Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 11-06-2017
Նարինե Ալեքսանյան. «Ես անկեղծ եմ ինքս ինձ հետ»
Երեւանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Նարինե Ալեքսանյանը, ով վերջերս հանդես է գալիս «Դոմինո» սիթքոմում, ընդամենն օրեր առաջ դարձավ հիսուն տարեկան:

Սիրված դերասանուհու հետ Eritasard.am-ը զրուցել է բեմի, իրավիճակային կոմեդիաների նախկին եւ ներկայիս մոտեցումների, ամուսնու եւ իրենց ընտանեկան կյանքի մասին:

Նարինե Ալեքսանյանը` փականագործ

Գյումրիում աշխատել եմ միկրոէլեկտրաշարժիչների գործարանում՝ որպես փականագործ, այնուհետեւ՝ որպես հսկիչ-փականագործ: Գործս մեծ պատվով ու դժվարությամբ էի կատարում, որովհետեւ աշխատանքս մանր բաների հետ էր, իսկ ես մանր բաների հետ գործ ունենալ չեմ սիրում։ 

Երբ բուհ ընդունվել այդպես էլ չի ստացվում

Ես երկու տարի դիմել ու չեմ ընդունվել Թատերական ինստիտուտ. պատճառը բավարար բալեր չհավաքելն էր: Այդ ընթացքը համընկավ նրա հետ, որ Խորեն Աբրահամյանը թատրոնին կից ստուդիա էր բացել։ Հայրս էլ քանի որ դեմ էր իմ՝ դերասանուհի լինելուն, թերահավատորեն մոտենալով ստուդիային, թույլ տվեց, որ ես գնամ՝ իբրեւ թե «հավեսս» հանելու համար։ Սակայն հայրս չգիտեր, թե ինչ է նշանակում Խորեն Աբրահամյանի ուսանող լինելը։ Այդ երեքամյա կուրսի ընթացքում ես սովորեցի դերասանական նրբությունները:

Ճակատագրական չորրորդ կուրսը

Չորրորդ կուրսում կուրսային աշխատանքի ժամանակ ինձ նկատեց իմ համակուրսեցի Վարուժան Մանուկյանը, ում հետ որեւէ անձնական շփում չի եղել, սիրային ինտրիգներ չեն եղել։ Կուրսային աշխատանքից հետո Վարուժանն ինձ ճանապարհեց տուն, հետո շփվեցինք, հետո՝ ամուսնական առաջարկ։ Երբ ինստիտուտում իմացան մեր ամուսնության մասին, ասում էին, որ հնարավոր չէ։ Բնականաբար, ամուսնությունից հետո մնացի Երեւանում։ 

Կեսդարյա ձեռքբերումը

Ամենամեծ ձեռքբերումն իմ ընտանիքը, իմ աղջիկն ու տղան, իմ ամուսինն են: Կյանքն ունայն է, այսօր դու ես, վաղը՝ ուրիշը: Կարծում եմ, որ ամեն բան այս կյանքում անցողիկ է՝ բացառությամբ ընտանիքի, ուստի ես ամեն առավոտ փառք եմ տալիս Աստծուն, որ ունեմ այսպիսի ընտանիք:

«Ազնվությունը կարեւոր է ամենուր»

Պետք է լինես ազնիվ ինքդ քեզ հետ: Ես ինքս ինձ հետ անկեղծ եմ, անկեղծ եմ ներկայացման մեջ, սիթքոմում, ֆիլմերում: Ազնվությունը գնահատում են թե՛ հեռուստատդիտողը, թե՛ հանդիսատեսը:

«Եթե ես ներկայացման եմ, ապա հասցնում եմ անել տան բոլոր գործերը»

Ես տան գործերը հասցնում եմ այն ժամանակ, եթե ունեմ աշխատանք, եթե ես փորձի եմ, եթե ես ներկայացման եմ կամ էլ նկարահանման, ապա իմ ընտանիքը կուշտ է եւ երջանիկ:

«Ես բնավ էլ հիսուն տարեկան չեմ…»

Ես հոգեբանական ծաղկուն տարիքում եմ, փառք Աստծո, ես չեմ զգում, որ ես արդեն հիսուն տարեկան եմ: Ենթադրում եմ՝ ամենաշատը կարող եմ լինել երեսունհինգ տարեկան…