Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 19-06-2017
Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայում փոփոխություններ են կատարվել
Վերջերս ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայում տեղի են ունեցել մի քանի առանցքային փոփոխություններ, որոնց մասին մանրամասն ներկայացվեց այսօր կայացած մամուլի ասուլիսում:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանն իր դիմումի համաձայն հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Պատճառն ընտանեկան խնդիրներն են: Նրան այդ պաշտոնում ժամանակավորապես կփոխարինի Հաբեթնակ Կուրղինյանը:

Փոփոխություններ են տեղի ունեցել նաեւ ֆեդերացիայի վարչարարության կազմում: Արայիկ Բաղդադյանը նշանակվել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար: Ռոբերտ Խաչատրյանը պատասխանատու է ազատ, իսկ Արսեն Բադալյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի համար: Միաժամանակ երկուսն էլ զբաղեցնելու են ֆեդերացիայի փոխնախագահների պաշտոնները: Ակտիվանալու է նաեւ Երեւանի ֆեդերացիան, որի նախագահն է Սամվել Գեւորգյանը:

Բացի նշյալ փոփոխություններից ու մոտակա ժամանակներս սպասվող նոր պաշտոնական կայքից՝ ֆեդերացիայի ներկայացուցիչները խոսեցին վերջին շրջանում մեծ աղմուկ հանած թեմաների մասին: Նախ հերքվեց օլիմպիական արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանի մասնակցությունը վերջերս Մոսկվայում տեղի ունեցած միջադեպին, ապա հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը մեկնաբանեց վերջերս Թբիլիսիի միջազգային մրցաշարի ժամանակ տեղի ունեցած մեկ այլ միջադեպ, որի արդյունքում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը թուրք պաշտոնյայի կողմից ներկայացվեց որպես մրցաշարից որակազրկված՝ մրցագորգը լքելու եւ դեպի երկրպագուների կողմը շարժվելու, սպասվող խոշոր բախումը կանխելու համար:

«Անցած ուրբաթ օրը դիմել ենք Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա՝ նշելով, որ նմանատիպ մոտեցումը օլիմպիական չեմպիոնի հասցեին տհաճ է: Երկրպագուները վրդովվել են հենց այդ օրը տեղի ունեցած մրցավարական անարդարության պատճառով, եւ նման բան կարող է տեղի ունենալ ցանկացած մրցաշարի ընթացքում: Մրցավարները պետք է տեղում լինեն, այնքան ճիշտ կատարեն իրենց աշխատանքը, որ երկրպագուների կողմից նմանօրինակ բան տեղի չունենա»,- ասաց Լեւոն Ջուլֆալակյանը: Այդպիսի քայլերով Հայաստանի ֆեդերացիան հույս ունի, որ մրցավարներն ավելի հետեւողական կլինեն:

Թե՛ ազատ, թե՛ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները մոտ օրերս սկսելու են պատրաստվել Փարիզում օգոստոսին կայանալիք աշխարհի առաջնությանը, որին չի մասնակցի Արսեն Ջուլֆալակյանը: Որոշումն արդեն կայացված է: Թե ովքեր կմասնակցեն այդ ստուգատեսին, այս պահին դեռեւս հայտնի չէ: Լեւոն Ջուլֆալակյանը հորդորեց համբերատար լինել եւ չշտապել կանխատեսումներ անելու առումով: