
Նշենք, որ աշխատանքային խումբը ձեւավորվել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի հրամանով: Խմբի ձեւավորման նպատակն է 2018-2022 թթ. երիտասարդական պետական քաղաքականության համար մշակել նոր ռազմավարություն եւ միջոցառումների ծրագիր:
«Վերջին տասը տարիների ընթացքում մեր հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում էական տեղաշարժեր են գրանցվել: Տարբեր ազդակների հետեւանքով բոլորիս կյանքը փոխվել է: Կյանքի ռիթմն այնքան է արագացել, որ շատ հաճախ ինչ-որ փոփոխությունների, երեւույթների ուշացած ենք արձագանքում: Այժմ պետք է աշխատանքները կազմակերպել այլ ելակետերով, մանավանդ եթե խոսում ենք հինգ տարվա կտրվածքով գործողությունների ծրագրի մասին»,- նշեց Արսեն Քարամյանը:
Ըստ փոխնախարարի՝ իրենց համար առաջնային նպատակ է երիտասարդական պետական քաղաքականությունը փաստարկված եւ թիրախավորված դարձնելը. «Այս նպատակով է ստեղծվել Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը, որը փաստարկված ուսումնասիրությունների հիման վրա վեր է հանում տարբեր խնդիրներ, որոնց լուծմանը միտված ծրագրեր ենք իրականացնում: Խնդիրների վեր հանման ընթացքում կարմիր թելի նման անցնում է հավասարակշռված կանխատեսումների մոտեցումը, թե ինչ կարող է լինել առաջիկայում, եւ ինչ կարող ենք ունենալ մեր հանրության ամենաակտիվ հատվածի՝ երիտասարդության կողմից»:
Նիստի ընթացքում Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Մարինա Գալստյանը զեկույցի միջոցով ներկայացրեց ՀՀ պետական երիտասարդական քաղաքականության 2013-2017 թթ. ռազմավարության մոնիթորինգի եւ կառուցվածքի գնահատման արդյունքները, հանդես եկավ ծրագրային առաջարկներով, որոնք կարելի է կիրառել հաջորդ ռազմավարության մշակման մեջ:
Մարինա Գալստյանը երիտասարդների կարիքների գնահատման շարքում առանձնացրեց մասնակցության գործընթացների խթանումը, կրթությունը, զբաղվածությունը, առողջությունը, առողջ ապրելակերպը, հոգեւոր-մշակութային արժեքները, ոչ ֆորմալ կրթությունը, երիտասարդների շարժունակությունը, երիտասարդ ընտանիքներին աջակցությունը, երիտասարդական աշխատողի ինստիտուտի կայացմանն ուղղված քայլերը, գաղափարների իրականացման կենտրոնների ստեղծումը եւ այլն, որոնք պետք է թիրախավորել երիտասարդական պետական քաղաքականության 2018-2022 թթ. ռազմավարության մեջ:
Նիստի ընթացքում հնչեցին եւ քննարկվեցին նաեւ ծրագրային մի շարք առաջարկներ, որոնք կօգտագործվեն ռազմավարության կազմման աշխատանքներում: