Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 09-06-2017
2680 մ երկարություն, 200-300 մ բարձրություն. կառուցվում է Հայաստանի ամենաերկար զիփլայնը
Այսօր՝ հունիսի 9-ին, տեղի ունեցավ «Yell Extreme Park» նախագծի մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում «Yell Extreme Park» նախագծի հեղինակ, համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը ներկայացրեց աշխարհում ամենաերկար զիփլայնի կառուցման առաջիկա աշխատանքային ժամանակացույցը:

Նախագիծն իր գործունեությունը սկսել է Տավուշի մարզի Ենոքավան համայնքում՝ զիփլայնով, իսկ այժմ ակտիվ հանգիստ նախընտրողներին առաջարկում է նաեւ պարագլայդինգ, ռոփպարկ, փեյնթբոլ, ձիով արշավներ, արտաճանապարհային տուրեր եւ այլն: Ընդլայնելով գործունեության աշխարհագրությունը՝ «Yell Extreme Park»-ը 2017 թ. մայիս ամսից Ստեփանակերտի օդանավակայանի հետ երկտեղանի մարդատար ինքնաթիռներով սկսել է իրականացնել Ստեփանակերտ-Շուշի հետադարձ ուղղությամբ առանց կանգառի (non-stop) զբոսաշրջային թռիչքներ:

«Ճարտարապետական հատվածը գրեթե ավարտված է: Բուն շինարարությանը մենք կանցնենք հունիս ամսվա 20-ից հետո, քանի որ դեռ բանակցություններ ենք վարում երկու շինարարական կազմակերպությունների հետ: Ինժեներական տեսանկյունից այն բավականին բարդ նախագիծ է. կան 15 կարեւոր չափանիշներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել: Եթե նախագծի կառավարման եւ իրականացման աշխատանքներն ընթանան նախատեսված ժամանակացույցով եւ այնպես, ինչպես պլանավորել ենք, շատ մեծ ցանկություն ունենք եւ նախատեսում ենք աշխարհի ամենաերկար զիփլայնը շահագործման հանձնել հուլիս ամսվա վերջում, սակայն բացման հստակ ժամկետներ կկարողանանք ասել միայն հուլիսի առաջին շաբաթվա ընթացքում»,- նշեց  Տիգրան Չիբուխչյանը:

Եվս մեկ անգամ ներկայացնելով նախագծի նպատակներն ու առանձնահատկությունները՝ «Յելլ էքստրիմ Պարկ» նախագծի հիմնադիրը համոզմունք հայտնեց, որ նախագծի դերը ՀՀ զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարների տեսանկյունից զգալի է լինելու. «Փորձում ենք գոնե մինչեւ հունիսի վերջ, հուլիսի սկիզբ ընդհանուր նախագիծն ավարտել եւ բացել ու սկսել շահագործել»:

Ամփոփելով  եւ ներկայացնելով աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցման համար Indiegogo միջազգային հարթակում իրականացված դրամահավաքի արդյունքները՝ «Yell Extreme Park» նախագծի մարքեթինգի ղեկավար Գեղամ Վարդանյանը նշեց. «Դրամահավաքի արդյունքում մենք գերազանցեցինք մեզ անհրաժեշտ 20 հազար դոլարը՝  հավաքելով  22,165 հազար դոլար եւ գրանցելով 111% արդյունք: Դրամահավաքին ունեցել ենք 310 մասնակից եւ 315 փոխանցում: Փոխանցումներ եղել են աշխարհի 21 երկրներից: Ամենաակտիվը, իհարկե, Հայաստանն էր՝ փոխանցումների 70%-ը, երկրորդ եւ երրորդ տեղերում են ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն»: 

Հիշեցնենք, որ ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում զիփլայնը կունենա 2680 մ երկարություն եւ 200-300 մ բարձրություն: Թռիչքը կտեւի 3-4 րոպե՝ առավելագույնը 120 կմ/ժ արագություն զարգացնելու հնարավորությամբ: