Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 31-05-2017
Ալլա Սահակյանի «Ծաղկազարդ»-ը
Երկար տարիներ են, ինչ Համազգային թատրոնի դերասանուհի, երգչուհի Ալլա Սահակյանը զբաղվում է հագուստի մոդելավորմամբ:



Տարբեր բեմական հագուստներ է ձեւավորել, կարել, սակայն իր անունը՝ որպես հագուստի մոդելավորող, մնացել է ստվերում: Մայիսի 30-ին առաջին անգամ նա «Ինդիգո» մանկական զարգացման ակումբում հանդես եկավ իր ստեղծած հագուստների ցուցադրությամբ: Հավաքածուն «Ծաղկազարդ» անունն է կրում: Գունավոր, ծաղիկներով զարդարված շրջազգեստները նախատեսված են երեխաների համար: 



«Հավաքածուն «Ծաղկազարդ» է կոչվում, որովհետեւ երեխաները բնության կենդանի ծաղիկներ են: Հագուստների բոլոր աքսեսուարները, ծաղիկները, ժանյակները ինքս եմ պատրաստել,- ասում է Ալլա Սահակյանը եւ հավելում,- հավաքածուն նախատեսված է փոքրիկ աղջիկների համար, կրելով դրանք` աղջիկները նմանվում են իրենց երազած արքայադստեր կերպարին»:



Ալլա Սահակյանը հագուստներ է կարել դեռեւս 8-րդ դասարանից, մասնագիտացված կրթություն է ստացել, Կոնսերվատորիայում սովորելու տարիներին զուգահեռ աշխատել է որպես հագուստի մոդելավորող: Բեմական հագուստներ է կարել օպերային ներկայացումների համար: Հագուստներ է մոդելավորել, օրինակ, Ռոսսինի, Պուչինիի ներկայացումների համար:



«Երբեք դրա մասին չեմ խոսել, որովհետեւ ինձ ճանաչում են որպես դերասանուհի, այժմ՝ նաեւ որպես երգչուհի»,- ասում է Ալլա Սահակյանը:



Նշենք, որ «Ծաղկազարդ» հավաքածուի ցուցադրության համար որպես մոդելներ էին հանդես գալիս «Ինդիգո» մանկական զարգացման կենտրոնի սաները: