Նյութը՝ Հովհաննես Վարդանյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 11-06-2017
Աքրամ Այլիսլի. «Ես անձամբ հայ լինելուց չէի ամաչի…»
«Գրական իրարանցում» խորագիր-նախագծի շրջանակում շարունակում ենք ներկայացնել գրական ոլորտի ականավոր դեմքերին եւ նրանց ստեղծագործությունները: Խորագրի հերոսն այս անգամ ադրբեջանցի hայտնի գրող Աքրամ Այլիսլին է:

Աքրամ Այլիսլին 2002 թվականին արժանացել է երկրի «Իստիգլալ» բարձրագույն օրդենի եւ ադրբեջանական գրականության «Շոհրատ» օրդենի ասպետի կոչումներին: Դեռեւս խորհրդային տարիներին Այլիսլին հանրահայտ է դարձել իր «Մարդիկ եւ ծառեր» եռահատոր աշխատության շնորհիվ, որը թարգմանվել է ԽՍՀՄ բոլոր երկրների եւ Արեւմտյան Եվրոպայի լեզուներով:

79-ամյա արձակագրին Ադրբեջանում սկսել են հետապնդել այն բանից հետո, երբ 2013 թվականին «Դրուժբա նարոդով» գրական հանդեսում հրապարակվել է նրա ուշագրավ «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմը: Գրողի վերջին գործը մեծ աղմուկ բարձրացրեց Ադրբեջանում: Ինչ խոսք, գիրքը համարձակ պատմություն է հեղինակի ծննդավայր Այլիսի՝ հայկական Ագուլիսի մասին: Գրքի գլխավոր հերոսները Բաքվում բնակվող ագուլիսցի ադրբեջանցիներ են, դեպքերը կատարվում են 1980-ականների վերջերին, երբ Սումգայիթում եւ Բաքվում տեղի էին ունենում հայկական ջարդերը:

Գրքի հրատարակումից հետո ադրբեջանական լրատվամիջոցները գրողին դավաճան են անվանել: Բաքվում կազմակերպվել են բողոքի ակցիաներ, որոնց ընթացքում այրվել են Այլիսլիի լուսանկարներն ու գրքերը: Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւը հրամայել է զրկել Աքրամ Այլիսլիին «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից՝ որոշումը հիմնավորելով նրանով, որ գրողն իր վերջին ստեղծագործությունում «խեղաթյուրել է Ադրբեջանի պատմության հետ կապված փաստերը»: Հատկանշական է նաեւ այն փաստը, որ վեպը քննարկման էր դրվել նաեւ Ադրբեջանի խորհրդարանում:

«Քարե երազներ» վեպում Այլիսլին գրում է նաեւ փոքրիկ աղջիկ Լուսիկի մասին, ով տատի մոտ հյուր էր գալիս եւ անընդհատ նկարում էր: Այդ փոքրիկ աղջիկը՝ Լուսիկը՝ նույն ինքը Լուսիկ Ագուլեցին է: Նա հիշում է իր եւ Աքրամ Այլիսլիի հանդիպումը: Ագուլեցին կարոտով պատմում է դրախտավայր Ագուլիսի, ինչպես նաեւ այնտեղ հայերի եւ ադրբեջանցիների ապրած համատեղ կյանքի մասին:

Սա միայն գեղարվեստական աշխատություն չէ, սա դառը ճշմարտությանը բաց աչքերով նայելու փորձ է: Վեպում արծարծվում են ռուսներին, հայերին, վրացիներին, սերբերին, ալբանացիներին ու ադրբեջանցիներին վերաբերող խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, սակայն չեն լուծվում քաղաքական դրդապատճառների, եւ մարդկային նոր ողբերգությունների պատճառ են դառնում:

«Վեպը նվիրում եմ իմ բոլոր այն հայրենակիցներին, որոնցից հետո անբուժելի ցավ է մնացել»,- գրել է Աքրամ Այլիսլին իր գրքի նախաբանում: «Քարե երազներ»-ը հայ-ադրբեջանական հակամարտության եւ դրանում բազմաթիվ ճշմարտությունների վեր հանում է, Ադրբեջանի ներսում հակահայ քարոզչության եւ իշխանության իրական դեմքի բացահայտում է:



Ադրբեջանցի արձակագիր Աքրամ Այլիսլիի՝ վիճելի եւ բեւեռացված դատողություններ հարուցող ստեղծագործությունը շոշափում է վերջին 25 տարիների ընթացքում Հարավային Կովկասի ամենացավոտ խնդիրը` ադրբեջանա-հայկական հարաբերությունները: Ռուսական «Дружба народов» ամսագիրը, անդրադարձ կատարելով ստեղծագործության առանձնահատկություններին, գրել է. «Վեպը բնութագրում է որպես «ադրբեջանցի գրողի համարձակ քայլ, սակայն «Քարե երազներ»-ի որոշ դրվագներում ադրբեջանցիները նսեմացվում են, իսկ հայերը` մեծարվում»:

Ըստ երիտասարդ լրագրող Հարություն Ծատրյանի՝ Աքրամ Այլիսլի կարդացողին առաջին հարցը, որ պետք է հետաքրքրի, այն է` ինչու է ադրբեջանցի գրողը ներկայացնում մի պատում, որի հերոսներն իր երկրում այսօր ամեն կերպ հերոսացված ազգակիցները չեն. «Ընդհանրապես Այլիսին առաջ է քաշել համամարդկային ցավի յուրատիպ պատմելու ոճ, ինչը եւս մեկ անգամ հարգանքի է արժանացնում հեղինակին: Նրա հերոսները մեր կողքին այսօր էլ ապրող մարդիկ են, որոնց շատերի պատմությունը մնում է չներկայացված։

Եթե իսկապես հետաքրքրում է լսել, թե ինչպես են քո մասին խոսում հարեւան երկրում, ապա Այլիսի կարդալը գրեթե պարտադիր է, այլապես կթվա, թե Ադրբեջանում բոլորն էլ թշնամի են հային: Սա շատ կարեւոր գործ է, որը երկխոսության հետաքրքիր հարթակ է ստեղծում երկու ժողովուրդների համար: Ցավոք, ներկայում այդ գրական ստեղծագործությունը խիստ քաղաքականացված է ընկալվում, մինչդեռ այն ունի նաեւ գեղարվեստական արժեք, որն էլ հենց առաջնային է»,- ասաց Հարություն Ծատրյանը:

Աքրամ Այլիսլին ժամանակին ադրբեջանական «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է. «Ես ի սկզբանե ըմբռնում էի թեմայի բարդությունը, գիտեի, որ այն հասարակության կողմից միանշանակ չի ընկալվի. չէ՞ որ կան շատ մարդիկ, ովքեր ահռելի շահ ունեն այս երկու ժողովուրդների ողբերգությունից, որի վրա նրանք իրենց կարիերան են կառուցում: Ես ի սկզբանե կանխատեսել եմ, թե այդ մարդիկ ինչ զայրույթով եւ ատելությամբ են ընդունելու իմ վեպը: Անկեղծ ասած, այս վեպով ես կամենում էի հայերին, առաջին հերթին Լեռնային Ղարաբաղում բնակվող մեր հայազգի քաղաքացիներին մեսիջ ուղարկել…»:

Ըստ Այլիսլիի՝ նա ցանկանում էր նրանց ասել, որ նրանք չեն մոռացել իրենց հանդեպ ադրբեջանցիների գործած չարիքը. «Այո՛, մենք այդ չարիքը գործել ենք: Բայց նույնն էլ նրանք են արել: Եվ այս ամենի, այդ թվում եւ Խոջալուի մասին պետք է պատմեն նաեւ հայ գրողները: Ես ցանկանում էի ընդգծել, որ եթե հայերը հետագայում էլ են ապրելու Լեռնային Ղարաբաղում, ապա մենք չպետք է նրանց կրկին ահաբեկենք: Ես հայերին մեսիջ եմ ուղարկել այն մասին, որ դեռեւս ամեն ինչ կորած չէ, եւ մենք դեռ կարող ենք միմյանց հետ խաղաղ գոյակցել»:



Մեր կարծիքով՝ ադրբեջանական հասարակությունը պատրաստ չէ ընդունելու նման ստեղծագործությունը: Թեեւ Այլիսլին վեպն ավարտել է 2007 թվականին, բայց այդ ժամանակ նա հայտարարել է, որ գրել է «Քարե երազներ» վեպը, բայց  մտադիր չէ այն հրատարակել: Տարիներ անց նա փոխեց իր որոշումը եւ հանրության դատին ներկայացրեց այն, ինչը ադրբեջանական հասարակության կողմից ընդունվեց սվիններով եւ դավաճանական որակումներով, այնինչ Այլիսլին իր առջեւ այլ խնդիր էր դրել:

Մինչ օրս Այլիսլիի տան առջեւ պարբերաբար անցկացվում են վրդովված երիտասարդության ցույցեր, իսկ կառավարող կուսակցության ներկայացուցիչները պահանջում են, որ Այլիսլին ժողովրդի առջեւ ներողություն խնդրի: Բանն այն է, որ մի խումբ ադրբեջանցիներ մտածում են, որ Այլիսլին հայ է: Այդ խոսակցություններին ի պատասխան՝ գրողը հարցազրույցներից մեկում նշել է. «Եթե ես հայ լինեի, ապա դրա մասին վաղուց բոլորն իմացած կլինեին: Ես անձամբ դրանից չէի ամաչի…»:

«Քարե երազներ» ստեղծագործության հեղինակի գործընկերների արձագանքը նույնպես խիստ բացասական է: Օրինակ՝ ադրբեջանցի կին գրող Աֆագ Մասուդը հայտարարել է, որ ինքը պարզապես ապշած է վեպից. «Ես գնահատում էի Աքրամ Այլիսլիին որպես հրաշալի գրողի եւ արժանապատիվ մտավորականի: Իսկ այժմ ես նրան այլեւս չեմ հարգում: Մարդը պետք է ազգային ոգի ունենա…»:

Հատկանշական է, որ Ադրբեջանում Այլիսլիին մեղադրում են նաեւ այն բանի համար, որ նա գնալով շարժվում է թուրք գրող Օրհան Փամուկի ուղիով. այն է՝ ստանալ Նոբելյան մրցանակ: Այնինչ, Այլիսլին ավելի վաղ է գրել վեպը, քան Փամուկը ստացել է Նոբելյան մրցանակը:

Ինչ վերաբերում է գրքի հայերեն թարգմանությանը, ապա այն հրատարակվել է «Գրաբեր» հրատարակչության կողմից: Այն ռուսերենից թարգմանել է գրող, թարգմանիչ Արտակ Վարդանյանը: Ասել, որ այն մեծ տարածում ունի մեզանում, այնքան էլ ճիշտ չի լինի, քանի որ ստեղծագործության էլեկտրոնային տարբերակը հասանելի է նաեւ համացանցում: