Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 27-05-2017
Լիլիթ Ամիրշադյան. «Շատ լավ երիտասարդներ ունենք, բայց շատերն էլ չգիտեն՝ ինչ են ցանկանում»
Մայիսի 27-ից «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում մեկնարկեց անձնական աճի թրեյներ եւ ուղեղի փորձագետ Լիլիթ Ամիրշադյանի «Ուղեղի ծրագրավորում» թրեյնինգը:

Ինչպես ծրագրավորել ուղեղը երջանկության, հաջողության ու առողջության համար. թրեյնինգի ընթացքում հենց այս երեք հարցերին է պատասխանելու Լիլիթ Ամիրշադյանը: 

«Թրեյնինգի հիմքն այն է, որ մեր կյանքում ամեն ինչ սկսվում է ուղեղից: Բոլորս ուզում ենք լինել առողջ, երջանիկ, հաջողակ, առանց դրանց կյանքի լիարժեքությունը կորչում է: Դրա համար էլ թրեյնինգը հիմնված է հենց այդ երեք հիմնական հատկանիշների վրա: Ես ցույց եմ տալիս, թե ինչից են առաջանում խնդիրները, նաեւ՝ ինչպես լուծել դրանք»,-Eritasard.am-ի հետ զրույցում նշեց Լիլիթ Ամիրշադյանը: 

Փորձագետը վստահ է՝ ուղեղը ճիշտ կառավարելով՝ հնարավոր է ճիշտ կառավարել կյանքը: Անձնական աճի թրեյներն ու ուղեղի փորձագետը, ով աշխատանքի բերումով հաճախ է շփվում երիտասարդների հետ, փաստում է՝ ունենք շատ լավ երիտասարդություն: 

«Մեր երիտասարդներին շատ են քննադատում, բայց կան իսկապես լավ երիտասարդներ, ովքեր ցանկանում են ինչ-որ բանի հասնել: Պարզապես կան երիտասարդներ, ովքեր չգիտեն, թե ինչ են ցանկանում: Մի քանի ամիս առաջ 100 մարդու շրջանում հարցում եմ արել, 100-ից երեք հոգի է միանգամից պատասխանել «Ի՞նչ ես դու ուզում» հարցին: Շատ խնդիրներ առաջանում են այն պատճառով, որ մարդիկ չգիտեն՝ ինչ են ցանկանում: Ամեն ինչ անորոշ է: Մեր երիտասարդները փոքր տարիքից ազատ չեն իրենց ընտրության հարցում, քանի որ որոշումները կայացնում են ծնողները՝ իհարկե մտածելով երեխայի մասին»,- նշում է փորձագետը՝ հավելելով, որ ծնողները սահմանափակում են երիտասարդների ցանկությունները՝ սկսած առաջին հայացքից հասարակ թվացող մասնագիտության ընտրությունից: 

«Օրինակ՝ եթե երիտասարդը ցանկանում է դառնալ արվեստագետ, ասում են՝ «Ի՞նչ արվեստագետ Հայաստանում, դարձի՛ր տնտեսագետ»: Այնպես, ինչպես իմ դեպքում է եղել: Երեխան իր «ես»-ի հետ չի կարողանում համակերպվել ու առաջանում են խնդիրներ»,- փաստում է Լիլիթ Ամիրշադյանը:

Փորձագետը շեշտում է, որ իր մյուս՝ «Առաջնորդ 30 օրում» թրեյնինգին հատկապես մեծ է երիտասարդների մասնակցությունը:  

Տեղեկացնենք, որ Լիլիթ Ամիրշադյանն ուղեղի աշխատանքի մասին գիտելիքների մեծ մասը ստացել է իր առաջին ուսուցչից՝ հոգեբան Զարուհի Հայրապետյանից: Այժմ սովորում է T.Harv Eker International ակադեմիայում եւ T.Harv Eker-ի անվան Rich Life Club-ի անդամ է: Սովորում է նաեւ Николай Латанский-ի անվան «Настоящий Успех» ակադեմիայի բիզնեսի կառավարում բաժնում: «Իմ կյանքը մեկ նկարում» գրքի, մի քանի թրեյնինգների հեղինակ է: