Նյութը՝ Դավիթ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Դավիթ Գրիգորյանից
Տեղադրվել է 10-06-2017
«Նրանք հրաշագործներ չեն, նրանք դեռ սովորում են»
Հաշված օրեր են մնացել «Մոխրոտիկ» երաժշտական հեքիաթի աննախադեպ բեմականացման շնորհանդեսին:

Բեմադրիչ եւ երաժշտական ռեժիսոր Զառա Մորգանն առաջնախաղից օրեր առաջ բացատրելի հուզմունք է զգում: Չէ՞ որ թատերական խմբի մասնակիցների տարիքային ցուցանիշը տատանվում է 3-ից 20 տարեկան սահմանում: Ամենափոքրիկ դերասանները ոչ միայն առաջին անգամ են դուրս գալու բեմահարթակ, այլեւ առհասարակ վերջերս են սկսել վստահ քայլել ու հոդաբաշխ խոսել: «Բացի իմ մասնագիտական գործառույթներից՝ ես կատարում եմ նաեւ մսուրի դայակի պարտականությունները. երբ փորձի ժամանակ փոքրիկը հանկարծ ծարավում կամ ուզում է մայրիկին գրկել»,- կատակում է ռեժիսորը: Իրականում Զառան նրանց համար առաջին անծանոթ, բայց արդեն ծնողներից հետո հարազատ դարձած մարդն է:

Թե այդպիսի յուրօրինակ ներկայացում բեմադրելու միտքն ինչպես հղացավ, Զառան բացատրում է ուսումնական ընթացքի արդյունավետությամբ: 4 առարկա` խորեոգրաֆիա, երգեցողություն, դերասանական վարպետություն եւ բեմական խոսք, որոնք դասավանդվում են ամերիկյան մեթոդով` խաղի տեսքով, ներդաշնակորեն վերաճեցին «Մոխրոտիկ» երաժշտական հեքիաթի` բոլորիս ծանոթ բովանդակությամբ: 
Երաժշտական նույթն էլ հաճելիորեն զարմացնում է: Այն ներառում է ե՛ւ երգեր 1947 թվականի «Մոխրոտիկ» խորհրդային ֆիլմից, ե՛ւ Դիսնեյան հիթերը, ե՛ւ սաունդթրեքը «Լա-Լա-Լենդ» ֆիլմից, ե՛ւ գեղեցիկ ընտրանի խորհրդային, ռուսաստանյան եւ արտասահմանյան մուլտիպլիկացիոն ու գեղարվեստական ֆիլմերից: 

«Մեզ համար սա յուրատեսակ հաշվետվություն է` կես տարվա աշխատանքի, հմտությունների ցուցադրման եւ իհարկե ստեղծված մթնոլորտի ամրապնդման, որը մեկ բառով կարելի է անվանել «ընտանիք»»,- հպարտությամբ նշում է Զառա Մորգանը: 

Վերջին 6 ամիսների կարեւոր ձեռքբերումներից է մանկական հոգեբանության մեջ գլխավոր եւ երկրորդական դերերի բացակայության գաղափարի ընկալումը: Դրանք ուղղակի չկան: Բոլոր դերերն էլ գլխավոր են, քանի որ չեն կարող լինել, ասենք, 3 Մոխրոտիկ կամ 5 Արքայազն, չնայած հենց այդ դերերի մասին են երազում ոչ միայն աղջիկներն ու տղաները, այլեւ նրանց ծնողները: Դասարանում տիրում է փոխըմբռնման եւ ռեժիսորի պրոֆեսիոնալիզմին վստահելու մթնոլորտը: «Ոչ մի միջնորդություն, ծանոթ-բարեկամ չեն կարող փոփոխության ենթարկել մրցույթի (քաստինգի) արդյունքները: Կարեւոր են ե՛ւ Մոխրոտը, ե՛ւ Արքայազնը, ե՛ւ խորթ մայրը, ե՛ւ մկները: Ծնողները երեխաների հետ ուղղորդում են իրենց էներգիան ավելի կարեւոր հունի մեջ` բեմական հագուստների ընտրություն, արհեստավարժ դիմահարդարի եւ օպերատորի որոնում, հանդիսատեսի ապահովում եւ այլն»,- վստահեցնում է բեմադրիչ ռեժիսորը:  

Առաջնախաղից օրեր առաջ ռեժիսորին փոքր-ինչ մտահոգում է երեխաների տարվելը իմպրովիզացիայով, ինչը բեմադրիչը չի էլ փորձում կանխել: Ըստ էության, անհանգստանալու կարիք  չկա: Ինչպես ասել է ամերիկյան դերասանուհի Ջուդի Ֆոստերը, «Իմպրովիզացիային տիրապետում է նա, ով փայլուն գիտի իր դերը»:

Ներկայումս ընթանում են վերջին փորձերը` բեմական հագուստներով ու դիմահարդարմամբ: Ռեժիսորի եւ պրոդյուսեր Նանե Սարգսյանի խոսքերով՝ դահլիճն ամբողջովին լցված է: Լրացուցիչ տոմս ձեռք բերելն այսօր արդեն խնդիր է, եւ կազմակերպիչները կանխատեսում են երրորդ ներկայացման անհրաժեշտությունը՝ բացի նախատեսված երկուսից: 

P.S. Հրավեր Զառա Մորգանի faecebook-յան էջից.
Հունիսի 12-ին՝ ժամը 19:00-ին, սպասում ենք ձեզ BOHEME թատրոնում (Բաղրամյան 3) «Մոխրոտիկ» երաժշտական հեքիաթի առաջնախաղին: Կենդանի հնչողություն, շքեղ զգեստներ: Նման բան դուք դեռ չեք տեսել: