Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Գայանե Մելիքյանի
Տեղադրվել է 12-06-2017
«Սայաթ-Նովա» փառատոնը կմիավորի հայ եւ վրացի երաժիշտներին
«Music of Armenia» ընկերության նախաձեռնությամբ հունիսի 16-18-ը կկայանա «Սայաթ-Նովա» փառատոնը:

Փառատոնն անցկացվում է արդեն երկրորդ անգամ՝ յուրահատուկ ֆորմատով եւ կոլորիտով: Այս տարի եւս բացառություն չի լինի: Հայ եւ վրացի երաժիշտները հունիսի 16-ին համերգային ծրագրով հանդես կգան Թբիլիսիում, իսկ հունիսի 17-ին եւ 18-ին՝ Երեւանում: 

Այսօր կայացած ասուլիսում «Music of Armenia»-ի հիմնադիր-տնօրեն, «Սայաթ-Նովա» փառատոնի կազմակերպիչ Հասմիկ Մովսիսյանը, ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան ավագ խորհրդական, հայագետ Նինո Ապտիաուրին, Գերմանական միջազգային համագործակցություն ընկերության (GIZ) ներկայացուցիչ Վիլհելմ Հուգոն եւ ՀՀ մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Արտաշես Առաքելյանը մանրամասներ հայտնեցին փառատոնի մասին:

Հասմիկ Մովսիսյանը փաստեց, որ փառատոնն ունի գեղարվեստական, սենտիմենտալ եւ շատ կարեւոր նշանակություն՝ մշակութային ժառանգությունը պահելու առումով: Չնայած այն հանգամանքին, որ «Music of Armenia»-ն բազմաթիվ նախագծեր է իրականացնում, այնուամենայնիվ «Սայաթ-Նովա» փառատոնի նկատմամբ այլ վերաբերմունք կա: 

«Սայաթ-Նովան տարածաշրջանում բոլորիս է հոգեհարազատ, ուստի եւս մեկ լավ առիթ է հայ ու վրացի ժողովուրդների մշակութային ժառանգությունը ներկայացնելու եւ երկու երկրների, ժողովուրդների միջեւ կապերն ամրապնդելու համար»,- նշեց Հասմիկ Մովսիսյանը եւ շնորհակալություն հայտնեց փառատոնի աջակիցներին, առանց որոնց դժվար կլիներ իրականացնել այդ գեղեցիկ փառատոնը:

ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան ավագ խորհրդական, հայագետ Նինո Ապտիաուրին ելույթ ունեցավ հայերենով, ինչպես ինքը նշեց՝ քաղցրահամ եւ արեւահամ. «Պետք է փաստեմ, որ իսկապես ուրախալի է նման փառատոնի անցկացումը, քանի որ գաղտնիք չէ, որ Սայաթ-Նովան պատկանում է ոչ միայն հայ, այլեւ վրաց ժողովրդին: Աշուղական արվեստը տարածում ունի Վրաստանում: Նա աշուղական պոեզիայի հիմնադիրն է: Եթե մենք Սայաթ-Նովայի նման սիրենք միմյանց, ապա մեր հարաբերությունները միշտ կլինեն շատ բարի եւ լավ»:

ՀՀ մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Արտաշես Առաքելյանն էլ փաստեց, որ Սայաթ-Նովան իր ստեղծագործական գործունեությամբ եւ մարդկային արժեքներով մշտապես առանձնացել է: Նման փառատոները, ըստ Արտաշես Առաքելյանի, Հայաստանը եւ Վրաստանին կապող կամուրջներ են: 

Վիլհելմ Հուգոն իր հերթին նշեց, որ իրենց կազմակերպության գործառույթները կապված են Հարավային Կովկասի 3 պետությունների՝ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ, ուստի փառատոնի առաջարկն ու գաղափարը գրավել են իրենց ուշադրությունը: Ըստ այդմ՝ ընկերությունը փառատոնին ֆինանսական աջակցություն է ցուցաբերելու: 

Այսպիսով՝ երեք օր շարունակ հայ եւ վրացի հանդիսատեսը կվայելի ոչ միայն Սայաթ-Նովայի, այլեւ Շերամի եւ Ջիվանու երգերը: