Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ www.sostheatre.am-ից
Տեղադրվել է 30-04-2017
Տաթեւ Ղազարյան. «Երբ քեզ ճանաչում են, դու կարծես խոշորացույցի տակ լինես»
Eritasard.am-ի թղթակցի զրուցակիցն այս անգամ Սանթրոսյանների հանրաճանաչ գերդաստանից Տաթեւ Ղազարյանն է:

Նա 17 տարի աշխատում է Համազգային թատրոնում: Խաղացել է «Շխոնց Միհրան», «44 աստիճանի վրա», «Ռոմանտիկները», «Բլեզ», «Խեղճ Պետրոս», «Փրկության կղզի», «Համլետ» եւ այլ ներկայացումներում: Տաթեւ Ղազարյանի ձայնը շատերին ծանոթ է նաեւ ֆիլմերից եւ մուլտֆիլմերից: Դերասանուհին դասավանդում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, Երեւանի թիվ 1 տարածաշրջանային քոլեջում: 

-    Մասնագիտություն ընտրելիս ի՞նչ դեր է խաղացել հայտնի արտիստների գերդաստանի ներկայացուցիչ լինելը:

-    Կարծում եմ` գլոբալ դեր է խաղացել, որովհետեւ ես այս մասնագիտությանն առնչվել, ծանոթացել, մտերմացել ու սիրել եմ հենց մանկուց: Աչքերս բացել եմ ու տեսել այդ ամենը: Երեւի հիմնական դերակատարումը դա է եղել:

-    Ինչո՞ւ հենց թատրոնն ընտրեցիք:

-    Որովհետեւ թատրոնում եմ մեծացել, ուրիշ մասնագիտություն պարզապես չէի պատկերացնում: Բացի դրանից՝ ինձ շատ հետաքրքիր է մարդկանց կյանքը: Դերասանուհի լինելով` ես ծանոթանում եմ ուրիշ մարդկանց կյանքերի՝ իմ կերպարների հետ: Թատրոնն ընտրելու պատճառներից երրորդն էլ այն է, որ ես շատ եմ սիրում մարդկանց ուրախացնել, զվարճացնել, ցուցադրել այն, ինչ իրենք ուզում են տեսնել: Մինչեւ օրս էլ ընկերական շրջապատում ես շատ եմ սիրում, երբ ինչ-որ պատմություններ եմ պատմում, եւ ինձ լսում են:

-    Սովորել եք Սոս Սարգսյանի կուրսում: Մեծ արտիստն ի՞նչ նշանակություն է ունեցել Ձեր կարիերայում:

-    Ինձ թվում է` մեծ արտիստը յուրաքանչյուր հայ մարդու կյանքում իր տեղն ունի եւ ինչ-որ նշանակություն ունեցել է: Նրա ամեն խոսքը, նրա հետ ամեն զրույցը` անկախ նրանից, թե դրանք անձնական էին, մասնագիտական, հայրենիքի կամ այլ բանի մասին, ոչ միայն հետաքրքիր էին, այլեւ մի-մի դաս էին: Նրանից հետո էլ ինձ կուղղորդեն նրա յուրաքանչյուր ասած բառը, գովասանքի խոսքը եւ դիտողությունը:



- Կերպարը համոզիչ դարձնելու համար ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում:

- Եթե մի բառով պատասխանեմ, ապա առաջնորդվում եմ սրտով: Բացում եմ իմ հոգին կերպարիս առաջ, եւ եթե մենք իրար հասկանում ենք, միաձուլվում ենք, ապա ստացվում է այն, ինչ ստացվում է:

- Ո՞ր դերը ոչ մի դեպքում չէիք խաղա:

- Չկա նման դեր, որը չէի խաղա, այսինքն՝ չկա մի կերպար, որ ասեմ՝ համաշխարհային դրամատուրգիայի այսինչ կերպարը ես երբեք չէի մարմնավորի: Դերը երբ հանձնարարվում է, այդ պահին ես սկսում մտածել՝ կսիրես իրեն, չես սիրի, կխաղաս, կհամադրվես իր հետ, չես համադրվի, ինչ կկատարվի ձեր միջեւ: Չեմ կարող հատուկ նշել, բայց ես երեւի չէի խաղա ադրբեջանցու, թուրքի դեր: Թուրքի չէի կարողանա մարմնավորել, որովհետեւ ես սիրում եմ, որ իմ կերպարները հնարավորինս համոզիչ են լինում բեմում, իսկ ոչ մի կերպ չէի ցանկանա համոզիչ թուրք լինել: Դրան կհակադրվեր ոչ թե Տաթեւ Ղազարյան դերասանուհին, այլ իմ անձը:

- Ձեր մարմնավորած կերպարներից ո՞րն է ամենահոգեհարազատը:

- Այդ հարցն էլ է շատ հարաբերական, որովհետեւ դու պարտավոր ես սիրել յուրաքանչյուր կերպարդ: Ես չեմ կարող մեկին նեղացնել՝ մյուսին առաջ բերելով: Դրանք էտապներ են: Այս շրջանում ինձ հոգեհարազատ է այսինչ կերպարը, որովհետեւ թարմ է, նոր եմ աշխատել, շատ եմ խաղում կամ նոր եմ գտել իր նրբությունները: Որոշ ժամանակ առաջ մեկն է լինում հոգեհարազատ, որոշ ժամանակ անց՝ ուրիշը: Բոլորն են հոգեհարազատ, բայց ժամանակահատվածներում մեկը գուցե դառնում է դոմինանտ:

- Մարմնավորել եք միմյանցից տարբեր կերպարների, անգամ արական սեռի ներկայացուցչի դեր եք խաղացել: Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել:

- Իմ մասնագիտության մեջ չկա հեշտ բան. ամեն ինչն է դժվար: Անկախ նրանից՝ ես բեմում լինում եմ 5 րոպե, թե 2,5 ժամ, ինձ համար դժվար է, որովհետեւ շատ լուրջ է, այս գործը չափազանց շատ բարդություններ ունի: Ուրիշ սեռի մարդ մարմնավորելն ինձ համար առաջին հերթին հետաքրքիր էր: Ես կյանքում էլ, բեմում էլ սիրում եմ հաղթահարել դժվարություններ. դրանցով հետաքրքիր է: Եթե ես շատ հեշտությամբ կարող եմ անել այս գործը, գուցե մեկ ուրիշն էլ դա կկարողանա: Իսկ եթե այն բարդ է, ինձանից շատ ջանք է պահանջելու, ուրեմն գուցե ուրիշը չի կարողանա անել, ես պիտի կարողանամ դա անել: Դրանով իմ գործն ինձ համար դառնում է հետաքրքիր:



- Դերասանական արվեստում ունե՞ք իդեալ:

- Ունեմ սիրելի դերասանուհիներ, ովքեր չափանիշ են ինձ համար, բայց կուզեի ոչ թե իրենց նման լինել, այլ լինել իրենց կողքին, իմ անունն էլ դասվեր իրենց անունների շարքում:

- Բոլոր ժամանակների հայտնի թատերական գործիչներից ո՞ւմ հետ կցանկանայիք հանդիպել:

- Ես ինքս շատ իրատես մարդ եմ եւ բավարարված ու ինքնաբավ եմ ինձ զգում իմ իրատեսության մեջ եւ արդեն իսկ ինձ հանդիպած թատերական գործիչների կողքին: Ես երազանքներով աշխատում եմ չապրել: Չեմ կարող որեւէ կոնկրետ անուն տալ: Բախտն, ինչպես անիվը, կթեքի եւ ում հետ ինձ կհանդիպեցնի, ինչու ոչ, դա կլինի իմ երազանքների իրականացումը: Վերջերս աշխատեցի ռեժիսոր Սերժ Մելիք Հովսեփյանի հետ, բեմադրեցինք մոնոներկայացում: Մինչեւ նրա հետ աշխատելը ես չէի մտածում, որ դա այդքան մեծ երջանկություն է դերասանուհու համար: Նախկինում, բնականաբար, նրա անունը չէի տա, բայց այսօր նրա հետ աշխատելով՝ ես ինձ համարում եմ երջանիկ դերասանուհի, որովհետեւ շատ հետաքրքիր ստեղծագործական փուլ ապրեցի Սերժ Մելիք Հովսեփյանի հետ:

- Հանրաճանաչությունն ինչպե՞ս է փոխել Ձեզ, Ձեր կյանքը:

- Շնորհակալ եմ, որ կարծում եք՝ հանրաճանաչ եմ (ժպտում է): Եթե այդպես եք կարծում, ուրեմն ասեմ, որ ոչինչ չի փոխել, այլ ավելացրել է պատասխանատվության չափը, որովհետեւ երբ քեզ ճանաչում են, դու կարծես խոշորացույցի տակ լինես անընդհատ՝ քայլելիս, խոսելիս, ընկերներիդ հետ շփվելիս, երթուղայինում, դասավանդելիս, բեմում, կուլիսներում, իսկ դա նշանակում է, որ միշտ պետք է զգոն լինես, որպեսզի այն մարդը, ով քեզ ճանաչում է, ինչու ոչ, նաեւ սիրում, որեւէ կերպ չկասկածի եւ չզղջա իր ընտրած դերասանուհուն սիրելու համար:

- Փորձերի ժամանակ հաճախ են լինում զավեշտալի իրավիճակներ: Ձեզ հետ պատահած մի հետաքրքիր դեպք կպատմե՞ք:

- Դա էլ է հարաբերական, որովհետեւ այդ զավեշտալի դեպքերը մեզ համար են զավեշտալի եւ տվյալ պահին են պատկանում: Եթե ես հիմա Ձեզ կամ Ձեր ընթերցողին պատմեմ, ոչ մի կերպ զվարճալի չի լինի, որովհետեւ դա պահի հումոր է, պահի տակ ստացված բան է, զուտ մասնագիտական է: Դրա համար կոնկրետ բան պատմել չեմ կարողանա: