Նյութը՝
Լուսանկարները՝ Գրիգոր Առաքելյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 05-06-2017
Գրիգոր Առաքելյան. «Եթե նպատակ սահմանես, ապագայում կունենաս այն, ինչ չես ունեցել անցյալում»
Հարցազրույց լայֆ քոուչ եւ բիզնես թրեյներ Գրիգոր Առաքելյանի հետ:

Մասնագիտության ընտրությունը, թերեւս, ամենաբարդ որոշումներից մեկն է, որը կայացնում ենք՝ հաճախ չիմանալով, թե ինչ է սպասվում մեզ առաջիկայում: Այժմ, երբ քննական ակտիվ շրջան է, որոշել ենք անդրադառնալ մասնագիտական կողմնորոշման խնդրին՝ ներկայացնելով ընտրության համար անհրաժեշտ փաստարկները: Հոգեբանները պնդում են՝ այս առումով նախքան վճռական քայլ կատարելը պետք է հաշվի առնել անձնական հետաքրքրություններն ու գնահատել հնարավորությունները, ապա՝ համեմատել անձնական ունակություններն այն պահանջների հետ, որոնք սահմանում է ապագա մասնագիտությունը: 

Այս հարցով դիմեցինք լայֆ քոուչ եւ բիզնես թրեյներ Գրիգոր Առաքելյանին, ով իր տարիների փորձի ընթացքում համոզվել է՝ սխալ մասնագիտության ընտրության դեպքում գալիս է մի տարիք, երբ մարդիկ կտրուկ փոփոխությունների կարիք են զգում. «Զարթուցիչ, որը հենց ոչ ֆորմալ կրթական հարթակ է, ինչպես նաեւ մեր հաշվապահական դպրոց շատ են դիմում մարդիկ, ովքեր ուզում են շատ արագ երկրորդ մասնագիտություն ձեռք բերել: Նման դեպքերում, սովորաբար, մարդկանց ռադիկալ փոփոխությունների խորհուրդ չեմ տալիս: Չի կարելի կյանքը փոխել միանգամից 180 աստիճանով: Կան շատ մասնագիտություններ, որոնք կարելի է ձեռք բերել հանգիստ, աստիճանաբար` առանց անձնական հարմարավետությունն ու ընթացիկ աշխատանքը ռիսկի ենթարկելու: Իհարկե երբեմն հենց կտրուկ քայլերն են արդյունավետ, բայց «վա բանկ» գնալը բոլորի համար չէ»:

Այդ խնդիրներից խուսափելու համար Գրիգոր Առաքելյանն իր բանաձեւերն ունի: Նա համոզված է՝ մեր իրականության մեջ մասնագիտությունը պետք է երկու կարեւոր պահանջմունք բավարարի՝ եկամտաբեր լինի եւ ինքնաիրացմանը նպաստի: Կարեւորելով մասնագիտության ճիշտ ընտրության դերը մեր կյանքում՝ փորձագետը նշում է. «Մասնագիտության կարեւորությունն ունի երկու հիմնաքար. նախ՝ այն պետք է բխի մարդու ներքին պոտենցիալից եւ տաղանդից, որովհետեւ միայն այդ դեպքում մարդը կարող է իր կյանքի 50 տոկոսը նվիրել աշխատանքին (օրական 8 ժամը մեր արթուն կյանքի ուղիղ կեսն է) ու իրեն լավ զգալ, հաճույք ստանալ։ Այսինքն՝ մասնագիտությունը պետք է մարդու ինքնաիրացման պահանջմունքը բավարարի: Սակայն միեւնույն ժամանակ մասնագիտությունը պետք է նաեւ ժամանակի պահանջներին համապատասխանի, որպեսզի մարդը կարողանա աշխատուժի շուկայում տվյալ մասնագիտության արդյունք հանդիսացող արտադրանքը բավարար գնով վաճառել»

Գրիգոր Առաքելյանի խոսքով՝ պետք է նաեւ մեծ ուշադրություն դարձնել հենց տվյալ մասնագիտության հեռանկարներին. ի՞նչ պահանջարկ կունենա այդ ոլորտի մասնագետը տարիներ հետո. «Այսօր, ցավոք, մեր բուհական համակարգում կան այնպիսի մասնագիտություններ, որոնք, արդեն 20 տարի է, դուրս են եկել շուկայից, ինչպես հին պարսկական նավթով աշխատող ֆուջիկաները կամ «Կոդակ» ու «Կոնիկա» լուսանկարչական ապարատները: Հետեւաբար որոշակի առումով պետք է մեծացնել կանխատեսելիությունը, այսինքն՝ ի՞նչ մասնագիտություն կլինի պահանջված մոտակա 10 տարում»



Այս թեմայով բազմաթիվ զեկույցներ ու հոդվածներ կգտնեք համացանցում: Սակայն մինչ այդ այն երիտասարդներին, ովքեր հիմա մասնագիտական կողմնորոշման կարեւորագույն շրջանում են, Գրիգոր Առաքելյանը խորհուրդ է տալիս ժամանակը ճիշտ բաշխել, անձնական ու նաեւ այլ մարդկանց փորձից քամել առավելագույն օգտակարությունը՝ կալորիականության պես, նաեւ՝ ընդհանուր ինքնազարգացման եղանակով ավելացնել արտադրողականությունն ու էֆեկտիվությունը կրթվելու գործընթացում: Այս ժամանակահատվածում գերխնդիր է դառնում անձի որոշ որակների զարգացումը՝ մասնավորպես հիշողության, ուշադրության եւ կրեատիվության, քանի որ նշված որակներն ինչքան զարգացած են, այնքան կարճ է մեկ մասնագիտություն սովորելու վրա ծախսած ժամանակը, որն աշխատուժի շուկայի տրանսֆորմացման գերարագ տեմպերի ժամանակ մարդուն, ռոբոտների համեմատ, մրցունակ լինելու հնարավորություն է տալիս: 

Այն հարցին էլ, թե մասնագիտական կողմնորոշման ընթացքում որքանով է ճիշտ հայ իրականության մեջ այդքան տարածված ծնողական միջամտությունը, մասնագետը պատասխանեց. «Այդ առումով պատասխանը միանշանակ չի կարող լինել: Եթե ծնողները ժամանակին համահունչ են քայլում, եւ նրանց հուշումն ունի վերլուծական հիմք, ապա, կարծում եմ, ծնողի «կանգնած դիրքն» ավելի բարձր է ու թույլ է տալիս ապագայի ավելի մեծ հատված տեսնել։ Սակայն մյուս կողմից ծնողների տարիքը կարող է հենց պատճառ դառնալ, որ երեխան սխալ ուղղությամբ գնա։ Ավելի հաճախ պատահում է, որ ծնողը չի հետեւում շուկայի նորամուծություններին, բավականին հետ է մնացել տվյալ սերնդի, տվյալ ժամանակի, տվյալ աշխատանքի շուկայի միտումներից։ Այս դեպքում, երբ երեխան մասնագիտություն ընտրի ըստ ծնողի ցանկության, կարող է ժամանակից հետ մնալ նույնիսկ ավելի, քան ծնողները։ Կա նաեւ մեկ ուրիշ՝ վտանգավոր հանգամանք. ծնողի ցանկությամբ առաջնորդվելով՝ մենք շարժվում ենք այն իներցիայով, որով շարժվել են մեր ծնողները, այսինքն՝ մենք մեր քայլերն անում ենք՝ անցյալից բխեցնելով: Դա նշանակում է, որ դու ապագայում կունենաս այն, ինչ ունեցել ես անցյալում, ընդ որում՝ դա՝ լավագույն դեպքում: Վատագույն դեպքում էլ, ու այդպես գրեթե միշտ է պատահում, դու ոչինչ էլ չես ունենա»

Այդ խնդրից խուսափելու համար Գրիգոր Առաքելյանի խորհուրդը հետեւյալն է՝ նպատակ սահմանել ապագայի համար. «Նպատակ դնելու մեջ անորոշություն կա, նաեւ ռիսկն է մեծ, բայց մի բան հաստատ է. ապագայում դու կունենաս այն, ինչ չես ունեցել անցյալում»: Գրիգոր Առաքելյանն իր խոսքն ամփոփում է՝ հույս հայտնելով, որ երիտասարդները կհետեւեն իր խորհուրդներին. «Ինչպես «Այբ» դպրոցում իր ելույթներից մեկի ժամանակ ասաց Դավիթ Յանը, համաշխարհային տնտեսությունն ահավոր մեծ արագությամբ գնում է ռոբոտացման ճանապարհով... Ստացվում է՝ մասնագիտություն ընտրելու հարցում մենք արդեն ստիպված ենք մրցել շատ արագ զարգացող ռոբոտների հետ, ու թե ում կհասնի այն աշխատատեղը, որի համար գնալու է պայքարը, կախված է վերոնշյալ ու էլի մի շարք հանգամանքներից»: