Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 19-06-2017
Ընթերցանության գաղտնիքները
Օքսֆորդի համալսարանի գիտնականները պնդում են, որ ընթերցանությունը ոչ միայն բարելավում է մտավոր կարողությունները, այլեւ դրական ազդեցություն է գործում ֆիզիկական եւ հոգեկան առողջության վրա: Թե ինչպես է ընթերցանությունն ազդում մեր հոգեկան առողջության վրա, փորձեցինք պարզել հոգեբան Հասմիկ Հակոբյանի հետ զրույցում:

- Ընթերցանությունը հոգեբանական ինչպիսի՞ ազդեցություն է ունենում մեզ վրա:

- Այսօր արդեն ապացուցված է, որ ընթերցանությունը հոգեբանական ազդեցություն թողնում է եւ այն էլ տարբեր չափանիշներով: Ընթերցանության ժամանակ մեր ուղեղը բառերն ընկալում է որպես նշանային, սիմվոլային համակարգ  եւ համապատասխան հոգեվիճակներ է ստեղծում: Այն առաջնահերթ նպաստում է անձի էմպաթիայի (ապրումակցման) զարգացմանը, քանզի մենք հաճախ նաեւ նույնականում ենք գրքի հերոսների հետ, վերապրում նրանց հույզերը: Իզուր չէ, որ անձի կայացման գործում ընթերցանությունը մեծ դեր ունի, եւ հատկապես պետք է ուշադիր գտնվել դեռահասության փուլում գտնվող պատանիների նկատմամբ, ովքեր, նմանակելով իրենց սիրելի հերոսներին, ցուցաբերում են համապատասխան վարք: 

- Կարելի է արդյո՞ք ընթերցանության շնորհիվ դուրս գալ սթրեսից կամ դեպրեսիայից:

- Ընթերցանությունը մի աշխարհ է, որը դուրս  է իրականությունից եւ միեւնույն ժամանակ նույնքան էլ իրական է: Այն ցանկալի եւ գողտրիկ անկյուն կարող է լինել, որտեղ մենք  գտնվում ենք մեր իսկ ստեղծած աշխարհում, որտեղ հերոսները կամ կյանքը գունեղ են, պայքարող ոգով, կամ պարզապես ֆանտաստիկա է, որտեղ ամեն ինչ հնարավոր է իրականացնել: Այս պարագայում անգամ մի քանի րոպե կենտրոնացած ընթերցանությունը կարող է մեզ կտրել հոգսաշատ կամ ծանր առօրյայից, հատկապես եթե ընթերցելիս մեզ մոտ ի հայտ են գալիս դրական էմոցիաներ կամ ծիծաղ, ինչը միանշանակ կարող է նպաստել անձի՝ սթրեսից դուրս գալուն: 

- Իսկ ճիշտ է արդյո՞ք, որ վեց րոպե ընթերցանությունը կարող է երկու երրորդով նվազեցնել սթրեսի մակարդակը: 

- Հոգեբանության մեջ կա նաեւ բիբլոթերապիա կամ թերապիա համապատասխան գրականությամբ: Այսինքն՝ դա ուղղորդված եւ նպատակուղղված ընթերցանությունն է, որը հետագայում քննարկվում է այցելուի հետ: Հաճախ այցելուին տրվում է համապատասխան գրականություն՝ կախված հոգեվիճակից  եւ խնդրից: Վեց րոպեն այն ժամանակահատվածն է, երբ թուլանում են մկանները, եւ կանոնակարգվում է սրտի աշխատանքը. այս պարագայում ընդամենը վեց րոպեում նպատակուղղված եւ կենտրոնացած ընթերցանության շնորհիվ կարելի է նվազեցնել սթրեսի մակարդակը:

- Որքանո՞վ է ընթերցանությունն ազդում մարդու երեւակայության վրա: 

- Բնականաբար այն առաջնահերթ զարգացնում է երեւակայությունը, քանի որ ընթերցանության ժամանակ, ինչպես նշեցինք, ուղեղը կոդավորում է ինֆորմացիան եւ զուգահեռ ստեղծում է այն կերպարները կամ իրադարձությունները, որոնց մասին կարդում է: Այսինքն՝ մեր ուղեղն ինքն է ստանում ցանկալի կերպարներ, այնինչ հեռուստատեսությամբ կամ համակարգչի էկրանից մենք արդեն պատրաստի կադրեր ենք տեսնում:

- Ինչպիսի՞ գրքեր պետք է կարդան մարդիկ:

- Գրքերի ընտրությունը հիմնականում արտացոլում են նաեւ մեր խառնվածքը, նախասիրությունները կամ ուղղակի մասնագիտական կողմնորոշվածությունը:

Եթե մենք ուղղակի ցանկանում ենք ունենալ հանգիստ եւ ներդաշնակ զարգացում, ապա դասական գրողների գեղարվեստական ստեղծագործությունները համեմված են ներդաշնակությամբ եւ կատարելությամբ, ինչը, բնականաբար, հուզական, գեղագիտական-ճաշակի զարգացման առումով լավ է անդրադառնում: Այն գրականությունը, որն առավել գիտական է, ուղեղին տալիս է նորը ճանաչելու եւ ուրույն փորձով բացահայտելու հրահանգ, ինչը, անկասկած, ավելի արագ է  նպաստում մեր բանականության զարգացմանը: Եթե ցանկանում եք հաղթահարել խնդիրներ կամ ճգնաժամ, բնականաբար պետք է ընտրել այնպիսի գրականություն, որտեղ հեղինակը (եթե ինքնակենսագրական է) կամ նրա գրքի հերոսները մարտնչող են եւ ունեն կյանքում արժեքներ, որոնց համար պայքարում են. դա բնականաբար մոբիլիզացնում է անձի պահեստային ուժերը: Ամենակարեւորն այն է, որ ինչ էլ որ կարդաք, աշխատե՛ք հնարավորինս ընկղմվել այդ աշխարհում եւ հաճույք ստանալ ընթերցանությունից:

- Ի՞նչ կասեք հեքիաթների մասին, ինչպիսի՞ ազդեցություն են դրանք ունենում երեխաների վրա:

- Հեքիաթներն առաջնահերթ ձեւավորում են մեր աշխարհայացքը: Դեռ մանկուց շփվելով գրքի կամ հեքիաթի հերոսների հետ՝ ձեւավորվում են բնավորություն, կամք, ինքնադաստիարակություն, եւ մենք հաճախ հենց այդ տարիքից մեզ համար առանձնացնում ենք իդեալներ եւ հետագայում անգամ այդ մոդելի համաձայն ուղղորդվում: Ես կողմ եմ, որ հայ մանուկները, բացի արտասահմանյան գրականությունից, կարդան նաեւ հայկական գրականություն, քանի որ այդ կերպ ազգային մենթալիտետն առավել վառ է արտահայտվում, ինչը հետագայում երեխային կօգնի, որ ավելի լավ ճանաչի իր ազգակիցներին, հասկանա իրեն եւ իր շրջապատին: Ավելի լայն աշխարհայացքի ձեւավորման համար Անդերսոն, Գրիմ եղբայրներ, Պուշկին, Էքզյուպերի հեղինակներն անփոխարինելի են, սակայն որպես հայ մեր ինքնության խորհուրդն առավել վառ կերպարներով հերոսներ ներկայացնում են Աղայանի եւ Թումանյանի հեքիաթները:

- Կնշե՞ք այն հեղինակների անունները, որոնց գրքերը  հանձնարարում եք Ձեր այցելուներին:

- Իհարկե: Գրականությունն անհատական իրողություն է, եւ  յուրաքանչյուր այցելու իր նախընտրելի հեղինակն ունի: Պետք է ասել, որ հասուն այցելուների հետ բիբլիոթերապիան մի փոքր ավելի ազատ գործընթաց է, եւ այն ուղղորդվում է ոչ միայն ըստ բնավորության, այլեւ ըստ այցելուի խնդրի: Հիմնականում բիբլիոթերապիայի մեջ ընտրվում է գեշտալտ, էքզիստենցիալ ուղղությունը, որտեղ Ի. Յալոմի, Պերլզի ներդրումն անգնահատելի է: