Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 21-06-2017
Նշվեց Յոգայի երրորդ միջազգային օրը
Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը 2015 թվականից հունիսի 21-ին նշում է Յոգայի միջազգային օրը: Այս տարի եւս բացառություն չէր:

Յոգայով հետաքրքրվողներն ու մշտապես զբաղվողներն այսօր հավաքվել էին Թումանյանի այգում: Նրանց թվում կային ե՛ւ տղամարդիկ, ե՛ւ կանայք: Յոգայի վարժանքներին մասնակից դարձան նաեւ հղի կանայք, որոնց համար եւս հատուկ վարժանքներ կային: 

Վարժանքների մեկնարկից առաջ մարզիչները մի փոքր պատմեցին յոգայի մասին: Նրանց խոսքով՝ յոգան ոչ միայն վարժանքներից է բաղկացած, այլեւ այն «դիսցիպլինա» է, որը ներդաշնակություն եւ խաղաղություն է հաղորդում մարդու մտքին, մարմնին եւ աշխարհին: 



Յոգայի վարժանքների մեկնարկը տրվեց մարմնի վերին հատվածի հոդերի տաքացումից (պարանոց, ուսեր): 

Վարժանքներն ուղեկցվում էին շարժումներն ամբողջացնող եւ տրամադրող միջավայր ստեղծող երաժշտությամբ:

Նշենք, որ «Յոգա» բառը (դեւանագարի) սանսկրիտից թարգմանաբար ունի բազմաթիվ նշանակություններ։ Այն թարգմանվում է որպես միություն, միավորում, կապ, իմաստ, ներլուծում։ Սակայն հիմնական իմաստներից մեկն է կապ, կապ ներաշխարհի, շրջապատի մարդկանց, այլ կենդանի էակների ու բնության հետ։ Այն գերազանցապես պահպանվել է Հնդկաստանում: