Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանից
Տեղադրվել է 18-04-2017
Ընթերցանության մարաթոն. ընթերցանության խթանում պատանիների ու երիտասարդների շրջանում
«Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի միջոցառումների շրջանակում ապրիլի 18-ին Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի Ամերիկյան կենտրոն բաժնում կազմակերպվեց ընթերցանության մարաթոն:

Տարբեր պաշտոնատար անձինք, գրողներ, լրագրողներ եւ գրադարանի ընթերցողներ հատվածներ ընթերցեցին Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» գրքից։ Միջոցառմանը մեծ ակտիվություն դրսեւորեցին հատկապես պատանիներն ու երիտասարդները: 

Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի Ամերիկյան կենտրոն բաժնի վարիչ Նելլի Խաչատրյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ մշակութային օջախում նմանօրինակ նախաձեռնություն երկրորդ անգամ է անցկացվում: 

«Հայաստանում ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությունն է՝ գրադարանի հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակը հետեւյալն է. ընտրվում է որեւէ գիրք, այս դեպքում՝ Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները», եւ ամբողջ օրվա ընթացքում նախապես գրանցված մարդիկ, այցելելով գրադարան, ընթերցում են գրքից որոշակի հատված: 5 րոպե ընթերցելով՝ մարդիկ շարունակում են մեկը մյուսին, մինչեւ գիրքն ավարտվի»,- նշեց նա:

Նախաձեռնության նպատակն է խթանել ընթերցասիրությունը: «Գրադարանի ցանկացած նախաձեռնության նպատակն է մարդկանց ավելի մոտեցնել գրքին: Սա նման առիթներից մեկն է»,- հավելեց Նելլի Խաչատրյանը: Նրա խոսքով՝ հաշվի առնելով գրքի բնույթը՝ այս դեպքում միջոցառմանն ավելի շատ դեռահասներ եւ երիտասարդներ են մասնակցել: 

Ի դեպ, միջոցառումն ամբողջությամբ հեռարձակվում էր դեսպանատան Youtube էջում: