Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Հարություն Ծատրյանի
Տեղադրվել է 13-05-2017
Հարություն Մնացականյան. օրգանական հացահատիկի միակ արտադրողը Հայաստանում
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացված «Երիտասարդ 2016» մրցանակաբաշխության «Երիտասարդ գյուղատնտես» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Արգրեյն» ՍՊԸ-ի տնօրեն Հարություն Մնացականյանը:

Հարությունը ծննդով Եղվարդից է: Ուսանել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի (ներկայում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան) կոմերցիայի եւ ապրանքագիտության ֆակուլտետում: Ուսումնառության ավարտից հետո զորակոչվել է ՀՀ ԶՈՒ: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից հետո՝ 2005 թվականից, աշխատանքի է անցել «Ֆեռո» ՍՊԸ-ում՝ որպես շուկայի մենեջեր,  2008 թվականից՝ «Էյ Իքս Ար Ալկո» ՍՊԸ-ում՝ որպես շուկայագետ: 

2010 թվականից սկսել է զբաղվել գյուղատնտեսությամբ,  2014-ից՝ օրգանական հացահատիկի աճեցմամբ, վերամշակմամբ եւ իրացմամբ (արտահանմամբ): Նույն թվականին հիմնել է «Արգրեյն» ՍՊԸ-ն: Օրգանական հացահատիկի միակ արտադրողն է Հայաստանում: 

2016 թվականից սովորում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բույսերի պաշտպանության բաժնի մագիստրատուրայում: 

- Հարությո՛ւն, չափազանցություն չի լինի, եթե նկատենք, որ Ձեր ոլորտում բավականին լուրջ հաջողությունների եք հասել: Ինչպիսի՞ն էր Ձեր գործունեության մեկնարկը, ի՞նչ հեռանկարներ ունեիք, ի՞նչ դժվարությունների եք բախվել հատկապես սկզբնական շրջանում: 

- Պարզապես մի օր որոշեցի դուրս գալ աշխատանքից եւ սեփական բիզնես հիմնել, թեպետ սկզբնական շրջանում դեռեւս չէի կողմնորոշվել, թե ինչից է անհրաժեշտ սկսել: Այդ առումով երեւի որոշիչ դեր ունեցավ հեռուստատեսությամբ դիտած մի ռեպորտաժ: Տեսանյութը պատմում էր Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչների մասին, ովքեր լուրջ խնդիրների էին բախվել. հաճարի հարուստ բերք էին ստացել, սակայն չէին կարողանում ոչ մի կերպ իրացնել անգամ 70 դրամով եւ ստիպված  այն օգտագործում էին որպես անասնակեր: Խնդիրը հետաքրքրեց, սկսեցի ուսումնասիրել եւ որոշեցի փորձել ինձ այդ ոլորտում. մտածում էի՝ եթե հաջողակ մարքեթոլոգ եմ,  պետք է կարողանամ բերքը վաճառել: Եվ հաջողվեց: 

Ամեն ինչ սկսվեց այդպես: Նախ գնում էի հացահատիկը, վերամշակում, ապա վաճառում, այնուհետեւ հողատարածքներ վարձակալեցի եւ սկսեցի ինքս զբաղվել հաճարի մշակմամբ: Ստեղծեցի «Արգրեյն» («Armenian grain» (հայկական հացահատիկ)) ՍՊԸ-ն եւ սկսեցի արտադրանքն արտահանել Եվրոպա՝ Իտալիա, Հոլանդիա, Իսրայել… 2014 թվականից սկսեցի զբաղվել օրգանիկ գյուղատնտեսությամբ: 2016 թվականին «Արգրեյնը» միջազգային հավաստագիր ստացավ, եւ առ այսօր Հայաստանում ես եմ օրգանական հացահատիկի միակ արտադրողը:

…Ինչ վերաբերում է խնդիրներին, եթե քաջածանոթ լինեի, գուցե չսկսեի այս գործը (ժպտում է): Յուրաքանչյուր ոլորտում դժվարություններն անխուսափելի են: Իհարկե, եղել են  դժվարություններ՝ պայմանավորված տարբեր խնդիրներով, ավելին՝ ինչքան մեծացնում ես աշխատանքի ծավալները, դժվարությունները եւս շատանում են, սակայն ժամանակի ընթացքում փորձ եմ ձեռք բերել եւ կարողանում եմ հաղթահարել դրանք: 

- Վերջին մի քանի տարիների ընթացքում նաեւ Ձեր գործունեության արդյունքում հաճարի արտադրությունը մի քանի անգամ ավելացել է: Ինչո՞վ է դա պայմանավորված: 

- Հայաստանում 2010 թվականին հաճարի արտադրությունը 400-500 հա էր, այսօր արդեն՝ 4000 հա-ից ավելի: Այսպիսի աճը գրանցվել է սպառման ծավալի մեծացման շնորհիվ: Կարելի է պնդել, որ Հայաստանում հաճարի իրացման խնդիր այսօր չկա:
Վերջին տարիներին կարծես թե հաճարը վերադարձավ մեր կենցաղ: Այսօր անգամ հարսանյաց սրահներում հաճարի փլավ են մատուցում: Լինելով բարձրակարգ, բարձրարժեք հացահատիկ՝ այն լայն տարածում ունի նաեւ եվրոպական երկրներում, մասնավորապես՝ Գերմանիայում, Շվեյցարիայում, Իտալիայում… Հայկական հաճարը, համեմատած այլ երկրների արտադրանքի հետ, ամենաորակյալն է: 

- Ի՞նչ չափորոշիչներով է կատարվում այդ համեմատությունը: 

- Բերքը ստանալուց հետո այն եվրոպական լաբորատորիաներում պարտադիր փորձաքննության է ենթարկվում: Օրինակ՝ պրոտեինի քանակությունը եվրոպական արտադրանքի դեպքում 13-14 տոկոս է, մեր հացահատիկի դեպքում՝ 17 տոկոս: Մեր հաճարի կալորիականությունը 360 կիլոկալորիա է: Վիտամինների քանակությամբ եւ մի շարք այլ ցուցանիշներով մեր արտադրանքը որակապես գերազանցում է այլ երկրների արտադրանքին: 

Ի դեպ, առաջիկա ժամանակահատվածում Եվրոպայում նաեւ սիսեռի մեծ պահանջարկ է լինելու: ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ քննարկումների արդյունքում մենք նաեւ փորձնական սիսեռ ենք ցանել: Հաջողության դեպքում  կկարողանանք նաեւ սիսեռի լուրջ քանակություն արտահանել Եվրոպա: Շատ մեծ է նաեւ քինոայի պահանջարկը: 

- Խնդրում եմ՝ մանրամասնեք: 

- Քինոան լատինաամերիկյան բարձրարժեք բույս է, որը լայն տարածում ունի Եվրոպայում: Կիրառվում է հիմնականում աղցանների, մանկական կերի պատրաստման մեջ: Հայերեն անվանումը՝ սագախոտ: Մեզ հայտնի առաջին վկայություններից պարզ է դառնում, որ այն աճեցրել են ինկերը: Այն անվանել են «աստվածային կերակուր», եւ ոչ բոլորն են այդ բույսից օգտվելու իրավունք ունեցել: Հայաստանում թե՛ ռելիեֆը, թե՛ բնակլիմայական պայմանները բավարար են քինոայի աճեցման համար: Այս տարի մենք նաեւ այդ փորձին ենք դիմել եւ սպասում ենք արդյունքներին: 

- Ի՞նչ փուլում է օրգանիկ հացերի արտադրության Ձեր ծրագիրը: 

- Նախ պետք է խոսեմ օրգանիկ հացերի օգտակարության մասին: Առհասարակ, հացահատիկային կուլտուրաները պարունակում են մեծ քանակությամբ գլյուտեն, որի հայերեն անվանումը սոսնձանյութ է (անվանման հետ այնքան էլ համամիտ չեմ): Այն բավականին վնասակար ազդեցություն ունի հատկապես այն մարդկանց առողջության վրա, ովքեր տառապում են շաքարային դիաբետով: Դրանից բացի՝ որոշ խմբեր, մասնավորապես՝ երեխաները, զգայուն են գլյուտենի նկատմամբ: Իսկ աուտիզմով տառապող երեխաների մոտ գլյուտենի ազդեցությունը կարող է հանգեցնել վարքագծային որոշակի փոփոխությունների: Հաճարի բաղադրությունն այլ է, քանի որ այն գենային փոփոխությունների չի ենթարկվել: Հաճարի հացն առհասարակ օգտակար է բոլորի համար: 

Հայաստանում շաքարային դիաբետով տառապող մարդիկ եւ այլ թիրախային խմբերը լուրջ խնդիրների են բախվում այդ առումով, քանի որ ընտրություն բացարձակապես չկա: Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ շատ դեպքերում որպես օրգանական հացահատիկով թխված ներկայացվող հացերը պարզապես կեղծված են: Վերջին շրջանում «Հետքը» հետազոտություն էր անցկացրել եւ բացահայտել, որ փորձաքննության ներկայացված 7 տեսակի հացերից 6-ը կեղծ էր: 

Այս փուլում շարունակում ենք փորձեր իրականացնել, քանի որ ցանկանում եմ կատարյալ որակ ստանալ: Ուզում եմ հավատ ներշնչել սպառողների շրջանում, որ վստահ օգտագործեն մեր հացերը եւ իրենք էլ իրենց օրգանզիմի վրա կզգան փոփոխությունը: Մի քանի ամսից վերջնական արդյունքը կստանանք: