Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 20-06-2017
Աշխարհի լավագույն կինոթատրոնները
Կինոթատրոնն այն վայրն է, որը մշտապես արդիական է ժամադրությունների, ընկերների հետ հանդիպելու եւ պարզապես առօրյայից կտրվելու համար:

Ֆիլմի սիրահարների համար շատ հաճախ կարեւորվում է ոչ միայն բուն ֆիլմը, այլեւ հարմարավետությունը, որպեսզի լիարժեք վայելեն ֆիլմը եւ տպավորվեն: Ստորեւ ներկայացնում ենք կինոթատրոններ, որոնք աշխարհում համարվում են լավագույնները:

«Ciné de Chef», Հարավային Կորեա, Սեուլ



«Ciné de Chef» կինոթատրոնի անվանումը ֆրանսերենից թարգմանվում է որպես ավագ խոհարարի կինոթատրոն: Այս կինոթատրոնի դահլիճներից մեկի նստատեղերը հագեցած են «Hi-fi» եւ «3D» համակարգերով, իսկ մյուս դահլիճը՝ կաշվե բազկաթոռներով եւ բազմոցներով, ինչպես նաեւ գեղեցիկ սեղաններով: Այն նախատեսված է սիրահար զույգերի համար: Կինոթատրոնում տոմսի արժեքի մեջ են մտնում մի շարք ուտեստներ, իսկ մնացյալի համար պետք է առանձին վճարել: 

«4DX», Հարավային Կորեա, Սեուլ



Աշխարհում առաջին «4D» կինոթատրոնը, որը ֆիլմի ցուցադրության ժամանակ կիրառում է ժամանակակից էֆեկտներ՝ բույր, քամի, շարժ եւ այլն: Դա արվում է նրա համար, որպեսզի հանդիսատեսն ամբողջությամբ զգա ֆիլմում խաղացող հերոսների զգացողությունները: Այս կինոթատրոնում արգելված է երեխաների, հղի կանանց, սրտային եւ այլ հիվանդություններով տառապողների մուտքը: 

«TheRajMandir», Հնդկաստան, Ջայպուր



Հնդկաստանի Ջայպուր քաղաքում գտնվող այս կինոթատրոնում ցուցադրվում են ցնցող ֆիլմերի պրեմիերաները: Այս կինոթատրոն այցելելու համար կանայք հագնում են ամենագեղեցիկ եւ թանկարժեք սարիները, իսկ տղամարդիկ՝ վառ եւ արտահայտիչ գույն ունեցող վերնաշապիկներ: Տոմսարկղի դիմաց հերթը պահպանվում է համապատասխանաբար՝ մեկ տղամարդ, մեկ կին սկզբունքով: 

«Prasads», Հնդկաստան, Հայդարաբադ



Հնդկաստանում եւս մեկ կինոթատրոն կա, որը մշտապես գրավում է զբոսաշրջիկների ուշադրությունը, սակայն ոչ թե ֆիլմերի ցուցադրությամբ, այլ շենքի տեսքով: Շենքն առաջին հայացքից նման է սպորտային ակումբի կամ առեւտրի կենտրոնի: Այս կինոթատրոնն ունի ամենամեծ «IMAX 3D» էկրանն աշխարհում (22 x 28 մ): Օրական կինոթատրոնը ստանում է մոտ 1500 զանգ՝ տոմսերը նախապես պատվիրելու համար: Սա այն կինոթատրոնն է, որը երբեք այցելուի պակաս չի ունենում:

«Cine Thisio», Հունաստան, Աթենք



«Cine Thisio» կինոթատրոնը, որը համարվում է ամենահինը Հունաստանում, հիմնադրվել է 1935 թվականին: Այն բաց է լինում ապրիլ ամսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Այն յուրահատուկ է համարվում նաեւ այն առումով, որ մոտ է Ակրոպոլիսին, ինչը հնարավորություն է տալիս վայելելու ոչ միայն ֆիլմը, այլեւ շրջապատի գեղեցկությունը: Կինոթատրոնի այցելության ամենահարմար ժամերը համարվում են երեկոյան ժամերը: 

«Kino International», Գերմանիա, Բեռլին

Բեռլինում գտնվող այս կինոթատրոնը մշտապես հիշեցնում է սոցիալիստական Գերմանիան: Այսօր այս կինոթատրոնում ոչ միայն ֆիլմեր կարելի է դիտել, այլեւ կազմակերպել զանազան միջոցառումներ եւ խնջույքներ: Այն գտնվում է Կարլ Մարքսի պողոտայի վրա, ինչը նշանակում է, որ այդ հատվածի շինությունները ոչ միայն փոփոխման, այլեւ քանդման ենթակա չեն: 


«The Castro Theatre», ԱՄՆ, Սան Ֆրանցիսկո 

«The Castro Theatre» կինոթատրոնը հիմնադրվել է 1922 թվականին: Նրա տեսքն ամբողջականացնում են իսպանական եւ իտալական, արեւելյան ոճի դիզայներական լուծումները: Այն հատկապես գրավում է զբոսաշրջիկների ուշադրությունը, ովքեր անպայման այցելում են այդ կինոթատրոն: 

«Uplink X», Ճապոնիա, Տոկիո



40 տեղ ունեցող այս կինոթատրոնը համարվում է Ճապոնիայի լավագույն եւ յուրահատուկ կինոթատրոններից մեկը: Հիմնական յուրահատկությունն այն է, որ յուրաքանչյուր այցելու ինքը կարող է ընտրել, թե որտեղ է ցանկանում նստել եւ անգամ փոխել իր տեղը՝ տեղափոխելով աթոռը կամ բազկաթոռը: 

«Alamo Drafthouse», ԱՄՆ, Տեխաս



Այս կինոթատրոնը հիմնադրվել է 1997 թվականին: Այստեղ այցելուները կարող են ոչ միայն ֆիլմ դիտել, այլեւ որեւէ ուտեստ պատվիրել: Յուրաքանչյուր այցելու իր պատվերը գրում է սեղանին դրված թղթի վրա, իսկ մատուցողները գալիս եւ վերցնում են այն: Մատուցողները սեւ հագուստով են, որպեսզի չշեղեն եւ չխանգարեն կինոդիտողներին: Սակայն սա դեռ ամենը չէ: Սա միակ կինոթատրոնն է, որտեղ ֆիլմերի ժամանակ չկան գովազդներ, ինչպես նաեւ արգելված է երեխաների մուտքը: 

«Secret Cinema», Մեծ Բրիտանիա, Լոնդոն



Լոնդոնը գնալով առավել հայտնի է դառնում ֆիլմի ցուցադրման յուրահատուկ ձեւաչափով: Այս կինոթատրոնում մարդիկ ոչ միայն պարզապես դիտում են ֆիլմը, այլեւ ամբողջությամբ սուզվում են նրա մեջ: «Secret Cinema»-ում հայտնվելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ պետք է ենթարկվել որոշ կանոնների: Հանդիսատեսը յուրաքանչյուր դրվագի մասնակիցը դառնալու հնարավորություն է ունենում, սակայն թե ինչ տեխնոլոգիաներով է դա արվում, գաղտնիք է: