Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 27-04-2017
Նիկոլայ Լատանսկի. «Արթնացրո՛ւ քո մեջ ապրող հանճարին»
Անձնական աճի եւ հաջողության ոլորտում փորձագետ-քոուչ, բազմաթիվ գրքերի հեղինակ Նիկոլայ Լատանսկին Երեւանում է:

Հայտնի փորձագետը Երեւան է այցելել «Արթնացրո՛ւ քո մեջ ապրող հանճարին»  («Разбуди в себе гения») խորագրով աշխարհի շրջագայության շրջանակում, որը մեկնարկել է ապրիլի 4-ից եւ տեւելու է մինչեւ մայիսի 20-ը։ Մինչ Հայաստան այցելելը նա արդեն վարպետության դասեր է անցկացրել Նյու Յորքում, Բելառուսում, Լիտվայում։ 

Ապրիլի 26-ին, Նիկոլայ Լատանսկին 3 ժամ տեւողությամբ վարպետության դաս անցկացրեց, որի ընթացքում ներկաները ծանոթացան այն բոլոր քայլերին ու մեթոդներին, որոնք կյանքում որեւէ բան փոխելու եւ առաջ շարժվելու հնարավորություն կտան: 

Ըստ բանախոսի՝ հանճարները նրանք են, ովքեր ավելին են անում իրենց կյանքում, քան այլ մարդիկ: Սակայն յուրաքանչյուր մարդ կարող է իր մեջ փնտրել ու գտնել այդ հանճարը, իսկ դրա համար պարզապես պետք է բացահայտել այն ռեսուրսները, որոնք կան յուրաքանչյուր մարդու մեջ: 

Նիկոլայ Լատանսկին հանդիպման ժամանակ հնչեցրեց կարեւոր եւ առանցքային հարցադրումը. իսկ որտե՞ղ է թաքնված մարդու հանճարը:

Փորձագետն առանձնացրեց հետեւյալ 3 կետերը.
1.    Ուղեղում (խելք)
2.    Սրտում
3.    Մարմնում

«Առհասարակ կյանքում ոչնչի հեշտ չենք կարող հասնել: Վառ օրինակը ես եմ: Ես կյանքում առավել շատ վայրէջքներ եմ ունեցել, քան հաջողություններ, շատ բաների միջով եմ անցել: Սակայն մեկ բան եմ հասկացել. կարեւոր չէ, թե ով ես դու կամ ինչ սոցիալական կարգավիճակ ունես, այլ կարեւորն այն է, թե ինչ քայլեր ես այս պահին անում, որպեսզի հետագայում հասնես հաջողության»,- նշեց նա:

Բանախոսը բացահայտեց նաեւ լավ հիշողություն ունենալու մի շարք գաղտնիքներ, որոնք, ըստ նրա, եւս կօգնեն հաջողության հասնելուն: 

«Դուք կարող եք օրերով պատրաստվել ձեր ելույթին, սակայն ելույթի ժամանակ մոռանաք առանցքային որեւէ կետ: Սակայն դուք չպետք է ցույց տաք դա, այլ պետք է շարունակեք ձեր ելույթը, անգամ եթե չունեք հուշաթուղթ, սլայդ կամ այլ օգնող պարագաներ: Մարդ կարող է ժամերով խոսել առանց այդ պարագաների, քանի որ ամեն բան նրա գլխում է: Համոզված եղե՛ք՝ դուք եւս կարող եք»,-նշեց բանախոսը:

Հանդիպման ընթացքում եղան նաեւ քննարկումներ, ինչպես նաեւ հետաքրքիր մի շարք մեթոդաբանական վարժանքներ:

Նշենք նաեւ, որ Հայաստան այցից հետո հայտնի փորձագետը շրջագայությունը շարունակելու է Վրաստանում, Բուլղարիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում եւ մի շարք այլ երկրներում:

Պատկերասրահ՝ Նիկոլայ Լատանսկին Երեւանում