Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Ռոզա Գրիգորյանի
Տեղադրվել է 19-06-2017
Գիա Կանչելի. «Ուրախ եմ, որ Հայաստանում եմ»
Հունիսի 18-20-ը Հայաստանում անցկացվում է վրացի մեծանուն կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Գիա Կանչելիին նվիրված փառատոն։

Միջոցառումների շրջանակում Երեւանում ներկայացվում են Գիա Կանչելիի ստեղծագործությունները։ Փառատոնի մեկնարկը հունիսի 18-ին տրվեց «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած երեկոյով: Միջոցառման կազմակերպիչ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) հանդես եկավ հայտնի կլարնետահար Յուլիան Միլկիսը (կլարնետ, Կանադա)։ Հունիսի 19-ին էլ կազմակերպվեց մամուլի ասուլիս, որի ընթացքում Գիա Կանչելին ու Սերգեյ Սմբատյանը պատմեցին փառատոնի մասին: 

«Վերջին անգամ 7 տարի առաջ էի Հայաստանում եւ հույս ունեի, որ նորից եմ այցելելու այստեղ: Ուրախ եմ, որ կենդանի եմ եւ այստեղ եմ: Անկեղծ ասած, կարծում եմ, որ սա իմ վերջին այցն է՝ հաշվի առնելով առողջական վիճակս: Բայց երջանիկ կլինեմ, եթե նորից բախտ վիճակվի այցելել այստեղ»,- խոստովանեց Գիա Կանչելին: 

Նա շեշտեց, որ ջերմ հարաբերություններ է ունեցել հայ կոմպոզիտորների հետ, ընկերություն արել Տերտերյանի, Միրզոյանի, Հարությունյանի, Սարյանի, Տեր-Թադեւոսյանի եւ այլ կոմպոզիտորների հետ: Կանչելին երկար տարիներ ստեղծագործել ու հանգստացել է Դիլիջանի կոմպոզիտորների տանը: 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն էլ ընդգծեց, որ իրենց համար մեծ պատիվ է նվագել Կանչելիի գործերը, հատկապես երբ մաեստրոն դահլիճում է: «Շնորհակալ ենք նրան, որ չմերժեց մեզ ու եկավ Հայաստան»,-ասաց Սերգեյ Սմբատյանը:

Նշենք, որ հունիսի 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա կամերային երաժշտության երեկո, որի ժամանակ մենահամերգով հանդես կգան բայանահար Ալեքսանդր Սեւաստյանը եւ կլարնետահար Յուլիան Միլկիսը։ Ծրագրում Գիա Կանչելիի հայտնի մեղեդիներն են՝ գրված թատրոնի եւ կինոյի համար:

Փառատոնը կեզրափակվի հունիսի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, որտեղ Գիա Կանչելիի գործերը հանդիսատեսին կներկայացնեն Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, մենակատար Ալեքսանդր Սեւաստյանը եւ նվագախմբի պղնձափողային կվինտետը։ Ստեղծագործությունները Հայաստանում հնչելու են առաջին անգամ:

Նշենք, որ Գիա Կանչելին հայտնի է ինչպես սիմֆոնիկ, կամերային ստեղծագործություններով, այնպես էլ ֆիլմերի եւ ներկայացումների համար գրած երաժշտությամբ։

Փառատոնը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։