Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 02-05-2017
Գագիկ Գինոսյան. «Պարը գնալով ավելի ահագնացող հզորություն է ներշնչում»
«Ես այն եմ, ինչ կամ, մի՛ փորձեք շուռ տալ ինձ գլխի վրա, մի՛ փորձեք պատկերացնել այնպիսին, ինչպիսին դուք եք ուզում, որովհետեւ դրանից ո՛չ իմ արմատները պտուղ կտան, ո՛չ էլ սաղարթներս արմատ կդառնան: Ես այն եմ, ինչ կամ, օգնե՛ք ինձ ձեր պատվաստով ավելի կատարյալ պտուղ տալ եւ ոչ թե փորձե՛ք դարձնել այնպիսին, ինչպիսին դուք եք ուզում...»:

Իմ զրուցակիցն ազգային պարերի մասնագետ, ազգագրագետ, «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն է: 

Երբ հարցազրուցի անցկացման համար միասին վայր էինք ընտրում, Գագիկ Գինոսյանը խորը մտորումներով թվարկում էր  երեւանյան մի քանի խորհրդանշական վայրեր՝ Մատենադարան, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն, «Մայր Հայաստան» հուշահամալիրին մոտ տարածքներ, որտեղ ազգայինի շունչն առավել շատ է զգում... Երեւանը Գագիկ Գինոսյանը կապում է նաեւ Ալեքսանդր Թամանյան անվան հետ, ում արվեստն անգերազանցելի է համարում: Թամանյանի թոռան՝ Ալեքսանդր Թամանյան կրտսերի անմիջական հրամանատարության ներքո էլ կռվել է Արցախյան պատերազմի ժամանակ, որտեղ իր կյանքի ամենահուզառատ օրերն են անցել: Այդ ժամանակ է ունեցել զգացողություններ, որոնք, առավել քան պարը, փոթորկել են հոգին:

«Երբեմն  հարցնում են. «Չե՞ք հոգնել պարելուց»: Ասում եմ. «Ես չեմ էլ կշտացել, որ հասցնեմ հոգնել»: Հիմա էլ իմ մեջ հուզումներն ալիքվում են: Հիմա էլ, բացի պատերազմի ժամանակ մեկ դրվագից, իմ կյանքում ոչ մի դեպք այդքան խորքային ցնցում չի ապրեցրել եւ այդքան զորեղ ներուժ չի տվել, ինչպես պարը, որը գնալով ավելի ահագնացող հզորություն է ներշնչում»:

Ծայրահեղությունից ծայրահեղություն, հանգիստ եւ միաժամանակ տարերքի մեջ, շարժուն, թռչկոտուն, չարաճճի ու միեւնույն ժամանակ «դինջ»: Ախալցխայում ծնված եւ մեծացած Գագիկ Գինոսյանի մասին կարծիքները դեռեւս փոքրուց խիստ հակասական էին: Սակայն մի բան հստակ էր՝ այդ «ոչ սովորական» պատանին հենց սկզբից ընդհանրության մեջ չէր տեղավորվում:



- Երբ քաղաքում էինք, ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ քաղաքից դուրս կարող եմ ժայռեր մագլցել, ժայռից ժայռ թռչել, կոտրվածքներ ստանալ: Մինչեւ մյուսները կհասցնեին մի բան ուսումնասիրել, ես հասցնում էի կողքի գետը մտնել, լողանալ կամ ծառի կատարին հայտնվել: Ծայրահեղությունների ընդհանրացում եմ. կա՛մ շատ հանգիստ եմ, կա՛մ՝ տարերքի մեջ: Երբեք միապաղաղ բաներ չեմ սիրել: Ինձանից անկախ՝ չեմ տեղավորվել, չեմ հարմարվել ընդհանրության մեջ: Միգուցե հորոսկոպի իմ նշանին էլ է դա համապատասխանում. ինչպես ասում են` «Առյուծը կա՛մ քնած է, կա՛մ որս է անում»:

Երբ Խորհրդային Միության ժամանակ ազգային արժեքներ էին ոչնչացվում, Ախալցխայի այդ հայկական ընտանիքում հնարավորինս պահվում էին ազգային արժեքները: Նրանց տանը կային զորավար Անդրանիկի, Վարդան Մամիկոնյանի նկարները, Նժդեհի գաղափարախոսության ամենօրյա ընթերցումներ էին լինում:

- Հայրս շատ հայրենասեր մարդ էր: Մենք միակ ընտանիքն էինք Ախալցխայում, որ հորս «հայրիկ» էինք ասում: Դա շատ անգամ ծաղրի էր ենթարկվում օտարամոլների կողմից: Տարբեր առիթներով ծեծկռտուքի մեջ էինք ընկնում մեր պատիվը պահելու համար: 3-4-րդ դասարանում էի սովորում, երբ հայրս ռենտգեն ժապավենի վրա տան պայմաններում ձայնագրված սկավառակ բերեց եւ ասաց. «Դռները փակե՛ք, դրսում չխոսեք այն մասին, ինչ կլսեք»: Առաջին անգամ լսեցի «Գնդակ որոտաց նոյեմբեր ամսին, պաշարված եմ ես, իմ սիրո՛ւն Սոսե…» երգը: Հայրս երբեք ետ չկանգնեց ազգային դաստիարակությունից:

Այդ դաստիարակությունը չէր կարող իր հետքը չթողնել: Ֆիզիկամաթեմատիկական գիտելիքներով աչքի ընկնող Գագիկ Գինոսյանը, ով սովորել եւ ավարտել է Պոլիտեխնիկական ինստիուտը, Ֆիզիկայի ինստիտուտում էլ որոշ ժամանակ գիտությամբ է զբաղվել, ի վերջո պետք է գնար դեպի ազգայինը՝ նոր շունչ հաղորդելու մեր պարերին:



- Շատ ավելի լավ կարող էի սովորել, շատ ավելի լուրջ մասնագետ կարող էի դառնալ, բայց երիտասարդությունն այդպիսին է: Ես չկարողացա լինել գրանիտը կրծող այն տղաների նման, ովքեր օրնիբուն, մոռանալով ամեն ինչ, կարող են իրենց նվիրել գիտությանը: Չկարողացա միայն մեկ բանով սահմանափակվել. դա կտրում է կենցաղից, կյանքից եւ շատ հաճախ դարձնում է դիմազուրկ եւ երբեմն նաեւ մարդկության համար անպիտան: Հետո մի արձակ բանաստեղծություն գրեցի, որ իմ ծառը բարդու նման միաբուն չէ, այլ ծիրանի նման փռված՝ տարբեր բներով եւ տարբեր պատվաստներով:

Պատահական մի դիպվածով Գագիկ Գինոսյանը գնաց դեպի ազգագրական պարը: Ընկերը մի աղջկա էր սիրահարված, ով պարում էր «Վան» ազգագրական պարի խմբում: Ընկերոջ հետ գնացին այդ խումբ ընդունվելու, որ աղջկան ավելի մոտ լինեն:

- Վստահ էի, որ մեզ չեն ընդունի: Սակայն Հայրիկ Մուրադյանի բարեհոգությունը ստիպեց այլ բան մտածել: Նույնիսկ չհասկացա՝ ինչպե՞ս բարձրացա բեմ եւ ամիսներ անց առաջին անգամ Անդրանիկ զորավարի հոբելյանին հնարավորություն ունեցա Պոլիտեխնիկի բեմում պարելու: Առաջին բեմելս այդտեղ է եղել: 

Գագիկ Գինոսյանի կյանքում բեկումնային եղավ Հայրիկ Մուրադյանի հետ հանդիպումը, ով կարողացավ նրա նման ամաչկոտ մարդուն, ով վաճառողի՝ կին լինելու պատճառով խանութից պաղպաղակ չէր գնում, համոզել, որ բեմից պար ներկայացնի:

- Իմ կյանքը բեկվեց Հայրիկ Մուրադյանի շնորհիվ: Նրա՝ ազգային մշակույթի, ազգային տեսակի բնորոշման կարեւորության մասին դասերը շատ հիմքային փոփոխություններ ստեղծեցին իմ կերպարի մեջ: 

Սակայն երբեք չէր պատկերացնի, որ մի օր Հայաստանում ասելու են ազգագրական պար ու իրեն հիշեն: Այդ փաստը նրան ավելի շատ տխրեցնում է:



- Ունենալով խորհրդահայ պարի մեծ դպրոց, 100-ավոր շրջանավարտներ, հնչեղ անուններ՝ ինչ-որ մի ֆիզիկոս եկել է եւ որոշել, թե ինչպիսին պետք է լինեն ազգագրական պարերը, եւ ճաշակ է թելադրում: Կարծում եմ՝ սա իրականում ողբերգություն է. նշանակում է՝ խորհրդային բոլոր տարիներին մենք սխալ ճանապարհով ենք ընթացել, եթե կարող է կողքից ինչ-որ մեկը գալ եւ մի քանի տարում հեղափոխել ամբողջ պարարվեստը եւ ասել, որ սա կեղծ էր: 70 տարվա մեջ այնքան էին մեռցրել մեր մշակույթը, որ միայն մի քանի նվիրյալ վայրերում էր պահպանվել այն: Ստեղծել էին կեղծ «ընտրյալների մշակույթ», որը նաեւ հեգնանքով էր վերաբերում այն բանին, թե ինչպես կարող է ժողովուրդն իր պարը պարել: Պարը ժողովրդինն է, եւ ով մեծամտանում է ու կարծում, որ ինքն ընտրյալ է, ուղղակի թող հիշի Կոմիտասին. «Եթե ուզում եք տեսնել կատարյալը, հանճարեղը, գնացե՛ք եւ սովորե՛ք ժողովրդից»: 

Գագիկ Գինոսյանը նաեւ բանաստեղծություններ է գրում, 300-ից ավելի աֆորիզմների հեղինակ է: Արցախյան պատերազմից հետո նաեւ ռազմական կրթություն է ստացել:

- Շատ բաներ կան, որ կուզեի ավելին անել: Հաճախ շատ ցավով եմ լցվում, որ հայկական ռազմական գիտությանն անպետք եղա, չօգտագործեցի իմ ստացած գիտելիքները: Վստահ եմ, որ շատ ավելին կարող էի անել նաեւ պարարվեստի, մշակույթի մեջ: Ափսոսում եմ, որ հայ գիտությանը նույնպես անպիտան եղա:

Նրա հոգեւոր աշխարհի մեջ շատ բան է փոխել Արցախյան պատերազմը: Այն տվել է ներքին հպարտություն, ազգային արժանապատվության գիտակցություն, իր ճակատագրին տեր լինելու կամք եւ վստահություն: 

- Հուզական հայրենասիրությունը վերածվեց գաղափարական հայրենասիրության: Երբ ամբողջ աշխարհը կարծում էր, որ անհնար է հաղթել Ադրբեջանին, մենք կարողացանք աշխարհին ապացուցել, որ, ինչպես Նժդեհն է ասում, «Կռվում է ոչ թե քանակը, եւ ով համրում է կռվի դաշտում, իր պարտությունն է նախապատրաստում»:



Երջանկությունը...

- Արվեստի, գիտության մարդը մասնագիտական առումով երբեք երջանիկ չպիտի լինի, որովհետեւ երջանկությունը հանճարի մահն է: Երկու դուստր ունեմ, կուզենայի արու զավակ ունենալ: Ես միշտ ինքնաբավ մարդ եմ եղել, առանձնապես մեծ նկրտումներ չեմ ունեցել, եւ վստահ եմ, որ երջանկությունը մեր ներսում է եւ ոչ թե նրա արտաքին դրսեւորումներում: Եթե դու իրական արժեքները հասկանում ես, կենցաղային երեւույթները չեն կարող խանգարել, որ երջանիկ լինես:

Սերը...

- Սերն ամեն ինչ է, եթե չկա սեր, չկա ոչինչ: Ես եզակի մարդկանցից եմ, ով չի աշխատում, բայց վաստակում եմ, որովհետեւ այն, ինչ անում եմ, երբեք ինձ համար աշխատանքի չի վերածվել, շատ կարեւոր է սիրել այն, ինչ անում ես: Առանց սիրո արված ոչ մի գործ պտղաբեր չի կարող լինել:

Խորհուրդը երիտասարդներին...

- Մարդն այնպիսին է, ինչպիսին որ կա եւ պետք է ձգտի կատարելագործվել իր տեսակի մեջ: Եվ չփորձի ուրիշներին կապկել, ուրիշներին նմանվել, ուրիշների հաջողությունները հաշվի առնելով՝ փորձել նրա նման հաջողության հասնել: Ամեն մեկի հաջողության բանաձեւն առանձին է, անհատական: