Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 19-06-2017
13-րդ խաչատրյանական մրցույթի ժյուրին`միջազգային ստուգատեսի ու Հայաստան կատարած այցի մասին
Հատեց եզրագիծը եւս մեկ խաչատրյանական մրցույթ: Համաշխարհային դասական Արամ Խաչատրյանի անունը կրող ստուգատեսն այս տարի առաջին անգամ անցկացվեց վոկալ անվանակարգում ու մեր երկրում համախմբեց վոկալիստների` ԱՄՆ-ից մինչեւ Ռուսաստան, Միացյալ Թագավորությունից մինչեւ Ղազախստան:

Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթն ինքնատիպ էր նաեւ իր ժյուրիի կազմով: Օպերային երգչուհուց մինչեւ երաժշտական քննադատ, երաժշտական մենեջերից մինչեւ դիրիժոր. վոկալ մասնագիտությամբ անցկացված մրցույթի ժյուրիի անդամները ոլորտի առաջատարներ էին, մարդիկ, ովքեր ոչ միայն դատեցին մրցույթի մասնակիցներին, այլեւ կիսվեցին նրանց հետ իրենց փորձով ու համագործակցության բացառիկ հնարավորություն ընձեռեցին նրանցից մի քանիսին: Eritasard.am-ը միջազգային ստուգատեսի մասին զրուցել է տարբեր երկրներից Հայաստան ժամանած խաչատրյանական մրցույթի ժյուրիի անդամների հետ:


Մարկ Հիլդրյու



Մարկ Հիլդրյուն «Ասկոնաս Հոլթ»-ի կառավարման ավագ անդամ է, ինչպես նաեւ Անջելա Գեորգիուի, Էլինա Գարանչայի, Դմիտրի Խվորոստովսկու, Տուգան Սոխիեւի, Յունդի Լիի եւ Սերգեյ Խաչատրյանի անձնական մենեջերն է:

Հիլդրյուն փաստում է` յուրահատուկ էր լսել, թե ինչպես են մասնակիցները ներկայացնում Կոմիտասի ու հայ կոմպոզիտորների գործեր: 

«Տխուր է, որ մրցույթն ավարտվել է, մենք 9 օր այստեղ էինք եւ հիասքանչ ժամանակ ենք անցկացրել: Շատ լավ մասնակիցներ ունեինք, եւ ի վերջո ժյուրիի անդամներով եկանք համատեղ որոշման»,- նշում է նա: 

Ի դեպ, առաջին անգամ չէ, որ Հիլդրյուն Հայաստանում է: Հետաքրքրական է, որ «Ասկոնաս Հոլթ»-ի շրջանակում նա աշխատում է նաեւ բազում հայ արտիստների, այդ թվում` Սերգեյ Խաչատրյանի հետ: 

«Ասկոնաս Հոլթ»-ի կառավարման ավագ անդամը մեզ հետ զրույցում նշում է, որ Սերգեյ Խաչատրյանը հիասքանչ ջութակահար է, եւ երբ առաջին անգամ լսել է հայ երաժշտին, շատ տպավորված է եղել նրա կատարողական տաղանդով: 


Ջորջ Պարոդի



«New York Daily News»-ի կողմից փառաբանվելով որպես «Ստոկովսկուց հետո ամենաարտահայտիչ դիրիժորական ձեռքերն» ունեցող դիրիժոր՝ Պարոդին համագործակցել է այնպիսի կառույցների հետ, ինչպիսիք են «Կոլոն» թատրոնն Արգենտինայում, Վոլգոգրադի «Ցարիցինյան օպերա» պետական թատրոնը, Մեխիկոյի Encuentros Internacionales de Opera-ն, Տոկիոյի վոկալ արվեստի ակադեմիան, Իսրայելի վոկալ արվեստի միջազգային ինստիտուտը եւ այլն: Պարոդին աշխատել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Իզաբել Լեոնարդը, Տիտո Կապոբիանկոն, Շերիլ Միլնզը եւ Ռուֆուս Ուեյնռայթը:

«Շատ տխուր ենք, որ մրցույթն ավարտվել է: Մենք հրաշալի ժամանակ անցկացրինք այստեղ: Հիասքանչ քաղաք է, հիասքանչ երկիր` հրաշալի մշակույթով: Շատ հետաքրքիր էր լսել այսքան հիասքանչ երգիչների: Մաղթում եմ բոլոր մասնակիցներին հետագա հաջողություններ»,- մեզ հետ զրույցում նշում է Պարոդին` հավելելով, որ տպավորված էր հայ տաղանդներով:

Միջազգային ասպարեզում մեծ համբավ վայելող դիրիժորն առաջին անգամ էր Հայաստանում: Տեղյակ էր, թե ինչպիսի պատմական ու կարեւոր երկիր է գալիս: 

«Ես շատ երկրներում եմ եղել: Ուրախ եմ, որ առաջին անգամ եկել էի Հայաստան: Հայերը սփռված են ամբողջ աշխարհով, եւ ես շատ հայ ընկերներ ունեմ: Հրաշալի էր բացահայտել այս երկիրն ու նրա մշակույթը»,- հավելում է նա: 


Ռիչարդ Ռոձինսկի



1986 թ. Ռոձինսկին միացել է Վեն Քլայբերնի հիմնադրամին՝ որպես նախագահ եւ գործադիր տնօրեն, եւ ղեկավարել է Վեն Քլայբերնի անվան դաշնակահարների միջազգային վեց մրցույթ: 1999 թ. հիմնադրել է Piano Competition for Outstanding Amateurs միջազգային մրցույթը: 2007 թ. մրցույթի գլխավոր մրցանակն անվանակոչվել է Ռոձինսկու պատվին եւ հանձնվում է անժամկետ:

Վերջին քսան տարիների ընթացքում Ռոձինսկին եղել է Երաժշտական մրցույթների միջազգային ֆեդերացիայի խորհրդի անդամ, ընդ որում՝ 9 տարի  ֆեդերացիայի փոխնախագահ: 

Ռոձինսկին առաջին անգամ է Հայաստանում ու խոստովանում է, որ տպավորված է մեր երկրով. «Կազմակերպչական աշխատանքները եւ մասնակիցների պրոֆեսիոնալիզմի մակարդակը բացառիկ էին: Իհարկե, մրցույթն առաջին անգամ էր վոկալ անվանակարգում կազմակերպվում, բայց կազմակերպիչները մեծ փորձառություն ունեին, քանի որ մրցույթն անցկացվել էր նաեւ այլ մասնագիտություններով»: