Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 02-06-2017
Մեկնարկել է դպրոցական ավարտական եւ բուհական ընդունելության գործընթացը
Այսօր հանրապետությունում մեկնարկել է դպրոցական ավարտական եւ բուհական ընդունելության գործընթացը:

Eritasard.am-ը պարզել է` մայիսի 31-ի դրությամբ որքան դիմորդ է դիմել այս կամ այն բուհ, ինչպիսի շարժ է նկատվում, որ ֆակուլտետների դեպքում է ակտիվություն դրսեւորվում, եւ որ մասնագիտություններն են պահանջված: 

Այսպես՝ մայիսի 31-ի դրությամբ Երեւանի պետական համալսարանն ունի 2633 դիմորդ: Ըստ ԵՊՀ կայքի` ամենամեծ հետաքրքրությունը նկատվել է Ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա, Միջազգային հարաբերություններ, Տնտեսագիտություն, Հայոց լեզու եւ գրականություն, Իրավագիտություն, Անգլերեն լեզու եւ գրականություն  մասնագիտացումների նկատմամբ: 

Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանն ունի 484 դիմորդ: Ըստ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ռուբեն Գեւորգյանի` ամենամեծ թվով դիմորդներ ունի Թարգմանություն եւ միջմշակութային հաղորդակցություն ֆակուլտետը: 

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն էլ ունի 1100 դիմորդ: Ըստ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արտաշես Մարտիրոսյանի` ամենամեծ թվով դիմորդներ ունեն Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի, Սկզբնական կրթության, Կուլտուրայի ֆակուլտետները: 

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դիմորդների թիվը 850-ից ավելին է: Ըստ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գագիկ Մուսայելյանի` հետաքրքրությունը մեծ է հատկապես Քոմփյութերային համակարգերի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետի նկատմամբ: 

Ինչ վերաբերում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին, ապա այն ունի 950 դիմորդ: Ըստ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վադիմ Գրիգորյանի` ամենամեծ հետաքրքրությունն առկա է Ֆինանսական եւ Կառավարման ֆակուլտետների նկատմամբ: