Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 23-04-2017
Համահայկականի 4 երաժիշտները՝ նվագախմբի ու նախաձեռնության կարեւորության մասին
Ֆրանսիայից մինչեւ Էկվադոր, Գերմանիայից` Ռուսաստան. նրանք ապրում ու գործունեություն են ծավալում տարբեր երկրներում, սակայն երբ հրավեր են ստանում հայրենիքից, առանց վարանելու համաձայնում են:

Երեւանում են 20 երկրների 45 քաղաքներից 70 տաղանդավոր երաժիշտներ, ովքեր նվագում են հեղինակավոր նվագախմբերում: Հայրենիք վերադառնալու առիթը Համահայկական նվագախումբն է, որի կազմում երաժիշտները ապրիլի 24-ին հանդես են գալու Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Նրանք ներկայացնելու են հայ ազգի տաղանդն ու ձիրքը, իրենց ելույթով փաստելու են` հայ ժողովրդին չի կոտրի եւ ոչ մի փորձություն: Նրանցից շատերն արդեն եղել են Հայաստանում, մասնակցել Ցեղասպանության տարելիցին նվիրված մեկ այլ` «24/04 համաշխարհային նվագախումբ» նախագծին, որի շրջանակում 43 երկրներից Հայաստան ժամանած 123 երաժիշտներ երաժշտության լեզվով աշխարհին ներկայացան խաղաղության կոչով: Ի տարբերություն «24/04»-ի՝ Համահայկականը բացառապես հայկական նվագախումբ է: Ու ապրիլի 24-ի համերգին հնչելու են բացառապես հայ կոմպոզիտորների գործեր:

Eritasard.am-ը հանդիպել է Համահայկական նվագախմբի 4 երաժիշտների հետ, ովքեր գործունեություն են ծավալում տարբեր երկրներում, եւ նրանց հետ զրուցել նախագծի, հայրենիքից հեռու ապրելու եւ այլ հարցերի շուրջ:


Զորիկ Բազինյան (ալտ, Էկվադոր)



Զորիկ Բազինյանը ծնվել է Գյումրիում, ավարտել Երեւանի կոնսերվատորիան: Աշխատել է «Սերենադ» կամերային, «Ալան Հովհաննես» կամերային, Հայաստանի ֆիլհարմոնիկ եւ այլ նվագախմբերում: Համերգներով հանդես է եկել տարբեր երկրներում: 13 տարի առաջ աշխատանքի բերումով հայտնվել է Էկվադորում:

«Էկվադորում ստացա աշխատանքի հրավեր, մեկնեցի: Արդեն 13 տարի այնտեղ եմ: Մի քանի օր առաջ ինձ հարցրին. «Ձեզ Հայաստանում զգում եք ինչպես տա՞նը, թե՞ որպես հյուր»: Բնականաբար, պատասխանեցի` տանը»,- նշում է երաժիշտը: Ներկայումս Զորիկ Բազինյանը բնակվում է Գուայակիլում, Էկվադորի «Guayaquil Symphony Orchestra»-ի արտիստ է:



Ալտահարը շատ ուրախ է, որ մասնակցելու է ապրիլի 24-ի համերգին ու հանդես է գալու Համահայկական նվագախմբի կազմում. «Ցանկացած հայ երաժշտի համար մեծ պատիվ է նման նախագծի մասնակցելը: Շատ կարեւոր է ամբողջ աշխարհին եւս մեկ անգամ արվեստի միջոցով պատմել 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին: Հուսով եմ, որ մի օր այն կընդունվի ամբողջ աշխարհի կողմից»,- նշում է երաժիշտը:

Զորիկ Բազինյանը փաստում է` համերգի փորձերը շատ հետաքրքիր են անցնում, նվագախումբը բավականին լավ երաժիշտներից է բաղկացած: «Համոզված եմ, որ համերգը շատ լավ կանցնի: Կուզենայի, որ նմանօրինակ նախագծերն ավելի շատ լինեն: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը մեզ հայտնեց, որ նախագիծը կշարունակվի նաեւ արտերկրում, ինչը շատ կարեւոր է»,- հավելում է նա:



Երկու տարի առաջ ալտահարը Հայաստանում էր եւ մասնակցել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված մեկ այլ` «24/04 համաշխարհային նվագախմբի» համերգին: «Անցյալ անգամ ինձ հետ Հայաստան էր ժամանել կուբացի գալափողահար, ով ֆանտաստիկ տպավորություններով վերադարձավ Էկվադոր, որտեղ մենք միասին աշխատում ենք: Ամենակարեւոր պահն այն էր, որ իր տպավորություններով նա կիսվում էր այլազգիների հետ` պատմելով նախագծի, Ցեղասպանության մասին»,- նշում է երաժիշտը:


Անի Պողոսյան (երկրորդ ջութակ, Ֆրանսիա)



Անի Պողոսյանը ծնվել է Երեւանում, սովորել Երեւանի, այնուհետեւ Վերսալի կոնսերվատորիաներում: Երեւանում աշխատել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբում: Իբրեւ մենակատար՝ Կամերային եւ Սիմֆոնիկ նվագախմբերի կազմում հանդես է եկել աշխարհի լավագույն համերգասրահներում:  2015-ից դասավանդում է Beauvais եւ Compiegne կոնսերվատորիաներում:



«Ֆրանսիայում բնակվում եմ արդեն գրեթե 8 տարի: Զբաղվում եմ համերգային գործունեությամբ, դասավանդում եմ: Այնտեղ գնացել էի՝ ուսումս շարունակելու նպատակով: Շատ ուրախ եմ, որ առիթ ունեմ մասնակցելու նման նախագծի, շատ անսպասելի էր հրավեր ստանալը: Որպես հայ ու հայ մշակույթի տարածող՝ ինձ համար կարեւոր է Համահայկական նվագախմբի նախագծին մասնակցելը»,- նշում է Անի Պողոսյանը:



Ջութակահարը շեշտում է, որ Հայաստանում երկու տարի առաջ մասնակցել է «24/04»-ի համերգին, որը նույնպես հրաշալի նախագիծ էր: ««24/04»-ում, բացի հայ երաժիշտներից, ընդգրկված էին նաեւ օտարազգիներ, ինչը նրանց համար հնարավորություն էր բացահայտելու հայկական մշակույթը, երաժշտությունը, իմանալու այն երեւույթի մասին, որի շուրջ ձեւավորվել էր նվագախումբը: Ինձ համար նորմալ է, երբ հայ երաժիշտն է հայկական երաժշտություն նվագում, բայց երբ օտարերկրացի երաժիշտներն են նվագում, ամեն ինչ այլ է»,-հավելում է Անի Պողոսյանը:


Էրիկ Շահնազարյան (ֆլեյտա, Ռուսաստան)



Էրիկ Շահնազարյանը ծնվել է Երեւանում, միջազգային եւ ազգային մրցույթների դափնեկիր է, Ռուսաստանի Մեծ թատրոնի նվագախմբի արտիստ: Որպես մենակատար՝ հանդես է գալիս Ռուսաստանի եւ արտերկրի բեմերում: Վարում է մանկավարժական աշխատանք:



«Ինձ համար անակնկալ էր, երբ հրավիրեցին մասնակցելու այս նախագծին, չնայած երկու տարի առաջ մասնակցել էի «24/04»-ի համերգին: Շատ ուրախ եմ, որ այստեղ կրկին հանդիպում եմ իմ ընկերների հետ: Ինձ թվում է` շատ կարեւոր է աշխարհին հիշեցնել այն ամենի մասին, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին»,- նշում է Էրիկ Շահնազարյանը:  



Ֆլեյտահարը մասնագիտորեն զբաղվում է նաեւ լուսանկարչությամբ: Լուսանկարում է մանուկ հասակից՝ այն օրվանից, երբ հայրը նրան ֆոտոխցիկ նվիրեց: Խոստովանում է` այսօր ավելի շատ լուսանկարում է Iphone-ով: «Երաժշտությունն ու լուսանկարչությունն իրար փոխլրացնում են: Մեկը մյուսին չի խանգարում»,- հավելում է նա:


Լուսինե Աղաբաբյան (առաջին ջութակ, Գերմանիա)



Լուսինե Աղաբաբյանը ծնվել է Գյումրիում, ավարտել Երեւանի կոնսերվատորիան: Եղել է ՀԱՖՆ-ի արտիստ: Համերգային ելույթներ է ունեցել մի շարք երկրներում: Համագործակցել է Դայշին Կաշիմոտոյի, Սերգեյ Խաչատրյանի, Հարթմութ Ռոդեի, Էշլի Վոսի, Լեւոն Չիլինկիրյանի եւ այլ անվանի երաժիշտների հետ: 2012-ից աշխատում է Լյուբեկի ֆիլհարմոնիկ նվագախմբում:



«Բնակվում եմ Գերմանիայում, ուսման բերումով հայտնվեցի այնտեղ, դեռ ուսման ընթացքի մեջ եմ, նաեւ աշխատում եմ: Մենք նմանատիպ նախագիծ Համբուրգում ենք կազմակերպում, հայ երաժիշտներով հավաքվում ենք ու այդ օրը համերգով հանդես գալիս»,- ընդգծում է Լուսինե Աղաբաբյանը:



Երաժիշտն ուրախ է, որ մասնակցում է Համահայկական նվագախմբի համերգին: «Շատ ողջունում եմ այս նախագիծը: Երկու տարի առաջ մասնակցել եմ Ցեղասպանության տարելիցին նվիրված առաջին նախագծին` «24/04»-ին»,-հավելում է նա` կարեւորելով այն փաստը, որ նմանատիպ նախագծերի շնորհիվ տարբեր երկրներում տեղեկանում են Հայոց ցեղասպանության մասին: