Նյութը՝ Դավիթ Գրիգորյանից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 19-05-2017
«Trio Mandili» վրացական ֆոլկ խումբը համերգով հանդես կգա Երեւանում
«Trio Mandili» վրացական ֆոլկ խումբն առաջին անգամ համերգով հանդես կգա Երեւանում: Հունիսի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք համերգին երեք աղջիկները կներկայացնեն նաեւ հայերեն ստեղծագործություն: Երեկոյի ընթացքում նախատեսված են նաեւ այլ անակնկալներ:

«Trio Mandili»-ին անհամբերությամբ սպասում է հայաստանյան համերգին: Աղջիկները հայերեն են սովորում ու հասցրել են հայ երկրպագուներին ուղղված տեսանյութ պատրաստել:

Երեք վրացուհիները տարիներ առաջ երազել անգամ չէին կարող հաջողության մասին: Նրանք իրենց «Apareka» երգի համար սելֆի-տեսանյութ նկարահանեցին եւ ներբեռնեցին այն համացանց: Արդյունքում աղջիկների անկեղծ ու խարիզմատիկ տեսահոլովակը միլիոնավոր դիտումներ գրանցեց՝ նրանց բերելով համաշխարհային ճանաչում:

«Apareka» տեսահոլովակն արդեն հավաքել է 20 միլիոնից ավելի դիտում, իսկ խմբի երկրպագուների բանակը շարունակում է աճել: Տրիոն վերջերս ձայնագրել է իր անդրանիկ` «With Love» ալբոմը: Ալբոմի անվանումը պատահական չէ ընտրված. մարդկանց, երաժշտության ու կյանքի նկատմամբ սիրով լցված` խումբը շրջագայություններով հանդես է գալիս մի շարք երկրներում:

Տրիոն արդեն իսկ երկրպագուների մեծ բանակ ունի ոչ միայն Վրաստանում, այլեւ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում ու նույնիսկ Ավստրալիայում:

Տեղեկացնենք, որ խմբի երեւանյան համերգի կազմակերպիչներն են «Prime Production» եւ «Azd Production» ընկերությունները: Համերգի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ինչպես տոմսարկղերից, այնպես էլ տոմսերի վաճառքով զբաղվող օնլայն հարթակներից: