Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Հարություն Ծատրյանի
Տեղադրվել է 18-06-2017
Դավիթ Մինասյան. «Ամենաթանկ գնահատականն արդեն ապաքինված հիվանդի օրհնանքն է»
Eritasard.am-ը ներկայացնում է հարցազրույց «Գյումրի» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի ինտերվենցիոն (ինվազիվ) սրտաբան Դավիթ Մինասյանի հետ, ով ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացված «Երիտասարդ 2016» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է տարվա լավագույն երիտասարդ բժշկի կոչմանը:

Մեկ տարվա ընթացքում երիտասարդ սրտաբանն իրականացրել է ավելի քան 300 ստենտավորում: Սակայն ուշագրավ է հատկապես 2016 թվականին նրա կողմից (ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրեն, վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, ռեանիմատոլոգ Արմեն Խաչատրյանի եւ անոթաբան Սուրեն Թոսունյանի մասնակցությամբ) իրականացված թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայով հիվանդի վիրահատությունը (մուտք դեպի թոքային զարկերակ եւ թրոմբոլիզիսի իրականացում), որը բացառիկ էր Հայաստանում: 

Դավիթ Մինասյանը 2003 թ.-ին ընդունվել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան: 2009-2012 թվականներին հետբուհական կրթությունը շարունակել է  կլինօրդինատուրայում: 2012 թ.-ին զորակոչվել է ԶՈՒ՝ ծառայության անցնելով ԱՀ ՊԲ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում: Զինվորական ծառայության ավարտից հետո աշխատանքի է անցել  «Էրեբունի» ԲԿ-ում, 2016 թ.-ի մարտից տեղափոխվել «Գյումրի» բժշկական կենտրոն: 

- Բժի՛շկ, շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ եւ խնդրում պատմել Ձեր տպավորությունների մասին: 

- Շնորհակալություն: Երիտասարդ մասնագետներին խրախուսելը ողջունելի նախաձեռնություն է, եւ դրա անհրաժեշտությունն իսկապես կար: Սովորաբար բոլոր ոլորտների լավագույններն արդեն կայացած մասնագետներն են, ովքեր երկար ճանապարհ են անցել, մեծ վաստակ, փորձառություն ունեն ու, անխոս, արժանի են լավագույնի կոչմանը: Բոլորս ենք պարտավոր գնահատել նրանց: Միեւնույն ժամանակ գրեթե բոլոր ասպարեզներում մենք ունենք նաեւ տաղանդավոր երիտասարդներ, ովքեր եւս խրախուսվելու կարիք ունեն: Գնահատված լինելն ամենակարեւոր խթանն է հետագայում եւս նվիրումով աշխատելու, կատարելագործվելու եւ ավագ սերնդին արժանի փոխարինողներ լինելու համար: Հատկապես այդ առումով կարեւորում եմ մրցույթի դերը: 

- Մեր ընթերցողին, անշուշտ, կհետաքրքրի, թե ինչպիսի ընտանիքում է մեծացել տարվա լավագույն երիտասարդ սրտաբանը…

- Իմ ընտանիքում, անգամ հարազատների շրջանում բժիշկներ չեն եղել: Հայրս տնտեսագետ է, մայրս մանկավարժ էր: Բժիշկ դառնալու ցանկությունը դպրոցական տարիներին է  ձեւավորվել: Ինձ հետաքրքրում էին հատկապես առաջին բժշկական օգնության կանոնները: Առհասարակ, մարդկանց օգնության հասնելու կարողությունն ինձ համար միշտ կարեւոր է եղել: 
Հայրս ինձ տեսնում էր միանգամայն այլ՝ կառավարման ոլորտում, սակայն ես իմ ընտրությունն արդեն կատարել էի եւ ընդունվեցի ԵՊԲՀ: 



- Ինչպե՞ս ընտրեցիք սրտաբանի մասնագիտությունը:

- Կլինօրդինատուրա ընդունվելուց առաջ նեղ մասնագիտության ընտրության ուղղությամբ երկար եմ մտածել: Ի սկզբանե ցանկանում էի ընտրել սրտային վիրաբույժի մասնագիտությունը, սակայն, ի վերջո, ինտերվենցիոն սրտաբանությունն ընտրեցի: 
Այն համեմատաբար նոր մասնագիտություն է. աշխարհում ընդամենը 30 տարվա պատմություն ունի, իսկ Հայաստանում սկսել է զարգացում ապրել 1990-ականների վերջերից միայն: 

…Բուն միջամտությունից առաջ իրականացվում է  կորոնարոգրաֆիա (հատուկ կաթետերով իրականացվում է մուտք՝  հասնելով սիրտը սնուցող անոթներին), որի ընթացքում հետազոտվում են սիրտը սնուցող անոթները, դրանց ախտահարվածության աստիճանը: Ապա անհրաժեշտության դեպքում ստենտավորում իրականացնելու կամ հիվանդին բաց վիրահատության ուղեգրելու որոշում է կայացվում: 

Ստենտավորումը ցուցված է ինչպես սուր դեպքերում, այնպես էլ կանխարգելիչ նպատակով: 

…Ինչպես արդեն նշեցի, ինտերվենցիոն սրտաբանությունը բավականին երիտասարդ մասնագիտություն է, սակայն Հայաստանում ունենք բարձրակարգ բժիշկներ, ովքեր մասնագիտական հմտություններով չեն զիջում արտասահմանյան գործընկերներին: 

- Մեկ տարվա կտրվածքով շուրջ 300 հիվանդի ստենտավորում եք իրականացրել, սակայն խնդրում եմ ներկայացնել թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայով հիվանդի բացառիկ վիրահատության մանրամասները: 

- Մեր հիվանդը 75 տարեկան էր՝ թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա ախտորոշմամբ: Վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: Սովորաբար նմանաբնույթ իրավիճակում մահացության աստիճանը բարձր է լինում, հատկապես եթե հաշվի առնենք հիվանդի տարիքը եւ առողջական վիճակի բացասական դինամիկան: 

Հիվանդի վիճակը գնահատելու նպատակով կոնսիլիում հրավիրվեց: Երկար մասնագիտական քննարկումներից հետո նման միջամտության գաղափարը հուշեց անոթաբան Սուրեն Թոսունյանը, ով արտասահմանում ականատես էր եղել նմանատիպ փորձի: Տեխնիկապես բոլոր հնարավորություններն ունեինք միջամտությունն իրականացնելու համար, եւ մենք որոշում կայացրինք. ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրեն, վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, ռեանիմատոլոգ Արմեն Խաչատրյանիեւ անոթաբան Սուրեն Թոսունյանի մասնակցությամբ նախ անգիոգրաֆիայի միջոցով հետազոտեցինք թոքային զարկերակները, հայտնաբերեցինք խցանված հատվածը եւ թրոմբոլիզիս (Catheter-directed Thrombolysis) իրականացրինք: 

Անկեղծ ասած, լուրջ  ակնկալիքներ չունեինք. նմանատիպ միջամտության  նախկին փորձի բացակայությունը եւ հատկապես հիվանդի ծայրահեղ ծանր վիճակը մեծ լավատեսություն չէին ներշնչում, սակայն հաջորդ օրն իսկ դրական տեղաշարժ արձանագրեցինք: Փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, եւ հիվանդն ապաքինվեց: Մենք ունեցանք հաջողված փորձ, որը մինչ այդ Հայաստանում  նկարագրված չէր: 

- Հետագայում փորձը կրկնվե՞լ է: 

- Ո՛չ, դա միակն է եղել: Նման միջամտությունը միայն առանձին դեպքերում է ցուցված: Այս ժամանակահատվածում համապատասխան հիվանդ չենք ունեցել: 

- Ինչպիսի՞ն էին արձագանքները:

- Կարելի է ասել՝ գրեթե չի խոսվել միջամտության մասին, չի լուսաբանվել: Արդյունքները ներկայացվել են ՀՀ առողջապահության նախարարին, եղել է հանդիպում նախարարի հետ: Գործընկերների արձագանքները դրական են եղել: 



- Հիշո՞ւմ եք Ձեր առաջին վիրահատությունը…

- Դժվարությամբ եմ հիշում, քանի որ լարվածությունը մեծ է եղել, պատասխանատվությունը, զգացողությունները՝ կրկնապատկված: Պետք է նշեմ, սակայն, որ ի սկզբանե կարողացել եմ էքստրեմալ պայմաններում սառնասիրտ լինել: Դրան նպաստել է նաեւ կլինօրդինատուրայի տարիներին  շտապօգնության կայանում աշխատելը ( 2011-2012 թթ.): Դա բժշկության էքստերմալ տեսակ է ոչ միայն մասնագիտական առումով. բժիշկն ուղեւորվում է դեպքի վայր՝ չիմանալով, թե ինչ է իրեն սպասվում, սակայն պարտավոր է չկորցնել ինքնատիրապետումը: 

Յուրաքանչյուր իրավիճակում բժիշկը պարտավոր է սառնասիրտ լինել, որպեսզի կարողանա հաջողության հասնել: Իսկ ժամանակն ու փորձը կոփում են… 

- Բժի՛շկ, ի՞նչ եք զգում վիրահատարան մտնելուց առաջ… Որքան էլ սառնասիրտ լինեք, վիրահատությունից առաջ բժշկի զգացողություններն ու ապրումները երեւի սովորական չեն դառնում… 

- Նախ մեծ սիրով եմ կատարում աշխատանքս, մեծ հետաքրքրությամբ եւ իհարկե ամեն անգամ այս մտքով. «Տա Աստված՝ ամեն ինչ բարեհաջող ընթանա»: 

Մեծագույն պատասխանատվություն է՝ անել առավելագույնը հիվանդին փրկելու, նրա կյանքը բարելավելու համար:  Յուրաքանչյուր հաջողված միջամտություն բավարարվածության լիարժեք զգացողություն է բերում:

- Իսկ հակառակ դեպքո՞ւմ… Ցավոք, լինում է նաեւ հակառակը…

- Ցավոք, չի կարող չլինել… Չափազանց ծանր, դժվար ապրումներ են: Հիվանդի մահը մեծ կորուստ է բժշկի համար: Իհարկե, բոլորն աշխատում են դա ցույց չտալ, սառնասիրտ երեւալ, սակայն այնքան ծանր են այդ ապրումները, որ անգամ դժվար է նկարագրել: Լինում են վայրկյաններ, երբ անգամ մտածում ես, որ պետք է այլ մասնագիտություն ընտրած լինեիր… Սակայն գիտակցում ես, որ, ցավոք, երբեմն այդպիսի ելքն անխուսափելի է: 

- Ե՞րբ եք Ձեզ լիարժեք գնահատված զգում: 

- Երբ հիվանդն «իր ոտքով» գալիս եւ շնորհակալություն է հայտնում: Ամենաթանկ գնահատականն արդեն ապաքինված  հիվանդի օրհնանքն է: