Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 19-05-2017
Հոգեբանական վերնիսաժ՝ ԵՊՀ-ում
Արդեն 7-րդ տարին է, ինչ ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետում կազմակերպվում է հոգեբանական վերնիսաժ:

Էքսպոյին ներկայացված են շուրջ 25 հոգեբանական կենտրոններ եւ կրթական համակարգեր, որոնք ուսանողներին կողմնորոշում են, իրազեկում հոգեբանության ոլորտի ծառայությունների մասին, առաջարկում ինքնադրսեւորման հարթակներ: 



Ըստ ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանի՝ միջոցառման նպատակն է հասարակությանը  իրազեկել հոգեբանության, հոգեբանների մասնագիտական կարողությունների եւ հնարավորությունների մասին. «Հաջորդ տարիներին նախատեսվում է էքսպոն դարձնել համահամալսարանական: Այս տարի, նախորդ տարիների համեմատ, մասնակիցների ռեկորդային թիվ ունենք»: 



ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ Էլինա Ասրիյանը փաստում է, որ միջոցառումը նորույթ է կրթական ոլորտի համար եւ ուսանողին ակտիվության լրացուցիչ խթան է տալիս. «Այն բարձրացնում է ուսանողների սոցիալական, հուզական ինտելեկտը, որն անհրաժեշտ է աշխատանք գտնելու եւ հաջողված մասնագետ լինելու համար: Էքսպոն կամուրջ է կառուցում ուսանողի եւ աշխատաշուկայի միջեւ»: 



Աստղիկ Մնացականյանը ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի է: Նա փաստում է, որ էքսպոն օգտակար է հատկապես բարձր կուրսերի ուսանողների մասնագիտական կողմնորոշման համար. «Շատ օգտակար է նաեւ այն տեսանկյունից, որ ծանոթանում ենք հոգեբանական ոլորտի կառույցներին, որոնց հետ կարող ենք համագործակցել»:



Նշենք, որ միջոցառմանը հրավիրված են ոլորտի գործատուներ, ովքեր ուսանողներին նաեւ աշխատանքի առաջարկներ են կատարում: Ներկա էին նաեւ ՀՀ զինված ուժերի, ԼՂՀ պաշտպանության բանակի հոգեբան-սպաներ: