Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի եւ համացանցից
Տեղադրվել է 21-06-2017
Իզաբել Բայրաքդարյան. աշխարհի լավագույն բեմերը նվաճած հայ երգչուհին
Նրա գեղեցիկ ձայնը բազում համերգասրահներ է գերել, հավաքել հոտնկայս դահլիճներ, արժանացել անվերջ ծափահարությունների: Հայրենիքում նրան սիրում են. սոպրանոյի յուրաքանչյուր այց իսկական նվեր է նրա արվեստը գնահատողների համար:

Լուրջ կենսագրական, հետաքրքիր ու ձեռքբերումներով լի ճանապարհ: Նրա մրցանակների շարքը կարելի է անվերջ թվել, բայց բավական է նշել, որ հիասքանչ երգչուհին չորս տարի շարունակ եղել է «Ջունո» մրցանակակիր «Լավագույն դասական ալբոմ» (վոկալ) անվանակարգում: Փաստ, որով շատերը չեն, որ կարող են հպարտանալ:

Eritasard.am-ի զրուցակիցը կանադահայ երգչուհի, աշխարհահռչակ սոպրանո Իզաբել Բայրաքդարյանն է: 



Կենսաբժիշկ-ճարտարագետ-երգչուհին 

Սոպրանո Իզաբել Բայրաքդարյանն այսօր ցանկալի արտիստ է ամբողջ աշխարհի օպերային թատրոններում եւ համերգասրահներում: 1997 թ.-ին արժանանալով Մետրոպոլիտեն օպերայի ազգային խորհրդի լսումների հաղթողի կոչմանը՝ նույն տարում նա գերազանցությամբ ավարտել է Տորոնտոյի համալսարանը՝ ստանալով կենսաբժիշկ-ճարտարագետի որակավորում: 1999 թ.-ին Բայրաքդարյանը զգալի հաջողություն է գրանցել Չիկագոյում՝ Վիլյամ Բոլքոլմի «Տեսարան կամրջից» ստեղծագործության հիման վրա բեմադրված լիրիկական օպերայի համաշխարհային պրեմիերայի ներկայացման ժամանակ: 2000 թ.-ին երգչուհին արժանացել է Պլասիդո Դոմինգոյի հեղինակավոր «Օպերալիա» մրցույթի առաջին մրցանակին: Համագործակցել է բազմաթիվ հանրահայտ նվագախմբերի ու դիրիժորների հետ: 

«Մատանիների տիրակալը. Երկու ամրոց» եւ այլ նախագծեր

Երգչուհու բազմակողմանիությունն արտացոլվում է նաեւ նրա կատարմամբ «Մատանիների տիրակալը. Երկու ամրոց» ֆիլմի «Գրեմմի» մրցանակակիր եւ Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի սաունդթրեքներում: Բայրաքդարյանը համագործակցել է նաեւ էլեկտրոնային երաժշտության ոլորտի առաջատար «Գրեմմի» մրցանակի առաջադրված «Delerium» խմբի հետ: Իզաբելի ձայնը հնչում է նաեւ BBC-ի թողարկած «Հոլոքոստ» երաժշտական հուշ-ֆիլմում, ինչպես նաեւ «Ջեմինի» մրցանակի առաջադրված «Երկար ճանապարհ դեպի տուն» ֆիլմում, որը ներկայացնում է Իզաբելի այցն իր հայրենիք՝ Հայաստան: 



Անցում դեպի ներկան 

Բայրաքդարյանն այժմ դասավանդում է Սանտա Բարբարայի Կալիֆորնիա համալսարանի (UCSB) վոկալի ֆակուլտետում: Վերջերս երգչուհին Հայաստանում էր. առիթը Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթն էր, որի ժյուրիի անդամներից էր նաեւ հանրահայտ սոպրանոն: 

«Մրցույթը շատ հաջողված էր, կազմակերպչական աշխատանքները ֆանտաստիկ էին: Ինձ հիացրեց մասնակիցների մակարդակը: Շատ զարմացած էի, որ մրցույթին մասնակցելու համար այդքան մարդ էր դիմել: Շատ ուրախ եմ հաղթողների ընտրությամբ»,- մեզ հետ զրույցում նշում է երգչուհին: 

Իզաբել Բայրաքդարյանին հատկապես հիացնում է այն փաստը, որ օտարազգի մասնակիցները կատարեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Երգչուհին նշում է` հայ մասնակիցների համար հայերեն երգելը խնդիր չէ, բայց օտարազգիների համար իսկական մարտահրավեր է:  

«Միշտ հաճելի է լսել նոր տաղանդների: Իհարկե, տպավորիչ է այն տաղանդների թիվը, որ ունենք Հայաստանում»,- փաստում է երգչուհին: 

Ի դեպ, Բայրաքդարյանն իր ելույթով հունիսի 6-ին զարդարեց մրցույթի բացման արարողությունը, ինչն իսկական նվեր էր նրա արվեստը գնահատողների համար: 



Հայաստանն ու Իզաբելը 

«Ամեն անգամ, երբ այստեղ եմ գալիս, իմ կյանքում կախարդանք է տեղի ունենում: Այս անգամ էլ բացառություն չէր. ես նման ժյուրիի անդամ լինելու պատիվ ունեի»,- խոստովանում է աշխարհի բեմերը նվաճած երգչուհին, ում համար Հայաստան գալն իսկական տոն է: Ու հատկանշական է, որ այս այցի ընթացքում Բայրաքդարյանն արժանացավ ՀՀ Սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալին: 

Ամենաէմոցիոնալ «Մայր Լուսո»-ն 

Նախորդ տարի Բայրաքդարյանը հանրությանը ներկայացրեց իր «Մայր Լուսո» ձայնասկավառակը, որը լույս է ընծայել ամերիկյան հանրահայտ «Delos Music» ընկերությունը: Յուրահատուկ պատմություն է թաքնված այդ ալբոմի լույսընծայման հետեւում: Իզաբելի մայրը, ով բացառիկ դեր է ունեցել երգչուհու կյանքում, ծանր հիվանդանում է: Իզաբելն աղոթում է Աստծուն, որ հոգ տանի իր մոր մասին, ինքն էլ փոխարենը նրա մոր մասին կերգի: Եվ այդպիսով ծնվում է «Մայր Լուսո»-ն, որն ամփոփում է Տիրամորը նվիրված մի շարք գեղեցիկ ստեղծագործություններ: 

«Իմ պլաններում մեկ այլ CD կա, այս անգամ` Կոմիտասի ստեղծագործություններով»,- ասում է Իզաբելն ու փաստում, որ հագեցած գրաֆիկ է ունենալու` համերգներ, օպերային դերերգեր, մանկավարժական աշխատանք: 

Իր աշխատանքին նվիրված արտիստն օժտված է յուրահատուկ դրական էներգիայով, որով վարակում է շրջապատող մարդկանց: Ու իր ամեն քայլով ապացուցում` եթե կա տաղանդ, ապա հնարավոր է ամեն ինչ: Նույնիսկ՝ անհնարինը…