Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Հարություն Ծատրյանի
Տեղադրվել է 07-05-2017
Մերուժան Մինասյան. «Այս փոքրիկ հողակտորը լիարժեք իմն է. դա զգում եմ ամբողջ հոգով»
Հարցազրույց «Երիտասարդ 2016» մրցանակաբաշխության «Երիտասարդ հայրենադարձ» անվանակարգում հաղթող ճանաչված Մերուժան Մինասյանի հետ:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացված «Երիտասարդ 2016» մրցանակաբաշխության «Երիտասարդ հայրենադարձ» անվանակարգում հաղթող է ճանաչվել դեռեւս 1997 թվականին Իրանից Հայաստան տեղափոխված, մասնագիտությամբ ճարտարագետ, «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցի համահիմնադիր-նախագահ Մերուժան Մինասյանը: 

«Ստորակետն» իր գոյության մեկ տասնամյակի ընթացքում բավականին լայն գործունեություն է ծավալել՝ նոր խոսք, նոր շունչ ու երանգներ բերելով հայկական իրականություն, եւ այսօր, անխոս, իր ուրույն տեղն ունի հայկական շուկայում:  Ճարտարապետական արվեստանոցի բազում նախագծերից են «Այբ» ավագ դպրոցը, «Գրին Բին» սրճարանը, Ամերիկյան համալսարանի գրադարանը, Տաթեւի վանական համալիրի Ձիթհանը, Շուշիի արվեստի ցուցասրահը…

Երազային հայրենիքի եւ իրական Հայաստանի, ընտանիքի, հայրենադարձվելու, Հայաստանում կայանալու, «Ստորակետի» գործունեության եւ այլ թեմաների շուրջ է մեր զրույցը Մերուժան Մինասյանի հետ: 

Իմ երազանքներում Հայաստանն աշխարհի ամենամեծ երկիրն էր…

Ծնվել եմ Թեհրանում՝ Իրանի իսլամական հեղափոխությունից հետո: Մորս ծնողները Ղարաղանից եւ Ղազվինից, հորս ընտանիքը Չարմահալի շրջանից են տեղափոխվել Թեհրան: 

Մենք բնակվում էինք հայկական թաղամասում՝ բավականին մեկուսացված տեղացիներից, հաղորդակցվում միայն մայրենի լեզվով, ապրում հայկական բարքերով, սովորույթներով: Ես կարծում էի՝ աշխարհում բոլորը հայերեն են խոսում: Մեր տունը շնչում էր Հայաստանով: Իմ երազանքներում  Հայաստանն աշխարհի ամենամեծ երկիրն էր… 

Ես համոզված էի, որ օրերից մի օր պիտի տեսնեմ հայրենիքը: Պապս սերմանում էր մեր մեջ այդ հավատը՝ մի օր գնալու ենք Հայաստան:  

…Գրեթե յուրաքանչյուր տարի մեկնում էինք Գերմանիա՝ պայմանավորված հորս աշխատանքով: 1993 թվականին, երբ ես 13 տարեկան էի, վերջապես հաջողվեց լինել Հայաստանում: Առաջին անգամ պիտի տեսնեի իմ երազների Հայաստանը: 

Երբ մեր ինքնաթիռը վայրէջք կատարեց, «Զվարթնոց» օդանավակայանն ամբողջությամբ խավարի մեջ էր, եւ միայն մեկ նարնջագույն լամպ էր վառվում՝ անձնագրերի ստուգման կետում: Առհասարակ, ամբողջ քաղաքն անթափանց խավարի մեջ էր, միայն Ամերիկյան դեսպանատունն էր լուսավորված: 

Հետաքրքիր ապրումներ ունեցա. երբ պայծառ, լուսավոր երազ ունես, սակայն համոզվում ես, որ այն չկա… բայց այնքան ես  ապրել այդ երազում, որ չես ցանկանում հավատալ իրականությանը: Հայաստանը ջերմ էր, ամբողջությամբ իմն էր, բայց իմ երազինը չէր… Չնայած բոլոր դժվարություններին՝ հարազատներս արեցին հնարավորն ու անհնարինը, որպեսզի այդ այցը մեզ համար անկրկնելի լինի: Մինչ այսօր ես հիշում եմ նրանց ջերմությունը:  

Արցախը փոխեց կյանքս…

1997 թվականին հորս խորհրդով տեղափոխվեցի Հայաստան՝ մշտական բնակության: Անկեղծ կլինեմ, բավականին բարդ շրջան ապրեցի: Լուրջ խնդիրների բախվեցի Հայաստանում, քանի որ կրողն էի այնպիսի բարքերի, որոնք այստեղ դեռեւս լիարժեք չէին ընկալվում. օրինակ՝ մազերս երկար էին, ջինսեր էի կրում, ինչն այդքան էլ ընդունված չէր: Շուրջ մեկ տարի ես  ծանր զգացողություններով ապրեցի: Եղավ մի պահ, երբ  ցանկանում էի վերադառնալ Իրան: Եվ ահա այդ ժամանակ էր, որ բարեկամուհիներիցս մեկն առաջարկեց իր հետ Արցախ գնալ: Արցախը չէի տեսել: Մեկնեցի՝ հստակ որոշելով, որ վերադառնալուց հետո կրկին կտեղափոխվեմ Իրան: Սակայն Արցախ կատարած ճանապարհորդությունը ճակատագրական նշանակություն ունեցավ ինձ համար. կյանքս փոխվեց: Զանգելանի շրջանի գյուղերից մեկում վերաբնակեցման ծրագիր էինք իրականացնում: Ես ծանոթացա մի մարդու հետ, ով պատերազմի ժամանակ կորցրել էր երեք որդիներին, սակայն շարունակում էր այդ հողին կառչած մնալ: Հասկացա, որ կյանքում կան ավելի կարեւոր արժեքներ: Թողնել-հեռանալը միշտ ամենահեշտ ճանապարհն է: Ես մնացի եւ հաջորդ տարի ընդունվեցի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան:

«Եթե ուզում ես ճարտարապետ դառնալ, պետք է շատ քրտնես…»

Որպես ճարտարապետ՝ ինձ վրա մեծ է եղել  դասախոսներիցս մեկի ազդեցությունը: Նա բոլորից տարբերվող էր, իր գործի իսկական նվիրյալը, եւ ես շատ բան եմ սովորել նրանից: Մի առիթով ասաց. «Եթե ուզում ես ճարտարապետ դառնալ, պետք է շատ քրտնես»:  

«Գաֆեսճյան» արվեստի կենտրոնի նախագծման աշխատանքների ժամանակ ես արդեն 4-րդ կուրսում էի, եւ դասախոսս ինձ եւս ներգրավեց այդ աշխատանքներում: Դա կարելի է համարել իմ մասնագիտական գործունեության սկիզբը:  

Այնուհետեւ ընկերոջս՝ Նարբե Պետրոսյանի հետ  մասնակցեցինք «Salon» ամսագրի կողմից կազմակերպված «Տուն աստղի համար» մրցույթին եւ չնայած բազում դժվարություններին՝  90 մասնակիցների մեջ 3-րդ տեղը զբաղեցրինք, ինչը բավականին լուրջ արդյունք էր: 

Հաջորդ  տարի մասնակցեցինք ավելի մեծամասշտաբ մրցույթի, այս անգամ՝ Ֆրանսիայում՝ Թուլուզ քաղաքում, եւ 300 մասնակիցների մեջ կրկին երրորդ տեղը զբաղեցրինք: Այդ հաջողությունները մեզ ինքնավստահություն ներշնչեցին, եւ  սկսեցինք մտածել արվեստանոց ստեղծելու ուղղությամբ: 

2007 թվականին ստեղծվեց «Ստորակետը»: Մենք անմիջապես մասնակցեցինք Դիլիջանի գիշերօթիկ դպրոցի նախագծման համար հայտարարված մրցույթին եւ հաղթեցինք, սակայն մեկ տարի անց աշխատանքներն ինչ-ինչ պատճառներով ընդհատվեցին: Այնուհետեւ ստացանք «Այբ» ավագ դպրոցը նախագծելու պատվերը: 

Սկզբնական շրջանում արվեստանոցի անվանումն այնքան էլ ընկալելի չէր, շատերը հարցնում էին՝ ինչո՞ւ ստորակետ: Մեր նպատակն էր ստորակետ դնել եւ շարունակել նորը, մտածելակերպ փոխել շատ երեւույթների նկատմամբ: Մեր աշխատանքի հիմնական սկզբունքներից է միասնական քննարկումը, որոշումների կայացումը, պատվիրատուի հետ երկխոսության մեջ մտնելը: Մենք փորձում ենք ազատություն «պարտադրել», կաղապարներից ձերբազատել: 

Երբ սկսեցինք գործունեություն ծավալել, երիտասարդ էինք, եւ շատերը թերահավատ վերաբերմունք ունեին, սակայն այսօր ուրախությամբ պետք է ասեմ, որ «Ստորակետն»  իր տեղն ունի շուկայում, մեզ ճանաչում են: 

…«Այբ» ավագ դպրոցը մեր ամենակարեւոր նախագծերից է: Աշակերտների ծնողները հաճախ մեզ ասում են, որ երեխաները չեն ցանկանում դպրոցից տուն վերադառնալ: Դա մեզ համար լավագույն գնահատականն է: 

Առանձնահատուկ աշխատանքներից կներկայացնեի նաեւ Ձորաղբյուրում գտնվող մեր մենատներից մեկը: Չեմ ցանկանում ամպագոռգոռ բառեր ասել, բայց փորձել ենք ցույց տալ, որ մենատունը կարող է նաեւ այլ կերպ լինել: Ոմանց տեսանկյունից ապրելու համար գուցե տարօրինակ, բայց յուրահատուկ տուն է, որը շատերին է ոգեշնչել: 

Միշտ առանձնահատուկ վերաբերմունք ունենք այն նախագծերի նկատմամբ, որոնք իրականացվել են Արցախում: Փոքր մատուռ ունենք, «Թումո» կենտրոնը, որ մեզ շատ հոգեհարազատ է: Յուրահատուկ կապ կա մեր եւ հատկապես Արցախում իրականացված նախագծերի միջեւ: 

Ամենամեծ ձեռքբերումը… 

Ամենամեծ ձեռքբերումը մեր արվեստանոցն է, որն իմ տունն եմ համարում: Տասը տարվա ընթացքում բազում դժվարություններ ենք հաղթահարել եւ այսօր արդեն 17 աշխատատեղ ունենք: 

…Եթե անկեղծ լինեմ, մրցանակներին երբեք կարեւոր նշանակություն չեմ տվել: Երբ շենքը կառուցվում է, նման է երեխա մեծացնելուն, եւ դա հոգեկան այնպիսի բավարարվածություն է տալիս… Երբ շինությունը շահագործվում է, դա արդեն իսկ գնահատական է: 

…«Երիտասարդ 2016» մրցանակաբաշխության ժամանակ հետաքրքիր զգացողություններ ունեցա: «Երիտասարդ հայրենադարձ» անվանակարգում առաջադրված էին նաեւ  Իրաքից Հայաստան տեղափոխված Արա Կեդեկյանը, Սիրիայից տեղափոխված Անդրանիկ Սաֆարը: Ես շատ ուրախ կլինեի, եթե նրանք հաղթեին: 

Հաղթողները պետք է որոշվեին առցանց քվեարկությամբ, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով քվեարկությունը տեղի ունեցավ՝ ձեռք բարձրացնելով: Ինձ համար անսպասելի էր, որ դահլիճում այդքան մարդ ճանաչում է ինձ եւ գնահատում: Դա նաեւ պարտավորեցնող է: Առհասարակ պարտավորեցնող է հայ լինելը, Հայաստանում լինելը: Գեղեցիկ, դրական միջոցառում էր: Հուսով եմ՝ շարունակական կլինի:

Այս փոքրիկ հողակտորը լիարժեք իմն է. դա զգում եմ ամբողջ հոգով

Շուրջ մեկ տարի աշխատել եմ ԱՄՆ-ում: Նախքան մեկնելս մի քանի անգամ տեսել էի Արփինեին եւ անտարբեր չէի նրա նկատմամբ, սակայն երբեւէ չէի խոսել այդ մասին: Երբ վերադարձա, երգիչ Արթուր Իսպիրյանը ծանոթացրեց ինձ եւ ապագա կնոջս: 

Երկու որդի ունենք՝ Արեգը եւ Մհերը, եւ հպարտ ենք նրանցով: Որպես հայրենադարձ՝ իմ ազգանունը գրվում է «ian»-ով,  որդիներիս ազգանունը գրվում է՝ «yan»-ով: Նրանք լիիրավ հայաստանցի են եւ երբեք ստիպված չեն լինի հայտնվել երկու իրականությունների միջեւ: 

 …Իրանն իմ ծննդավայրն է, եւ այդ երկրի նկատմամբ ջերմ զգացմունքներ ունեմ, սակայն միշտ գիտակցել եմ, որ այն իմը չէ: Այս փոքրիկ հողակտորը, որտեղ ապրում եմ, լիարժեք իմն է. դա զգում եմ ամբողջ հոգով: