Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 21-04-2017
Մայիսի 19-21-ը Երեւանում կկայանա 4-րդ PR գագաթնաժողովը
Մայիսի 19-21-ը Երեւանում կանցկացվի PR-ի եւ հաղորդակցության ոլորտում Հարավային Կովկասի ամենամյա խոշոր գագաթնաժողովը (PR Summit): Այն այս տարի կանցկացվի 4-րդ անգամ:

Արդեն մի քանի տարի է, ինչ գագաթնաժողովը մեկ հարկի տակ համախմբում է հանրային կապերի եւ հաղորդակցության ոլորտի մասնագետներին, միջազգային փորձագետներին, ոլորտով հետաքրքրվողներին եւ նրանց, ովքեր մտահոգված, ինչպես նաեւ հետաքրքրված են PR ոլորտի զարգացման հիմնախնդիրներով:  

PR գագաթնաժողովը փորձի եւ գիտելիքի փոխանակման հարթակ է PR-ի եւ հաղորդակցության մասնագետների համար: Գագաթնաժողովի խոսնակներն արտերկրի եւ Հայաստանի առաջատար փորձագետներ են, ովքեր գործնական սեմինարների եւ քննարկումների ընթացքում ներկայացնում են հաղորդակցության ոլորտի նորագույն միտումները, մարտահրավերները, փորձը եւ դրանց համադրումը  Հայաստանում ու աշխարհում: 

Այս տարի անցկացվելիք գագաթնաժողովը եւս բացառություն չի լինի: 3 օր շարունակ փորձագետներն ու մասնագետները կկիսվեն իրենց փորձով, ձեռքբերումներով, ինչպես նաեւ կհաստատեն աշխատանքային կապեր՝ մասնագիտական փորձի փոխանակման, գիտելիքների հարստացման ու հմտությունների զարգացման համար: 

4-րդ գագաթնաժողովի միջազգային խոսնակներն են հաղորդակցության ոլորտի առաջատար մասնագետներ, Օկլահոմայի համալսարանի Գեյլորդ քոլեջի լրագրության եւ զանգվածային հաղորդակցության մագիստրոսական ծրագրերի ղեկավար, PR-ի եւ ռազմավարական հաղորդակցության դասախոս Կատերինա Ցեցուրան, Ռուսաստանի առաջատար «Ketchum Maslov» գործակալության հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավա Եվգենյա Կոնդրաշեւան, «Byblos« բանկի կենտրոնակայանի հաղորդակցության բաժնի ղեկավար Նադա Թավիլը եւ այլք:

Խոսնակներն իրենց փորձն ու գիտելիքը կփոխանցեն թվային հաղորդակցության, PR-ի չափման մեխանիզմների,  լրատվամիջոցների թափանցիկության, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության եւ այլ կարեւոր թեմաների վերաբերյալ: 

Պետք է փաստել, որ PR մասնագետներն այսօր խնդիր ունեն ոչ միայն մշակելու արդյունավետ ռազմավարություն՝ արագ փոփոխվող պայմաններին համընթաց շարժվելու համար, այլեւ վեր հանելու հանրային կապերի առաջնային դերն ու նշանակությունը՝ հանրության շրջանում վստահություն ձեռք բերելու տեսանկյունից: Գագաթնաժողովն էլ, անխոս, լավագույն տարբերակն է ոչ միայն իրազեկվելու, այլեւ իրազեկելու առումով: