Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 04-06-2017
«Քոլլաբ» հանդիպում՝ Երեւանում
Հունիսի 2-4-ը Երեւանում տեղի է ունենում «Քոլլաբ» հանդիպումը, որը համախմբում է «Վիքիմեդիայի» շրջանակում տարբեր երկրներում իրականացվող կրթական նախագծերի պատասխանատուներին։



Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ նախագահ Սուսաննա Մկրտչյանն ընդգծեց, որ գիտակցելով հոդվածներ գրելու ընթացքում սովորելու կարեւորությունը՝ այս տարվա ամռանը՝ հունիսի13-ից 23-ը, հունիսի 26-ից հուլիսի 6-ը, օգոստոսի 20-ից 30-ը, 9-21 տարեկաններ համար կրկին կազմակերպում են ամառային ճամբար. «Այս տարի մենք հրավիրում ենք ոչ միայն այն երեխաներին եւ երիտասարդներին, ովքեր խմբագրելու փորձ եւ հմտություն ունեն, այլեւ նրանց, ովքեր դեռ նոր պիտի բացահայտեն խմբագրելու ընթացքում սովորելու առավելությունները։ Բոլորին հասանելի եւ մշակված հոդվածներ ստեղծելիս վիքիճամբարականները նախեւառաջ սովորեցնում են սովորել»:



«Wiki Education» հիմնադրամի կրթական համագործակցությունների մենեջեր Ջեյմի Մեթյուսոնը Հայաստանն առանձնահատուկ է համարում: Նա վստահ է, որ այստեղ «Վիքիմեդիա Հայաստան»-ի գործունեության հիմքում կրթությունն է եւ հայաստանյան «Վիքիմեդիայից» հնարավոր է շատ բան սովորել: 

Հանդիպման նպատակն է կրթական հաջողված նախագծերի վերաբերյալ փորձի փոխանակումը, «Վիքիպեդիայում» հոդվածների բարելավումը, ինչպես նաեւ հոդվածների ստեղծման եւ կրթության մեկտեղման հնարավորությունների խթանումը։



Հավելենք, որ հանդիպմանը ներկա են 19 լեզվով Վիքի-բովանդակություն ստեղծողներ:Նրանցից  յուրաքանչյուրն իր փորձն է ներդնում «Վիքիմեդիայի» նախագծերի զարգացման համար՝ ներգրավելով ավելի մեծ թվով խմբագրողներ։ 

«Վիքիպեդիան» հնարավորություն է տալիս ոչ միայն ստեղծելու հոդվածներ, այլեւ զարգացնում է սովորելու, գրելու եւ խմբագրելու, 21-րդ դարում անհրաժեշտ, ինչպես նաեւ թվային հմտություններ:
«Քոլլաբ» հանդիպման մասնակիցներն առաջիկա օրերին հանդիպումներ կունենան կրթության ոլորտի մասնագետների հետ։