Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 20-04-2017
Բազմազան գույներ սեւ եւ սպիտակ լուսանկարներում
«Նարեկացի» արվեստի միությունում ապրիլի 20-ին բացվեց Էրիկ Բաբաջանյանի լուսանկարների առաջին անհատական ցուցահանդեսը:



«Գարունն առանց գույների» խորագիրը կրող ցուցահանդեսին 17-ամյա լուսանկարիչը ներկայացրել էր երկու տասնյակից ավելի աշխատանք:  



Eritasard.am-ի հետ զրույցում Էրիկ Բաբաջանյանը տեղեկացրեց, որ սովորել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի լուսանկարչական բաժնում, իսկ այժմ ուսանում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի օպերատորական բաժնում։ 



«Առաջին անհատական ցուցահանդեսս է, շատ ուրախ եմ: Սիրում եմ սեւ-սպիտակ լուսանկարներ անել: Ինձ համար սեւի եւ սպիտակի մեջ ավելի շատ գույն կա, քան գունավոր լուսանկարներում»,- նշեց Էրիկ Բաբաջանյանը: Նա խոստովանեց՝ ապագայում իրեն տեսնում է ռեժիսորի դերում եւ չբացառեց, որ լուսանկարչական ու օպերատորական գիտելիքները կօգնեն այդ առումով: 



ԵԹԿՊԻ դասախոս Սահակ Տրոյանը Էրիկի ուսուցիչներից է: Փաստում է՝ նա շատ լավ ուսանող է: «Ինստիտուտում տարբեր երեխաներ են սովորում: Մարդիկ կան, որ գիտակցաբար են ընտրությունը կատարել, գալիս են սովորելու նպատակով. Էրիկն այդպիսի ուսանողներից է: Լավ աշխատանքներ կան, դա շատ կարեւոր է»,- մեզ հետ զրույցում նշեց Սահակ Տրոյանը:



Հավելենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ ապրիլի 23-ը: