Նյութը՝ Գոհար Ջուլհակյանի
Լուսանկարները՝ Նարե Շահինյանի
Տեղադրվել է 24-05-2017
Լ. Մելիքյան. «Ազգայինի հանդեպ սերը տարածվեց «Տերյան» մշակութային կենտրոնի շնորհիվ»
Բազմազանության այնպիսի ժամանակներում, ինչպիսին այսօր է, ստեղծվում եւ իրենց գործունեությունն են ծավալում տարաբնույթ ընկերություններ, կազմակերպություններ, միություններ եւ կենտրոններ:

Դրանց կողքին քչերին է հաջողվում ստեղծել ազգապահպան եւ ազգային գաղափարախոսությունը տարածող կառույցներ: Մեր զրուցակիցն այդպիսի կենտրոններից մեկի՝ «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանն է, ում հետ զրույցում անդրադարձել ենք կենտրոնի գործունեությանը, նրանց կողմից ստեղծված առաջին տարազին, ազգային երեւույթներին եւ իհարկե մեզանում դրանց ճանաչելիության մակարդակին: 

- Ե՞րբ եւ ինչպե՞ս ծագեց մշակութային կենտրոն ստեղծելու գաղափարը:

- «Տերյան» մշակութային կենտրոնը ստեղծվել է 2002 թվականին, եւ այն ստեղծելու գաղափարը հղացել է Առուշան Հակոբյանը: Վերջինս, լինելով Ախլցխայից եւ փայլուն ճանաչելով Տերյանին, ցանկություն ունեցավ ստեղծել մշակութային այնպիսի կենտրոն, որը կծառայեր Վահան Տերյանի գրական ժառանգության ուսումնասիրմանը եւ տարածմանը, այսինքն՝ մշակութային կենտրոնն ի սկզբանե ստեղծվել էր այլ նպատակով: 



- Ի՞նչը ստիպեց Ձեզ ընդլայնել մշակութային կենտրոնի գործունեությունը:

- Ես դեռ պարզապես կենտրոնի աշխատակից էի, երբ պրն. Հակոբյանն առաջարկեց ղեկավարել իր ստեղծած կենտրոնը: Ստանձնելով ղեկավարի դերը՝ մտածեցի՝ մեզ համար միայն գրականությունը շատ նեղ է, եւ ավելի լավ կլինի կառույցը լայն բովանդակությամբ մշակութային կենտրոնի վերածելը: Ես՝ որպես ղեկավար, կենտրոնին բերեցի իմ շունչը, իմ նախասիրությունները՝ ընդլայնելով կենտրոնի գործունեությունը: Աստիճանաբար մեզ մոտ սկսեց զարգանալ նաեւ դեկորատիվ եւ կիրառական արվեստի ճյուղը: Վստահաբար կարող եմ ասել, որ մարդկանց՝ կենտրոնի նկատմամբ ունեցած հետաքրքրությունը նույնպես կարեւոր նշանակություն ունեցավ՝ նպաստելով մեր գործունեության ընդլայնմանը: 

- Կհիշե՞ք Ձեր կողմից ստեղծված առաջին հագուստի պատմությունը:

- Կենտրոնի հագուստների ստեղծման գործում մեծ ներդրում ունի մեր առաջին պրոֆեսիոնալ ձեւարարը: Նա մի կին էր, ով ինչ-որ կահույքի սրահում տեսել էր իմ նկարը եւ դրա հետքերով գնալով՝ գտել էր ինձ՝ նկարն անմիջապես հեղինակից ձեռք բերելու նպատակով: Որոշակի շփման արդյունքում բացահայտեցի, որ մարդը շնորհներ ունի. փայլուն ձեւարար է: Նրա հետ կիսվեցի տարազներ ստեղծելու իմ գաղափարով, եւ միասին պատրաստեցինք առաջին տարազը՝ կարված ինձ համար: Դա արցախյան տարազն էր… Ես այն կրեցի ինչ-որ միջոցառման ժամանակ: Տեսնելով, որ այն մեծ ոգեւորություն եւ հետաքրքրություն առաջացրեց մարդկանց շրջանում, որոշեցի, որ կարելի է ունենալ մի քանի տարազներ՝  նմանատիպ միջոցառումներին կրելու համար: Դրանից հետո, իհարկե, ստեղծեցինք տարբեր հագուստներ, բայց առաջինն արցախյան տարազն էր: Երկար մի ճանապարհ, որի հիմքում իմ նախասիրությունն է: Ժամանակի ընթացքում այն դարձավ լուրջ նախագիծ: Դա ինձ թույլ է տալիս վստահաբար ասելու, որ նախագծի շնորհիվ ամբողջ երիտասարդության ուշադրությունը, սերը սեւեռվեցին դեպի ազգային հագուստը եւ ոճավորված ազգային հագուստը: 



- Մեր հասարակության շրջանում ազգային հագուստի մասին ունեցած պատկերացումները որքանո՞վ են համապատասխանում իրականությանը: Արդյո՞ք այն, ինչ համարում ենք ազգային, իսկապես ազգային է: 

- Այս մասին խոսելիս պետք է անկեղծորեն նշեմ, որ մեր հասարակության՝ ազգայինի մասին ունեցած պատկերացումները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը: Վստահաբար կարող եմ ասել, որ ազգային պարը ճանաչելն ու սիրելը մեր օրերում կարողացավ տարածել միայն Գ. Գինոսյանը: Նույն վստահությամբ էլ կասեմ, որ հազարավոր մասնագետներ կան Հայաստանում, ովքեր ազգայինի մասին շատ բան գիտեն, բայց ազգայինի հանդեպ սերն առաջացրեց ու տարածեց «Տերյան» մշակութային կենտրոնը. սերը տարածելու ձեւը գտանք մենք: