Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 19-06-2017
Էդուարդ Տեր-Ղազարյան. «Գեղասահքի հետաքրքրությունը հենց բազմազանությունն է»
Էդուարդ Տեր-Ղազարյանն ընդամենը 13 տարեկան է: Գեղասահքով զբաղվում է հինգ տարի:

Տեւական ժամանակ է, ինչ Էդուարդը հանդես է գալիս Հայաստանի գեղասահքի հավաքականում: Ամառը նա անցկացնում է Հայաստանում, մարզվում, շփվում հավաքականի իր ընկերների, մարզչի հետ. «Առաջին անգամ չէ, որ գալիս եմ Հայաստան, սա իմ հերթական այցերից է, տարվա այս շրջանում ես ամառային արձակուրդս անցկացնում եւ մարզվում եմ Հայաստանում»:



Եթե հայկական ընտանիքներում հայրիկները մշտապես դեմ են լինում տղայի մշակութային ուղղության ընտրությանը, ապա Տեր-Ղազարյանների ընտանիքում պատկերը բոլորովին այլ է: Ինչպես մեզ հետ զրույցում ընդգծեց գեղասահորդի մայրը` Սվետան, իրենք ոչ միայն դեմ չեն եղել, այլեւ մշտապես աջակցել են Էդուարդին:

«Ես սիրում եմ գեղասահքը, անչափ շատ եմ սիրում եւ իմ հետագան կապում եմ հենց սպորտի այս ճյուղի հետ»,- ասում է Էդուարդը:



Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցում Էդուարդը մարզվում է ամեն օր, իսկ Ռուսաստան վերադառնալուն պես նա իր մարզումները շարունակում է Պլյուշենկոյի դպրոցում, որտեղ էլ սկսել է ծանոթանալ գեղասահքի նրբություններին:

Է. Տեր-Ղազարյանն իր մարզական հինգ տարիների ընթացքում հանդես է եկել բազում նախագծերում՝ գրավելով մրցույթների լավագույն հորիզոնականները:



Պատանին Պլույշենկոյի հետ նույն բեմում հանդես գալու մեծ ցանկություն ունի, իսկ որպես իր կուռք առանձնացնում է Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած իսպանացի Խավիեր Ֆերնանդեսին:

Խոսելով մասնագիտական հետաքրքրությունների մասին` Էդուարդը նշեց, որ դրանք բազմաթիվ են. «Գեղասահքն ինձ համար ամենահետաքրքիրն է, գրեթե ամեն մարզման ընթացքում ինչ-որ նոր բան ես սովորում, նոր հնարքներ, թռիչքներ եւ այդպես շարունակ: Գեղասահքի հետաքրքրությունը հենց բազմազանությունն է»: 



ՀՀ գեղասահքի հավաքականի անդամ Էդուարդի համար գեղասահքն առաջին տեղում է, նա ոչ միայն ապագան, այլեւ իր ողջ կյանքն է կապում գեղասահքի հետ:

Իր հաջողությունների համար Էդուարդը շնորհակալ է իրեն շրջապատողներին, առաջնահերթ՝ ծնողներին, ովքեր մշտապես աջակցում են իրեն, եւ իհարկե՝ մարզիչներին, որոնց շնորհիվ ծանոթանում է գեղասահքի գաղտնիքներին: