Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Միլենա Մկրտչյանի
Տեղադրվել է 19-06-2017
Երեւանցիները համտեսեցին բանանի մոլեկուլյար գինի
Ինչո՞ւ հենց բանանի գինի: Ինչպե՞ս երիտասարդ արտադրողի մոտ ծնվեց յուրօրինակ գինիների շարք ունենալու գաղափարը: Ապագայում ի՞նչ նոր գինիների տեսակներով է հարստանալու գինեգործության մշակույթը… Գինու սիրահարներին (եւ ոչ միայն) հետաքրքրող այս եւ մի շարք այլ հարցերի պատասխանները ներկայացնում է Eritasard.am-ը:



Հայաստանում արտադրվում են մոլեկուլյար գինիներ, որոնք նորություն են ոչ միայն հայաստանցիների համար: Այդ գինիները, որոնք նախատեսված չեն մեծածախ վաճառքի համար, յուրահատուկ են նաեւ նրանով, որ չեն պարունակում թույլատրված կոնսերվանտներ եւ սուլֆատներ, չեն անցնում քիմիական ֆիլտրացում, տերմո ֆիլտրացում: Այդպիսի արտադրանքի կարելի է հանդիպել միայն Պորտուգալիայում՝ սահմանափակ քանակությամբ, քանի որ մեծ ֆինանսական ծախսեր է ենթադրում: Կան որոշ նմանություններ ֆրանսիական վայրի գինու հետ: Այս նախաձեռնությունը մասնագիտությամբ դիվանագետ Գագիկ Թամազյանինն է:



Ըստ արտադրողի՝ իրենք նախ ընտրում են հումքը, հետո մոլեկուլյար աստիճանով փորձում են դարձնել այն իդենտիկ խաղողի մոլեկուլյար աստիճանի: Չեն փոխում միայն համը եւ հոտային հատկանիշները: Արտադրության գաղափարախոսության հիմքում ընկած է ալքիմիկական գաղափարախոսությունը. «Կվինտ էսսենցիա». գեղեցիկի վերափոխումը՝ էվոլյուցիան, որին մասնակցում է մարդը: 

Հունիսի 16-ին երեւանյան սրճարաններից մեկում առաջին անգամ գինեսերները հնարավորություն ստացան համտեսելու բանանի մոլեկուլյար գինին: Տպավորությունները տարբեր էին՝ կախված յուրաքանչյուրի համային նախասիրություններից, սակայն կային կարծիքներ, որոնք գերակշռում էին: Օրինակ՝ գրեթե բոլոր համտեսողները կարծում էին, որ բանանի արտասովոր գինին պետք է լիներ սպիտակ գույնի եւ ոչ թափանցիկ, ինչպես նաեւ պետք է շատ քաղցր համ ունենար: Սակայն դա ամենեւին էլ այդպես չէր. գինին թափանցիկ էր, չոր՝ համեմված նուրբ բանանի բույրով:



Բանանից հետո նախատեսվում են վարդի, նարնջի եւ այլ գինիներ պատրաստում: Սակայն արտադրանքի գործարանային նշանը խատուտիկն է: Դա թերեւս պայմանավորված է մի հանգամանքով. առաջինը խատուտիկի գինին էր, որից հետո էլ ծնվեց մոլեկուլյար գինիների շարք ունենալու մտահղացումը:

«Խատուտիկի գինին համեմատաբար շատ ավելի քաղցր համ ունի: Կարդալով Ռեյ Բրեդբերի «Խատուտիկի գինի» գիրքը, որտեղ գինին ներկայացված է որպես գաղափար՝ գեղեցկության, սիրո խորհրդանիշ, բայց՝ ոչ որպես խմիչք, որոշեցի փնտրել եւ գտնել այն: Բայց տեսնելով, որ ապարդյուն է, ձեռնամուխ եղանք այն արտադրելուն: «Փակված ամառ շշի մեջ». ահա այդպիսի մի բնութագրում»,- պատմում է Գագիկ Թամազյանը:



Հ.Գ.: Այսօր խատուտիկի գինին վաճառվում է մի քանի գինետներում: Բանանի գինին դեռ չկա շուկայում, քանի որ փորձնական փուլում է: