Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 18-04-2017
Կայացավ «Հարսանեկան իրարանցում» ծրագրի շնորհանդեսը
Ապրիլի 18-ը Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրն է, որն այս տարի նշվում է «Մշակութային ժառանգությունը եւ կայուն զբոսաշրջությունը» խորագրի ներքո:

Օրվան համահունչ՝ այսօր Երեւանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հարսանեկան իրարանցում» ծրագրի շնորհանդեսը: Ներկա էր նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ծրագիրը ցուցանմուշ-այցելու հաղորդակցության նոր, անիմացիոն մեթոդի կիրառման առաջին փորձերից է, որը կրելու է մշտական բնույթ: Դրա նպատակն է նաեւ նպաստել կայուն զբոսաշրջության զարգացմանը: Այդ յուրատեսակ փաթեթ-առաջարկը զբոսաշրջիկների համար կարող է ինտերակտիվ տարբերակ հանդիսանալ՝ թանգարանի ցուցանմուշներին ծանոթանալու համար:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի խոսքով՝ այսօր աշխարհով մեկ տարբեր միջոցառումներ են իրականացվում, այդպիսով հնարավորություն է ընձեռվում մեծացնելու հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանության եւ պաշտպանությանն ուղղված ջանքերի վերաբերյալ։ 

Նրա հավաստմամբ՝Հայաստանը եւս անմասն չի մնում այդ ամենից, քանի որ այն ունի մշակութային մեծ ժառանգություն: 

«Առանց ժառանգության պահպանման հնարավոր չէ առաջ շարժվել, ուստի ամեն ջանք պետք է գործադրել մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ: Երեւանցիները պետք է ուշադիր լինեն, խնամքով վարվեն ցանկացած քարի հետ, քանի որ դրանք գաղտնիքներ են պարունակում: Մենք՝ հայերս, ունենք հետաքրքիր պատմություն եւ անցած ուղի, որը չպետք է մոռանալ»,- նշեց Մկրտիչ Մինասյանը:

Թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի խոսքով՝ այս օրը շատ կարեւոր է, քանի որ մենք մշակութային հարուստ ժառանգության կրող ենք: Նրա տեղեկացմամբ՝ ուրբաթ եւ երկուշաբթի օրերին՝ ժամը 12:00-14:00-ն, թանգարանում կգործարկվի «Էքսկուրսիա անակնկալով» ծրագիրը: 

Այցելուների էքսկուրսիան կսկսվի թանգարանի 2-րդ հարկից, իսկ 3-րդ հարկում այցելուների առջեւ կհայտնվի, այսպես ասած, հանկարծակի կերպար, ով կշարունակի էքսկուրսիան հայերեն, ինչպես նաեւ ռուսերեն եւ անգլերեն: Թանգարանի տնօրենը հույս հայտնեց, որ այդ ծրագիրը կնպաստի այցելուների հոսքին:

Նշենք նաեւ, որ շնորհանդեսի ժամանակ տեղի ունեցավ թատերականացված ներկայացում, որի ժամանակ Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողուհիները ներկայացրեցին 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբում երեւանցիների կենցաղում ընդունված հարսանեկան ծեսի արարողություն: Երկխոսության միջոցով ներկայացմանը «մասնակից դարձան» նաեւ համապատասխան թանգարանային ցուցանմուշները:

Պատկերասրահ՝ «Հարսանեկան իրարանցում» ծրագրի շնորհանդեսը