Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Հարություն Ծատրյանի և Սոֆյա Խաչատրյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 30-05-2017
Սոֆյա Խաչատրյան. «Նայում եմ մրցանակիս, ուժ եմ ստանում եւ մտածում նորը ստեղծելու մասին»
«Այլ կերպ» հայալեզու սեղանի թիմային ինտելեկտուալ խաղն ամենասիրված, ճանաչված, ամենափնտրվող խաղերից մեկն է երեւանյան գրախանութներում եւ ոչ միայն…

3 տարի առաջ 3 երիտասարդ գործընկերուհիների՝ Սոֆյա Խաչատրյանի, Անահիտ Հակոբյանի եւ Էլինա Մելիքյանի կողմից ստեղծվեց «Այլ կերպ» ընկերությունը, որի առաջին արտադրանք էլ համանուն խաղն էր: 

Հետագայում «Այլ կերպ»-ի հավելվածը, «Մի շնչով»-ը, «Այլ կերպիկ»-ը, իսկ շուրջ մեկ ամիս առաջ ընկերության արտադրած վերջին խաղը՝ «Զիլ զառ»-ը, կարելի է ասել,  կրկնեցին «առաջնեկի» հաջողությունները: 

Eritasard.am-ը զրուցել է «Այլ կերպ»-ի համահիմնադիր Սոֆյա Խաչատրյանի հետ, ով հաղթող է ճանաչվել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացված «Երիտասարդ 2016» մրցանակաբաշխության «Երիտասարդ գործարար» անվանակարգում: 



Դպրոցական վերջին զանգը դեռ չհնչած՝ Երեւան մեկնող ինքնաթիռի մեջ էի 

Ծնվել եմ Երեւանում: Գունեղ, հեքիաթային, «հայկական» մանկություն եմ ունեցել: Պապս տանը կից այգի ուներ, որտեղ ծիրանենիներ կային, դրանք մենք անվանում էինք «ցոգոլի ծառեր»… Մանկությանս հուշերի զգալի մասը կապված է մեր տան ու այգու հետ… 


Երբ սկսվեց Արցախյան շարժումը, հայրս էլ շատերի նման զինվորագրվեց եւ «Սասնա ծռեր» ջոկատի կազմում մեկնեց Հայաստանի հյուսիսարեւելյան սահմանները պաշտպանելու: 

1992 թվականին մենք տեղափոխվեցինք ՌԴ՝ բնակություն հաստատելով Ուֆայում: Դպրոցն այնտեղ եմ ավարտել, սակայն յուրաքանչյուր տարի անհամբերությամբ ու կարոտով էի սպասում ամռանը, որպեսզի մեկնեմ Հայաստան: Կարոտում էի հարազատներիս, ընկերներիս, տունս, այգին… Եւ տարեվերջին՝  դպրոցական վերջին զանգը դեռ չհնչած, ես արդեն Երեւան մեկնող ինքնաթիռի մեջ էի:  

Ավարտական դասարանում էի, երբ մեր ընտանիքը բնակություն հաստատեց Ղազախստանում: Հայաստան տեղափոխվելու ցանկությունն ինձ հանգիստ չէր տալիս: Ամիսներ անց վերադարձա Երեւան՝ տատիկիս եւ պապիկիս մոտ, եւ ընդունվեցի Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ: 4-րդ կուրսում կրկին մեկնեցի Ղազախստան եւ ուսումս շարունակեցի Ալմա Աթայում՝ միաժամանակ աշխատելով որպես վեբ դիզայներ: Ուսման ավարտից հետո վերջնականապես տեղափոխվեցի Հայաստան եւ աշխատանքի անցա թերթերից մեկում: 



«Այլ կերպ». խաղն ինձ օգնեց, վստահ եմ՝ նաեւ շատերին

2014 թ.-ին աշխատում էի «Շարմ Հոլդինգում»: Երբեմն  ընդմիջման ժամերին եւ առհասարակ ընկերական հավաքույթների ժամանակ գրեթե միշտ սեղանի խաղեր էինք խաղում, որոնք հիմնականում անգլերեն եւ ռուսերեն էին: Մի օր էլ մտածեցինք՝  ինչո՞ւ չստեղծել հայալեզու խաղ: Այդպես ծնվեց գաղափարը. ստեղծել հայկական սեղանի թիմային ինտելեկտուալ խաղ, որը ոչ միայն ժամանց կապահովի, այլեւ կխթանի, կկատարելագործի մայրենիի իմացությունը: Դա հատկապես ինձ համար շատ կարեւոր էր հասկանալի պատճառներով. թեպետ հայրս միշտ արգելել էր տանը ռուսերեն հաղորդակցվել, մենք խոսել էինք մայրենիով, սակայն լեզվական որոշ դժվարությունների, այնուամենայնիվ, բախվեցի: Առանց չափազանցության, «Այլ կերպ»-ն ինձ շատ օգնեց, վստահ եմ՝ նաեւ շատերին: 

Խաղի ստեղծման համար բավականին երկար ժամանակ է պահանջվել, քանի որ մեր առաջնային նպատակը որակ ապահովելն էր: Յուրաքանչյուր դետալ մանրակրկիտ քննարկվում էր, հաշվի էր առնվում յուրաքանչյուր մանրուք: Ես պատասխանատու եմ խաղերի դիզայնի համար, Էլինան եւ Անահիտը՝ բովանդակության: Անգամ հաշվի է առնվել տուփի չափը, որպեսզի այն հարմարավետ լինի տեղափոխելու համար, քարտերի չափսերը, որպեսզի դրանք հեշտությամբ տեղավորվեն ձեռքի մեջ: Երեքս էլ չափազանց բծախնդիր ենք: Որոշեցինք, որ եթե ստեղծում ենք ինչ-որ բան, ապա այն թե՛  բովանդակային, թե՛ դիզայնի, թե՛ գունային հարմարավետության եւ բոլոր առումներով պետք է անթերի լինի: 

«Այլ կերպ»-ը պարունակում է 301 քարտ: Թվի ընտրությունը, անշուշտ, պատահական չէ: Քարտերից յուրաքանչյուրի վրա 7-ական բառ է գրված՝ տարբեր դժվարության: Պետք է այդ 7 բառը 1 րոպեի ընթացքում բացատրել թիմակիցներին այլ կերպ ՝ բացառելով բառարմատի կրկնությունը եւ թարգմանությունը: 

Նշեմ, որ հատուկ խաղի համար համակարգչային ծրագիր է մշակվել, որի միջոցով բառերը դասակարգվել են՝ ըստ դժվարության, եւ ճիշտ բաշխվել՝ ըստ քարտերի: Այսինքն՝ մենք չունենք այնպիսի քարտ, որի վրա գրված բառերն ավելի դյուրին են, մյուսինը՝ ավելի դժվար: Դրանք համարժեք են, որպեսզի մրցակցությունն ավելի հետաքրքիր լինի:  

Խաղը երաշխավորված է ՀՀ լեզվի պետական տեսչության կողմից` որպես հայերեն բանավոր հաղորդակցությունը զարգացնող ժամանցային միջոց, ինչպես նաեւ ՀՀ կրթության ազգային ինստիտուտի կողմից` որպես հայերենի իմացությունը խթանող օժանդակ նյութ:

Ուրախությամբ պետք է նշեմ, որ «Այլ կերպ»-ն ընդունված է դպրոցներում եւ լայնորեն կիրառվում է արտաժամյա դասերի ընթացքում: Բավականին սիրված է նաեւ երեխաների կողմից: Մենք եղել ենք մի քանի դպրոցներում եւ ինքներս ենք վարել խաղը: Աշակերտներն անգամ իրենց դասամիջոցից էին հրաժարվում: 

«Այլ կերպ»-ից հետո ստեղծեցինք նաեւ խաղի հավելվածը, որն ավելի բարդ է: 



«Մի շնչով». 7 վայրկյանում՝ 3 պատասխան

Կրկին բավականին սիրված խաղ է: Պարունակում է 301 քարտ: Մասնակիցն ունի ընդամենը 7 վայրկյան՝ երեք պատասխան տալու համար: Օրինակ՝ «Երեք գիրք, որոնց հերոսը գրող է» եւ նմանատիպ այլ հարցեր, որոնք առավել հետաքրքիր են դարձնում խաղը: 

«Այլ կերպիկ». խաղում են նաեւ փոքրիկները

Երբ «Այլ կերպ»-ը ջերմ ընդունելության արժանացավ հասարակության կողմից, մենք անընդհատ նամակներ էինք ստանում այն բովանդակությամբ, որ արժե ստեղծել խաղի մանկական տարբերակը, քանի որ երեխաների համար բարդ է: Այդպես ստեղծվեց «Այլ կերպիկ»-ը, որը նախատեսված է երկու տարիքային խմբերի երեխաների համար: Պարունակում է 200 երկկողմանի քարտ: Մի կողմում բավականին պարզ նկարներ են պատկերված, որոնք մենք քննարկել ենք հոգեբանների հետ: Նախատեսված է 4-8 տարեկան երեխաների համար: Մյուս կողմում բառեր են՝ վերցված դասագրքերից, հեքիաթներից (նախատեսված է 8-13 տարեկան երեխաների համար):

«Զիլ զառ». 5 եղանակ՝ բառը բացատրելու համար

Խաղը ստեղծվել է մեկ ամիս առաջ: Պարունակում է 378 քարտ, զառ եւ ժամացույց: Անհրաժեշտ է գցել զառը, կատարել առաջադրանքը եւ միավորներ հավաքել: Մասնակիցներն ունեն  բառը բացատրելու 5 եղանակներ՝ նկարելով, ցույց տալով, հարցերին միայն «այո՛» եւ «ո՛չ» պատասխանելով, բառը վերջից կարդալով եւ այլն: 

Երբեք չենք մտածել, որ պահանջարկն այսքան մեծ կլինի 

Խաղերն այսօր, կարելի է ասել, պահանջված են: Ի սկզբանե մենք չենք մտածել, որ պահանջարկը, հետաքրքրությունն այսքան մեծ կլինեն, որ մեր արտադրանքն իր տեղը կգտնի շուկայում: Մենք փորձում էինք ստեղծել մի բան, որն առաջին հերթին մեզ համար էր եւ այն երիտասարդների, ովքեր նման են մեզ: Պարզվեց՝ նրանք շատ են (ժպտում է): 

Արձագանքներն իսկապես շատ են տարբեր մարդկանց կողմից, այդ թվում՝ հաղորդավարների, արվեստի ներկայացուցիչների: Հաճելի է, որ ոչ միայն խաղում են, այլեւ փորձում են օգնել խաղերն ավելի ճանաչելի դարձնելու առումով:  

Մենք մեծ աջակցություն ենք ստացել «Լոֆթ» ինքնազարգացման, հանգստի եւ ժամանցի կենտրոնի, «Էօն»  ակումբի կողմից: «Այլ կերպ»-ի առաջին թիմային մրցույթները նրանք են կազմակերպել: Ունեցել ենք 2 մեծ մրցաշարեր՝ 2015 եւ 2016 թվականներին: Երկու անգամ էլ հաղթել է նույն՝ ծրագրավորողների թիմը: Նրանք կարողանում էին մեկ րոպեում բացատրել 3 քարտ՝ մոտավորապես 20 բառ: Գերազանց էին խաղում: 



Ծրագրեր…

Նպատակ ունենք առաջիկայում կազմակերպել «Զիլ զառ»-ի մրցաշարեր: Ունենք նաեւ նոր արտադրանք, որի մասին կխոսենք մի քանի ամիս անց: 

Նախասիրություններ…

Աշխատում եմ «ՕneArmenia» շահույթ չհետապնդող կազմակերպությունում՝ որպես արթ տնօրեն:  Կազմակերպության գործունեությունն առանձնահատուկ է եւ տարբերվող: Մենք պարզապես բարեգործություն չենք անում, այլ ձգտում ենք նոր աշխատատեղեր ստեղծել: Բազմաթիվ ծրագրերից մեկն իրականացվել է Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղում, որտեղ փորձեցինք զարգացնել մեղվաբուծությունը: Կազմակերպությունը 18 ընտանիքի 72 մեղվափեթակ տրամադրեց եւ կազմակերպեց մեղվաբուծությանը նվիրված դասընթացներ: 

Անչափ սիրում եմ աշխատանքս: Ազատ ժամանակ ունենալու դեպքում նաեւ նկարում եմ, հեծանիվ եմ վարում: Սիրում եմ նաեւ դահուկներ վարել եւ ձմռան հանգստյան օրերն անց եմ կացնում Ծաղկաձորում: 

«Երիտասարդ 2016»

Անսպասելի էր, հաճելի անակնկալ: Նմանաբնույթ մրցույթները չափազանց կարեւոր են: Երախտապարտ եմ բարձր գնահատականի համար: Ես ամեն օր նայում եմ մրցանակիս, ուժ եմ ստանում եւ մտածում նորը ստեղծելու մասին: