Նյութը՝ Հովհաննես Վարդանյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի եւ համացանցից
Տեղադրվել է 18-04-2017
Էլիֆ Շաֆաք. «Գրելը սոսնձի նման է. այն միակն է, որն ամրացնում է իմ տարբեր մասերն ու ամբողջականացնում ինձ»
«Գրական իրարանցում» խորագիր-նախագծի շրջանակում այս անգամ անդրադարձել ենք 46-ամյա հանրաճանաչ թուրք ժամանակակից արձակագիր Էլիֆ Շաֆաքի գրական գործունեությանը:

Նրա անունը մշտապես հայտնվում է միջազգային եւ մասնավորապես թուրքական մամուլի ամենաքննարկվող հրապարակումներում: Բանն այն է, որ նրա «Ստամբուլի բիճը» վեպը Թուրքիայում տարիներ առաջ մեծ ցնցում առաջացրեց:

Էլիֆ Շաֆաքը, գրական գործունեությունից զատ, գրում է նաեւ վերլուծական հոդվածներ թուրքական, եվրոպական եւ ամերիկյան թերթերի համար, ինչպես նաեւ դասավանդում Արիզոնայի համալսարանում: Աշխատում է նաեւ մի շարք հասարակական կազմակերպություններում, բարձրացնում կանանց վերաբերող հարցեր, հանդես գալիս հայ-թուրքական հարաբերություններին միտված հաշտեցման կոչերով: Դա արտահայտվում է նաեւ նրա վեպերում. նա մեզ տալիս է թարմ հայացք Թուրքիայի պատմության եւ մշակույթի մասին: Շաֆաքի գրքերի մեծ մասը պատմական վեպեր են։ Գրում է նաեւ երգեր ռոք-համույթների համար եւ մշակույթի ու քաղաքականության թեմաներով աշխատություններ։

Հանրաճանաչ թուրք արձակագրի «Ստամբուլի բիճը» վեպում սթափ հայացքով եւ մեծ քաղաքի կոլորիտային մանրամասների ներկայացմամբ վեր են հանվում թուրք հասարակության ներքին բազմաթիվ խնդիրներ, որոնց թվում կարեւորագույն տեղ է զբաղեցնում Հայոց մեծ եղեռնը՝ իբրեւ թուրքի հոգեբանության չհաղթահարվող բարդույթ:



«Արվեստի եւ գրականության» շքանշանակիր Շաֆաքի «Ստամբուլի բիճը» ստեղծագործության գլխավոր ուղերձը սկսվում է առաջին նախադասությամբ. «Երկնքից գլխիդ ինչ էլ որ թափվի, երբեք չպետք է հայհոյես: Անձրեւը՝ ներառյալ: Վերեւից գլխիդ ինչ էլ ընկնի, պետք է ընդունես: Անձրեւն ինչքան էլ ուժեղ լինի, փոթորիկն ինչքան էլ սառը լինի, չպետք է հայհոյես այն, ինչ ամպերը ճիշտ են գտել մեզ՝ ներքեւում գտնվողներիս համար: Աշխարհի կարգն է այդպիսին: Դա բոլորը գիտեն: Զելիհան էլ գիտի…»:

«Իսկապես, օտար գրողները շատ ավելի լավ են ներկայացնում Ցեղասպանությունը, քանի որ հայ գրողները քանիցս փորձեցին, բայց… Մեր մաշկի տակ այդ ցավն այնքան է նվվում, որ մենք կարծես էլ չենք կարողանում օտարվել եւ կողքից նայել 20-րդ դարի այդ մեծ աղետին»,- հարցազրույցներից մեկում նշել է երջանկահիշատակ Լեւոն Անանյանը՝ նկատելով, որ շատ կարեւոր է այն փաստը, որ հեղափոխություն է կատարվել հենց թուրք ազգի մտածողության մեջ, իսկ Շաֆաքի վեպը, ըստ Անանյանի, դրա վառ ապացույցն է:



Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին պատմող այդ վեպի հրատարակումից հետո գրքի հեղինակին մեղադրանք էր առաջադրվել 301 հոդվածով, որն ազգային ինքնությունը վիրավորելու մասին է: 2006 թվականին Էլիֆ Շաֆաքը «Ստամբուլի բիճը» վեպի պատճառով երկու անգամ կանգնում է դատարանի առաջ։ Դատական գործընթացի պատճառն այն էր, որ ստեղծագործության հերոսներից մեկն ապացուցում է Առաջին աշխարհամարտի ընթացքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը: Ապացույցների անբավարարության պատճառով երկու մեղադրանքներն էլ հանվում են։ Ի դեպ, Շաֆաքին դատի էր տվել հենց վեպի «հերոսը»:

Գրողի՝ արդեն 30 լեզվով թարգմանված այդ վեպը Ցեղասպանության հետեւանքների մասին է: Նա շատ բարձր գեղարվեստ է օգտագործել, ժամանակակից ոճ եւ իր առաջին վեպն է, որ անգլերենով է գրել: Շաֆաքը ծնվել է Ստրասբուրգում, մայրը դիվանագետ է եւ միայնակ մայր: Մայր եւ դուստր միասին հաղթահարել են բազմաթիվ դժվարություններ: Շաֆաքը տիրապետում է երեք լեզվի, գիտի նաեւ իսպաներեն, այժմ ապրում է Լոնդոնում, ունի երկու զավակ: Այդ գրքից հետո թուրք գրողը եւս երկու գիրք է գրել: Վերջերս Լոնդոնում կայացած գրքի տոնավաճառին Շաֆաքը համարվել է տարվա գրող, ով Թուրքիայում ամենաընթերցված հեղինակն է:



«Անտարես» հրատարակչությունը նրա «Ստամբուլի բիճը» վեպը թարգմանել է երկու տարբերակով՝ անգլերենից եւ թուրքերենից: Երկու գրքերում էլ առկա են թարգմանական որոշակի տարբերություններ, սակայն դրանցից ստեղծագործության յուրահատկությունը չի կորել: Ի դեպ, Շաֆաքն այն գրել էր անգլերենով: Բազմահազար ընթերցողների ցանկություններին ընդառաջ գնալով՝ հետագայում ստեղծագործությունը թարգմանվեց նաեւ թուրքերենով:

Հարցին, թե ի՞նչ է անհրաժեշտ ստեղծագործելու համար, Էլիֆ Շաֆաքը հարցազրույցներից մեկում պատասխանել է. «Ոմանց անհրաժեշտ է լռություն, կարգապահություն եւ հանգստություն: Իմ դեպքում այդ ամենը լրիվ հակառակն է: Ինձ անհրաժեշտ են ձայներ եւ քաոս, ինձ անհրաժեշտ է շարժում. ես պետք է լինեմ շարժման մեջ, որպեսզի կարողանամ գրել: Երբեւիցե չեմ հավատացել այն գաղափարին, որ գիրք գրելիս կենտրոնանալու համար անհրաժեշտ է մեկուսանալ բոլորից եւ ամեն ինչից: Ճշմարիտ է, որ գրելն առանձին գործընթաց է, եւ ես հիմնականում միայնակ եմ ստեղծագործելիս, սակայն ես մեկուսացված չեմ: Իմ մտահղացումները նույնպես մեկուսացված չեն: Ես եւ իմ ստեղծագործությունները չենք գտնվում սոցիալական դատարկության մեջ: Միգուցե դա կապված է այն բանի հետ, որ ես գրելը չե՞մ համարում աշխատանք, լուծելի խնդիր կամ «ինչ-որ մի բան», որը ես անում եմ: Համենայն դեպս, գրելը սոսնձի նման է. այն միակն է, որն ամրացնում է իմ տարբեր մասերն ու ամբողջականացնում ինձ»:



Ըստ գրող Վահրամ Մարտիրոսյանի՝ դա մի վեպ է այն մասին, որ մարդը պետք է ընդունի իր ժառանգությունը, ինչպիսին որ այն կա: Խոսքը վերաբերում է ինչպես տոհմի ժառանգությանը, այնպես էլ ազգի, մարդկության եւ ապրած տարիների ժառանգությանը. ««Ստամբուլի բիճը» զարմանալի վեպ է, որում ներկայացված է թուրք մի ընտանիքի պատմություն: Գլխավոր գործող անձը՝ թրքուհին, պարզում է, որ այնքան էլ թուրք չէ, այլ կիսով չափ հայ: Վեպն իր դետալների մեջ մանրակրկիտ է. դրանք միեւնույն ժամանակ դիպուկ են եւ բանաստեղծական: Այդ ամենը նպաստում է մի մեծ առասպելի ստեղծմանը, որը կոչվում է Ստամբուլ՝ իր արյունոտ, բայց մոռացված կենցաղով, եւ նույնքան դաժան, բայց հանդուրժելի եւ ապագայի հույսեր ներշնչող ներկայով»:

Եվ, իսկապես, Շաֆաքը հրաշալի է գրել: Կերպարները շատ հաջողված են, իրարից տարբեր: Հայկականությունը շատ լավ է հասկացել, կենցաղը սիրուն եւ նուրբ հումորով նկարագրել: Չնայած հայերի բոլոր թերություններին՝ նրանց դրական է ներկայացրել՝ առանց բաց թողնելու հենց այն հատկանիշները, որոնք մենք բացասական ենք համարում: Ժամանակ առ ժամանակ նույնիսկ թվում է՝ այդ ամենը հայ է գրել: Մտածում ես՝ ո՞նց կարող էր մանկությունից այդ կյանքով չապրածն այդքան դիպուկ բնութագրել հայերին:

Մեր խորին համոզմամբ՝ «Ստամբուլի բիճը» համարձակ ու հզոր պատմություն է՝ գրված Թուրքիայի անաչառ վիպագիրներից մեկի կողմից: Դրամատիզմով լի եւ գունեղ այդ վեպը հիշելու եւ մոռանալու մասին է, այն լարվածության մասին, որ գոյություն ունի անցյալը քննարկելու անհրաժեշտության եւ այն ջնջելու ցանկության միջեւ:



«Մեզ՝ հայերիս համար նրա «Ստամբուլի բիճը» վեպը առանձնահատուկ հետաքրքիր էր, որովհետեւ այդ վեպում արծարծվում են Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցեր: Իհարկե, իմ կարծիքով, այդ արծարծումները ոչ այնքան հայանպաստ են, որքան թուրք հասարակության, այսպես ասած, մաքրագործմանը միտված քննարկումներ: Այնուամենայնիվ, այն փաստը, որ Շաֆաքի վեպը Թուրքիայում մի որոշ ժամանակ արգելվեց եւ դատապարտվեց 301 հոդվածի հատկանիշներով՝ թրքությունը վիրավորելու համար, ինքնին խոսուն է: Սակայն մենք շատ չպետք է ոգեւորվենք այդ փաստից: Գրական տեսանկյունից կարեւոր է, որ գործ ունենք իսկապես տաղանդավոր հեղինակի եւ լավ վեպի հետ»,- ասաց «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:

Գրականագետը մեզ հետ զրույցում տեղեկացրեց նաեւ, որ «Ստամբուլի բիճը» վեպը Հայաստանում շատ է սիրվել, եւ կարծում է՝ առաջին հերթին հենց գեղարվեստական արժանիքների համար. «Այժմ պատրաստվում ենք «Օտար գիր» մատենաշարով հրատարակել նաեւ Շաֆաքի նոր՝ «Չարի երեք աղջիկները» (թարգմանության աշխատանքային վերնագիրն է) վեպը, որը Թուրքիայում արդեն շատ ջերմ ընդունելություն է գտել»:

Տեղեկացնենք նաեւ, որ Էլիֆ Շաֆաքն արդի թուրքական գրականության ամենաճանաչված ու սիրված հեղինակներից է: Նրա գրքերը Թուրքիայում տպագրվում են մեծ տպաքանակներով: