մեջ ամենաշատ էկրանավորված ստեղծագործություններից է։ Անգլիացի մաթեմատիկոս եւ գրող Լուիս Քերոլի գրքի այս էկրանավորման մեջ Ջոնին մարմնավորում է Անխելք գլխարկագործին: Հերոս, ով դրսեւորում է տարօրինակ պահվածք, բայց բավականին բարեսիրտ է: 


«Կոկաին» 



2001 թվականին Դեփը խաղաց «Կոկաին» ֆիլմում։ Ֆիլմը հիմնված է նարկոդիլեր Ջորջ Ջանգի իրական պատմության վրա, ում Ջոնի Դեփը նույնիսկ տեսակցության է գնացել բանտ։
Ըստ վերլուծությունների՝ Ջոնի Դեփի հերոսն այս ֆիլմում ավելի շատ կարեկցանքի է արժանի, քան Ալ Պաչինոն՝ «Սպիով դեմքը» կինոնկարում: Ֆիլմի մեսիջը հետեւյալն է՝ ամերիկյան երազանքի հետեւից վազքը ոչ մի լավ բանի չի հանգեցնում:  


«Ի՞նչն է տանջում Գիլբերտ Գրեյփին»



Այովա նահանգում գտնվող փոքրիկ Անդորա քաղաքում Գիլբերտ Գրեյփը (Ջոնի Դեփ) հոգ է տանում իր մտավոր հետամնաց եղբոր՝ Առնիի (Լեոնարդո Դի Կապրիո) մասին։ Նրա մայրը՝ Բոնին (Դառլին Քեյթս), հրաժարվել է կյանքից այն բանից հետո, երբ 17 տարի առաջ իր ամուսինը կախվել էր նկուղում ։ Գիլբերտը պատասխանատվությունը վերցնում է իր վրա՝ վերանորոգելով հին տունը եւ հետեւելով Առնիին: Առաջին հայացքից թվում է, թե Ջոնիի կերպարը փոքր-ինչ «անգույն է»  Դի Կապրիոյի ֆոնին, բայց նպատակներ չունեցող եւ բոլորովին չտարբերվող երիտասարդին մարմնավորելը մեծ տաղանդ է: 


«Սեւ պատարագ»



Այս ֆիլմում Դեփը հանդես է գալիս հանցագործ Ուայթի Բալջերի դերում, ով մեղադրվում է բազմաթիվ հանցագործություններում ու սպանություններում: Անսկզբունքային եւ անխիղճ այս գանգստերը տարիներ շարունակ զերծ էր մնում պատասխանատվությունից: 1995-ին նա անհետանում է եւ շուրջ 16 տարի թաքնվում արդարադատությունից:  


«Նիրհած հովիտը»



Գործողությունները տեղի են ունենում 1799 թվականին Ամերիկայում։ Երիտասարդ ոստիկան Իկաբոդ Քրեյնը ամեն ինչին ցանկանում է տալ գիտական լուծում եւ փորձում է դա իրագործել իր հետաքննությունների մեջ։ Նրան ուղարկում են Նիրհած հովիտն ուսումնասիրելու, որտեղ վերջին երկու շաբաթվա ընթացքում ինչ-որ մեկը կտրել է բնակիչների գլուխները։ Սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէ… 


«Հասարակության թշնամիները»



Պատմության հիմքում լեգենդար ավազակ Ջոն Դիլինջերն է (Ջոնի Դեփ), ով, կատարելով մի շարք հանդուգն ավազակային հարձակումներ ԱՄՆ-ի բանկերի վրա, ժողովրդի աչքում դարձել է իսկական հերոս։ Նա Հետաքննությունների դաշնային բյուրոյի գլխավոր թիրախն է, առաջին հերթին գործակալ Մելվին Պերվիսի (Քրիստիան Բեյլ) համար, ով լավագույնն է իր գործում։


«Մռայլ ստվերներ»



Կինոքննադատների մի մասի կարծիքով` այս ֆիլմը սցենարի առումով այնքան էլ լավը չէ, բայց Ջոնի Դեփը ստեղծել է եւս մեկ տարբերվող ու ինքնատիպ կերպար: Բարնաբաս Քոլինզը (Դեփ) հարուստ, հզոր ազնվական է, սրտակեր է եւ ձկնորսական գործարանի տեր։ Նա հարաբերություններ է ունեցել շատ աղջիկների հետ, բայց հետո սիրահարվել է Ժոզետտա Դյուպրեին։ Նրա ծառաներից մեկը՝ Անժելիկա Բուշարը, մանկությունից սիրում էր Բարնաբասին եւ երազում էր նրա հետ լինելու մասին, բայց Բարնաբասը մերժում է իրեն։ Լինելով իսկական կախարդ՝ Անժելիկան կախարդում է Ժոզետտային եւ ստիպում է ցած նետվել ժայռից, սպանում է Բարնաբասի ծնողներին, իսկ Բարնաբասին դարձնում է վամպիր, որպեսզի նրա տառապանքները հավերժ շարունակվեն։