Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 30-05-2017
Ավիշայ Քոենն իր տրիոյի հետ Հայաստանում է
Հանրաճանաչ Ավիշայ Քոենն իր տրիոյի հետ մայիսի 31-ին առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում` «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Երաժիշտն արդեն իսկ մեր երկրում է ու հասցրել է հանդիպել հայ լրագրողների հետ` պատմելու երեւանյան ելույթի մասին: Ավիշայ Քոեն՝ կոնտրաբաս եւ վոկալ, Իտամար Դոարի՝ հարվածային գործիքներ, Օմրի Մոռ՝ դաշնամուր. հենց այս` աշխարհում մեծ ճանաչում վայելող տրիոն է հայ ունկնդրին պարգեւելու անմոռանալի ակնթարթներ: 

«Հայ հանդիսատեսին կներկայացնեմ իմ վերջին տարիների ստեղծագործությունները, բայց ամենակարեւորն այն է, որ բազմաթիվ իմպրովիզներ են լինելու, եւ անգամ ես չգիտեմ, թե ինչ եմ ներկայացնելու։ Այնքան տարբեր ոճերի երաժշտություն եմ լսում եւ ոգեշնչվում, որ հենց դրանից է առաջանում երաժշտության մեջ փոփոխություններ անելու ձգտումը»,-լրագրողների հետ զրույցում նշեց Ավիշայ Քոենը: 

Երաժիշտը փաստեց, որ առաջին անգամ չէ Հայաստանում, այստեղ եղել է 17 տարի առաջ: Հայ երաժշտությանն իսրայելցի ջազ կոնտրաբասահարն ու կոմպոզիտորը ծանոթ է: Քոենը շեշտեց` սիրում է Տիգրան Համասյանին, լսում է «System of a Down»: 



Նշենք, որ բացառիկ համերգն իրականություն է դառնում «Prime Production»-ի եւ «Արդշինբանկի» նախաձեռնությամբ: Համերգի իրականացմանն աջակցում են Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոսությունը, Ջազի հայկական ասոցիացիան եւ «Մուրան» ընկերությունը: 

Իսրայելցի ջազ կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող Ավիշայ Քոենը բազում բեմեր է նվաճել: Երաժշտական քննադատները փաստում են` Քոենն օժտված է իսկական ջազմենին բնորոշ բոլոր գծերով. ունի բնածին խարիզմա, ուժեղ զգացմունքներ ու իմպրովիզներ կատարելու յուրատեսակ տաղանդ: 

Քոենը ծնվել է Երուսաղեմում 1970 թ.: Շատ վաղ տարիքից սկսել է դաշնամուր նվագել: Պարզապես նվագում էր այն, ինչ սիրում էր: Եվ հենց ընտրության ազատությունը նրան ավելի մոտեցրեց ջազին:

14 տարեկան էր, երբ ծնողները տեղափոխվում են Սենտ-Լուիս: Այնտեղ պատանին տեսնում է բաս կիթառ ու սիրահարվում ջազին: Իսրայել վերադառնալուն պես նա սկսում է հաճախակի այցելել ջազային համերգների: Հետագայում սկսում է կոնտրաբաս նվագել սովորել: 

1992-ին Ավիշայը տեղափոխվում է Նյու Յորք: Սկզբում ապրուստ վաստակելու համար աշխատում է շինարարության ոլորտում, սակայն կամաց-կամաց փառք է ձեռք բերում երաժշտական ասպարեզում: Նրան նկատում են. հաջողությունն ապահովված էր: